ԿարևորՀասարակություն

1970-ին հանգստի գոտի, 2021-ին՝ դատարկված ջրամբար․ ինչու՞ է ցամաքել Երևանյան լիճը

Երևանյան լիճ արհեստական ջրամաբարի ջրի ծավալը 4,8 միլիոն մ3  է, բայց ջրամաբարը ցամաքել է։ «Ռադիոլուր»-ը բազմաթիվ զանգեր է ստացել քաղաքացիներից, որոնք խնդրել են պարզել՝ ինչո՞ւ է դատարկվել լիճը։  

Ջրամբարը կառուցվել է Հրազդան գետի հոսքը կանոնավորելու և ջրերը ոռոգման համար օգտագործելու նպատակով։  Ոռոգման ջուրն էլ բաց է թողնվում աջ ափին կառուցված հատակային ջրթողքի միջոցով։  Երևանի քաղաքապետարանից «Ռադիոլուր»-ին հայտնեցին, որ ջրամբարը ժամանակավորապես ցամաքեցվել է, քանի որ հատակային ջրթողքի անցքերը մաքրելու կարիք կար։

 Այն պատվել է տիղմով և թույլ չի տալիս ջրթող իրականացնել։ Քաղաքապետարանից նաև հայտնեցին, որ հատակային ջրթողքի անցքերը չմաքրելու դեպքում ջուրը կարող է բարձրանալ սահմանված մակարդակից վեր և խնդիրներ առաջացնել, իսկ Երևանյան լճի մակերեսը փոքր չէ՝ 0,65 կմ2 է, միջին խորությունը՝ 8մ է, առավելագույն խորությունը՝ 18 մ։ Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ Երևանյան լիճը մաքուր պահելը և նրա աշխատանքն անխափան ապահովելը կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքի և Արարատյան դաշտի ոռոգման համար․

«Առանց ոռոգման ջրի՝ առհասարակ գյուղտնտեսություն ունենալ չենք կարող, որովհետև առանձին ոռոգում Հայաստանի քիչ վայրերում կարող ենք իրականացնել, իսկ լիճն այս պարագայում մեծ նշանակություն ունի»,-ասում է Կարինե Դանիելյանը։

Երևանյան լիճ ջրամբարը կանոնավորում է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Էջմիածնի և Փարաքարի ջրանցքները։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի համար, այսինքն, ինչ-որ առումով կարգավորում է Երևան քաղաքի ջերմաստիճանը, բայց լիճն այսօր չի ծառայում այն նպատակին, որի համար 50 տարի առաջ կառուցվել է․

«Ժամանակին լիճը կառուցվել էր, որպես հանգստի գոտի երևանցիների համար։ Ափերին պիտի հանգստանային, լողային լճում, բայց հետո լիճն այնքան աղտոտվեց, որ այդ գործառույթն այլևս չկատարեց»,-ասում է Կարինե Դանիելյանը։

Բնապահպանը հուսով է, որ լիճը՝ առափնյա տարածքով, հանգստի գոտի դարձնելու ծրագրեր առաջիկայում դեռ կքննարկվեն։ Կա՞ն ջրամբարի հետ կապված զբոսաշրջային ծրագրեր՝ քաղաքապետարանից տեղեկացրին, որ գաղափարներ քննարկվում են, սակայն որևէ հստակ ծրագիր դեռ չկա, լինելու պարագայում կիրազեկեն հանրությանը։ Երևանի քաղաքապետարանից նաև վստահեցրին, որ առաջիկա օրերին Երևանյան լիճ ջրամբարը նորից լցված կլինի ջրով։

Ցուցադրել ավելի
Back to top button