ԿարևորՀասարակություն

Առանձին օրենք գիտության մասին․ ինչո՞ւ գիտական համայնքին չի բավարարում օրենքի նախագիծը

Գիտության մասին առանձին օրենքի անհրաժեշտություն կա, պնդում են գիտնականները։ Նրանց դիտարկմամբ՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխությունները չեն նպաստում համակարգի առողջացմանը, ավելին՝ կարող են լրջորեն վնասել։ Ըստ նախագծի՝ 30 գիտական կազմակերպությունների համակարգումը Ակադեմիայից անցնում է տվյալ գիտահետազոտական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդին։ Ըստ այդմ՝ ստեղծվելու է ութ անդամից բաղկացած խորհուրդ՝ հետեւյալ համամասնությամբ. չորսին առաջադրելու է կազմակերպության գիտական խորհուրդը, երեքին՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը, մեկին՝ Ակադեմիան։ Ըստ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս- քարտուղար Արթուր Իշխանյանի, երկու տարի առաջ մշակված նախագծի տրամաբանությունը գիտական կազմակերպությունների ինքանավարությունը բարձրացնելն է, սակայն չկայացած համակարգերում դեմոկրատիան կարող է խեղաթյուրումների հանգեցնել։

«Գաղտնիք չէ, որ կան իստիտուտներ, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում միջազգային բարձր ստանդարտներին, ինչին մենք ձգտում ենք, առավել ևս, որ մենք գտնվում ենք հիբրիդային պատերազմների փուլում։ Այդ ինստիտուտների դերը բարձրանում է, բայց վատ գործող ինստիտուտներին տալով այդպիսի ինքնավարություն՝ մենք կորցնում ենք նրանց վերահսկելու, փոփոխելու հնարավորությունը»։

Արթուր Իշխանյան

Օրենքի նախագիծը խնդրի լուծում չի հետապնդում։ Կառավարման ձևը փոխում է առանց հիմնավորումների և հետազոտելու՝ կարծում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը։ Նրա խոսքով, անգամ առաջարկած փոփոխության թերի գործող օրինակն աչքի առաջ ունենալով՝ հետևություններ չեն արվում։

«Գաղտնիք չէ, որ Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտը կառավարում է 10 լավագույն մասնագետներից բաղկացած խորհուրդ, բայց, առանց անձնավորելու, որքանո՞վ է արդյունավետ գործում այդ խորհուրդը ինստիտուտի խնդիրները լուծելու համար։ Հետևելով հրապարակային տարբեր քննակումների՝ լավատեսություն չի ներշնչում։ Ինչպե՞ս ենք կազմավորելու 30 արդյունավետ գործող  խորհուրդներ»։

Արամ Ջիվանյան

30 կազմակերպությունների խորհուրդների կազմը համալրելու համար պետք է գտնել  կառավարման համապատասխան հմտություններ ու փորձ ունեցող 240 անդամ։ Օրենքի այս դրույթը խնդրահարույց է, քանի որ բաց է մնում՝ որտեղի՞ց գտնել մասնագետներ, որոնք հանրային հիմունքներով իրենց ժամանակը եւ ջանքերը կներդնեն, որ գիտական կազմակերպության աշխատանքի արդյունավետության բարձրանա։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Մկրտչյանը նկատում է՝ օրենքի նախագծում անգամ բացակայում է ազգային գիտական լաբորատորիայի սահմանումը։   

«Փաստացի ուսումնասիրություն չի կատարվել, թե այլ պետությունները, թեկուզ հետսովետական, որոնք հաղթահարել են ճգնաժամը ու զարգացրել գիտությունը, ինչ քայլեր, ներդրումներ են արել  գիտության մեջ։ Ի՞նչը կարող ենք վերցնել, ինտեգրել մեր միջավայրին, որ ավելի արագ զարգացնենք, առաջ գնանք»։

Մկրտչյանի խոսքով՝ պետությունը գիտության ու գիտնականի առջև խնդիրներ չի դնում։ Քննարկումների անհրաժեշտություն կա, որը կամուրջ կստեղծի գիտնականի և պետության միջև։

Հռիփսիմե Մկրտչյան

Տարբեր լեզուներով խոսելու մասին է վկայում այն, որ հաճախ պետական կառույցներում ստեղծվող ՊՈԱԿ-ներն ու ՈԱԱԿ-ները իրականացնում են  գործառույթներ, որոնք կարող էին պատվիրել փորձառություն և ենթակառուցվածքներ ունեցող գիտական կառույցներին։ «Ինչո՞ւ պետությունը չի պատվիրում գիտնականին»,–ասում է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը։ Նրա խոսքով՝ չկա որևէ հետազոտություն, թե ինչու նույն երկրի ինստիտուտները տարբեր արդյունավետությամբ են գործում։ Սա պետք է լինի մեկնակետը, որը կօգնի հասկանալ՝ խնդիրը կառավարչակա՞ն տիրույթում է, թե՞ ոլորտային։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի գիտական հիմքը խորհրդային է, և մենք պայմանական խորհրդային Զապառոժեցից, որի մեջ լցնում ենք ոչ լավ վառելիք, վարորդը այդքան կրթված չէ, ուղևորներն էլ չգիտեն՝ ուր են գնում,  ասում ենք, ինչո՞ւ «Մերսեդես»-ի արագությամբ չես գնում»։

Լիլիթ Սահակյան
լուս՝ Մեդիա կենտրոնի

Անհրաժեշտ է առանձին օրենք, որտեղ անդրադարձ կլինի, օրինակ, գնումների մասին օրենքին, որի պատճառով հաճախ հետազոտական աշխատանքները կամ հետաձգվում են, կամ խափանվում։ Նաև անդրադարձ կլինի տեխնոլոգիաների փոխակերպման կենտրոնին, որն աշխատում է նոր գիտելիքը առևտրայնացնելու ուղղությամբ։

Քանի որ նախագծում բացակայում է այն կետը, որով գիտական գործունեության համար յուրաքանչյուր տարի նախորդ տարվա համեմատ ոչ պակաս հատկացումներ պետք է լինեն, ըստ գիտնականների, նախագիծը իշխանությանը թույլ է տալիս ոչ միայն չավելացնել գիտության հատկացումը, այլև կրճատումներ անել։ Այս սցենարից խուսափելու համար «Գիտուժ» նախաձեռնությունը պահանջում է օրենքով ամրագրել, որ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները, աստիճանաբար աճեցնելով, 2024 թվականին պետք է հասցնել բյուջեի առնվազն 4%-ին։  

Ցուցադրել ավելի
Back to top button