ԿարևորՀասարակություն

Սպանություն Սաֆարովի ձեռագրով․ Շուշիի միջադեպի մանրամասներն ու մեսիջները

Արցախում ադրբեջանցու կրակոցից սպանված Մարտիկ Երեմյանն իր գործընկերների հետ վթարավերականգնողական հերթական աշխատանքներն է իրականացրել «Շուշիի տակ» կոչվող տեղանքում, որն Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածք է՝ ասում է Ստեփանակերտի «Ջրմուղ–կոյուղի» ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանն ու մանրամասնում.

«Մեր տարածքում է եղել։ Ստեփանակերտից դեպի Երևան գնացող ասֆալտի ճանապարհի մոտ, որ Շուշիի տակով անցնում է։ Այդ ճանապարհի՝ Շուշիի խաչմերուկից մոտ 600-700 մետր բարձրության վրա է եղել։ Օրը հարյուր հատ մեքենա է անցնում այնտեղով»։

Պողոսյանը զարմանում է հարցից՝ արդյոք տղաների հետ խաղաղապահներ եղե՞լ են․ ասում է՝ կարիքը չեն տեսել, քանի որ տարածքը հայկական վերահսկողության ներքո է, մոտակայքում էլ ռուս խաղաղապահների դիրքերն են։ Ընկերության տնօրենն ասում է՝ այդ տարածքում խողովակների վերանորոգման աշխատանքներն առաջին անգամ չէր, որ իրականացնում էին։

«Այնտեղ մենք ամիսներով աշխատել ենք, ոչ մի անգամ մեզ հետ խաղաղապահներ չեն եղել, որովհետև դա այն ճանապարհն է, որը մերն է և որ մարդիկ ամեն օր գնում-գալիս են։ Ինչքան, որ մենք այնտեղ աշխատել ենք, ոչ մի անգամ խաղաղապահները մեր հետ չեն եղել։ Կան այլ տարածքներ, որտեղ աշխատում ենք, ու կարիքը եղել է, իրենք մեր հետ եկել են»,-ասում է Գագիկ Պողոսյանը։

Ստեփանակերտի «Ջրմուղ–կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյան

Վթարված խողովակաշարը պատերազմից հետո է կառուցվել՝ ասում է Գագիկ Պողոսյանը։ Դրանով ռուս խաղաղապահների դիրքերը խմելու ջրով են ապահովվում։ Մոտ մեկ շաբաթ առաջ վթար է եղել, աշխատակիցներն էլ հատուկ տեխնիկայով գնացել են վթարված խողովակը վերականգնելու՝ պատմում է ջրմուղի տնօրենը։

«Ոչ մի բան չի եղել, չեն վիճել, մերոնք աշխատում էին, ադրբեջանցին մոտեցել է, հարցրել՝ ինչ եք անում, մեր տղաները պատասխանել են․ «Վթար է եղել, վերականգնում ենք», ադրբեջանցին էլ միանգամից զենքը հանել է սկսել մեկ-մեկ խփել»։

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցած դեպքի առիթով Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով, որում ասվում է․

«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքից անցնելով Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք՝ Արցախի Հանրապետության բնակչությանն ահաբեկելու, վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ պահվող հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ»։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան

Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի նախօրեին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի այցելելու օրը, որտեղ վերջինը դարձյալ հանդես է եկել հայատյաց հայտարարություններով և ուժի կիրառման սպառնալիքներով՝ ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած՝ Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումը դատապարտող հայտարարության մեջ։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի կարծիքով՝ արձանագրված միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է։ Գեղամ Ստեփանյանի հայաստանյան գործընկերոջ՝ Արման Թաթոյանի դիտարկմամբ՝ միջադեպը ապացուցում է, որ պետական հովանավորչությամբ ադրբեջանական հայատյացությունն ու թշնամանքի քարոզը ավելի է խորանում։ Արցախի դատախազությունն էլ տարածած հայտարարության մեջ շեշտում է՝ նման վարքագիծը շարունակվելու է, քանի դեռ միջազգային հանրությունն իր լռությամբ ու անգործությամբ քաջալերում և խրախուսում է Ադրբեջանին։

Սա սպանություն է, որի շարժառիթը ատելությունն է՝ ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Նրա դիտարկմամբ՝  էական է ոչ թե այն, թե որտեղ է դեպքը տեղի ունեցել, այլ այն, թե ինչ շարժառիթով։ Միջադեպը Սաֆարովի ձեռագիրն է հիշեցնում։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան

«Այս դեպքը պետք է միանա բոլոր այն դեպքերին, որոնք արդեն քննվում են միջազգային ատյաններում։ Առաջին հերթին խնդիրը ներպետական, հետո նոր միայն միջազգային իրավունքի դաշտում է։ Պետք է անպայման Ադրբեջանում հարուցվի քրեական գործ՝ «սպանություն ատելության շարժառիթով» հոդվածով։ Առաջին հերթին այս խնդրով պետք է զբաղվեն այն մարմինները, այն պետությունները, որոնք ներքաշված են այս կոնֆլիկտի մեջ՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան։ Մենք սա պետք է ներկայացնենք որպես ռասիզմի դրսևորում, բայց դրդապատճառը պետք է պարզի քննությունը»,-ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Այս միջադեպով Ադրբեջանը որոշել է հերթական բեռը վերցնել իր ուսերին՝ ասում է Ղազարյանը և շեշտում՝ հատկանշական է, որ սա արդեն ոչ թե պատերազմական իրավիճակում կատարած հանցագործություն է, այլ հանցագործություն՝  քաղաքացիական բնակչության դեմ ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից ուղիղ մեկ տարի անց։

Ցուցադրել ավելի
Back to top button