Սփյուռքի ձայնը

Եթե սփյուռքահայ երիտասարդները գալիս են Հայաստան, սա արդեն՝ հայրենասիրություն է․ «Սփյուռքի ձայնը»

Եթե սփյուռքահայ երիտասարդները գալիս են Հայաստան, սա արդեն՝ հայրենասիրություն է, նշում են սփյուռքահայ կամավորներ Թալին Մալյանսը՝ Ֆրանսիայից ու Իրինա Խարաթյանը՝ ԱՄՆ-ից։ Նրանք կամավորության նպատակով եկել են Հայաստան՝ վստահ լինելով, որ հետագայում հաստատվելու են այստեղ:

«Ես վստահ եմ, որ բոլոր այն երիտասարդ սփյուռքահայերը, որոնք որոշում են ինչ-որ ժամանակ, ինչ-որ ժամկետով գալ Հայաստան՝ իսկական հայրենասերներ են։ Մենք մեծ ռիսկի ենք դիմում այդ քայլով, քան որ շատ հնարավոր է, որ այստեղ հայտնվելուց հետո մենք չհավանենք, չկարողանանք ընտելանալ միջավայրին ու բարքերին։ Բայց մենք մեր ծննդավայրում թողնում ենք ամեն ինչ՝ մեր աշխատանքը, բնակարանն ու ընտանիքի անդամներին։ Այսինքն, մենք պետք է շատ սիրենք մեր հայրենինքը, որպեսզի գնանք այդ քայլին»,- ասում է Ֆրանսիայից եկած Թալինը։

Երիտասարդների մոտեցումները հայրենասիրության հարցում տարբեր են մեր շրջապատում, ասում է Իրինան ԱՄՆ-ից։ Նա նշում է, որ հատկապես պատերազմից հետո շատերը սկսեցին խոսել ու տարբեր տեղեկություններ հաղորդել Հայաստանի ու հայության մասին։

«Թեև ծնվել եմ Հայաստանում, սակայն 25 տարվա ընդմիջումից հետո եմ եկել Հայաստան։ Հեռվից ենք սիրել մեր երկիրը, ապրել նրա հոգսերով։ Պետք է խոստովանեմ, որ մինչև վերջերս ես հայերենին այնքան չէի տիրապետում, որքան կուզեի, սակայն այսօր գրքեր ու տարբեր գրականություն եմ ձեռք բերում՝ լեզվի իմացությունս բարելավելու համար»,- խոստովանում է ամերիկյան դպրոցում սովորած Իրինան։

Նա ևս նշում է, որ իր շրջապատում կան այնպիսի հայեր, որոնք պատրաստ են թողնել ամեն բան ու գալ Հայաստան, սակայն ցավով նշում է, որ կա նաև մի խումբ, որոնք որևէ անգամ չեն հետաքրքրվում ոչ Հայաստանով, առավել ևս՝ պատրաստ չեն գալ այստեղ։

Կամավոր աղջիկները Հայաստանում աշխատանք ունեն։ Նրանք եկել են կարճ ժամանակով, սակայն խոստովանում են, որ եթե իրենց մտահղացումներն ու ծրագրերը իրագործվեն՝ ավելի երկար կմնան այստեղ։

«Ես լոգոպեդ եմ, սովորել եմ ամերիկյան բուհում, այսօր Հայաստանում եմ և աշխատում եմ երեխաների հետ։ Մի բան ինձ շատ մտահոգեց, Հայաստանում համապատասխան գրականություն չկա, եթե հնարավորություն ունենամ ՝ կարող եմ թարգմանել ամերիկյան գրականությունից»,- ասում է Իրինան։

Թալինի ծնողները Իրանից են տեղափոխվել Ֆրանսիա։ Նա ապրել է Լիոնում, սակայն մի քանի տարի է ապրում է Փարիզում։ «Հաշվապահ եմ, սակայն Հայաստանում աշխատում եմ մանուկների հետ։ Այստեղ երեխաների հետ հարաբերությունները և մոտեցումները տարբեր են։

Խստությունը շատ է»,- ասում է Թալինը։ Իսկ խիստ իր հետ եղել են նաև ծնողները, արդյունքում «լավ մարդ եմ դարձել, ուրեմն այս մոտեցումը այնքան էլ սխալ չէ»։

Back to top button