ԿարևորՔաղաքական

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ հրադադարի մեկամյակի կապակցությամբ

Արցախում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածության մեկամյակի կապակցությամբ ՌԴ արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է․

«2021 թվականի նոյեմբերի 9-ին լրացավ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Փաշինյանի կողմից Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման, հրադադարի հաստատման մասին հայտարարություն ընդունելու մեկ տարին։ Այս քայլը հնարավորություն տվեց վերջ դնել արյունահեղությանը և մեկնարկ տալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին ։

Այսօր կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրված պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ կյանքի են կոչվում։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ Բաքուն և Երևանը հավատարիմ մնան բոլոր դրույթների հետագա իրականացմանն ու խստորեն պահպանմանը։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը զգալի ներդրում ունի տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։ Մեր ադրբեջանցի և հայ ընկերները դա գնահատում են։

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից վերադարձվել է ընդհանուր առմամբ 122 ռազմագերի և կալանավոր։ Դրանցից 105-ը վերադարձել է Հայաստան, իսկ 17-ը՝ Ադրբեջան, ականապատ դաշտերի քարտեզների 3 փաթեթ փոխանցվել է ադրբեջանական կողմին։

Խաղապահ զորախումբն ակտիվորեն ներգրավված է խաղաղ կյանքի հաստատման գործում: Տարածաշրջան կանոնավոր կերպով մարդասիրական օգնություն է առաքվում, տարածքները մաքրվում են (2020 թվականի նոյեմբերից ստուգվել է 1937 շենք, մաքրվել է 2311,5 հա տարածք և 683 կմ ճանապարհ, հայտնաբերվել է ավելի քան 26 հազար պայթուցիկ առարկա)։ Կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները վերականգնվում են։ Շուրջ  53 հազար փախստականներ ​​վերադարձել են իրենց տները։

Ռուսաստանի ԱԻՆ–ը  2020 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա հունիս տարածաշրջան է առաքել 1581 տոննա մարդասիրական բեռ (էլեկտրակայաններ, ինժեներական և հրշեջ սարքավորումներ, առաջին անհրաժեշտության ապրանքներ) և 800 տոննա շինանյութ։ Աշխատանքներ են տարվել հումանիտար ականազերծման ուղղությամբ։

Շարունակում ենք ջանքեր գործադրել առկա հումանիտար մարտահրավերներն արագ լուծելու համար, ներառյալ բոլոր կալանավորների ազատումը, բոլոր անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, մահացածների մարմինների հանձնումը և ականապատ դաշտերի լիարժեք ճշգրիտ քարտեզների տրամադրումը։ Կարևոր է նաև մշակութային, կրոնական և պատմական ժառանգության օբյեկտների անվտանգության ապահովումը։

Մտադիր ենք մեր գործընկերների հետ հետևողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրները, որոնք ձևակերպված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ: Մենք բարձր ենք գնահատում եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության վարչապետների համատեղ նախագահությամբ։ Մենք ընդգծում ենք փոխադարձ շահերի վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը, ինչը կօգնի բացել Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժը։

Շեշտում ենք հայ–ադրբեջանական պետական սահմանին լարվածությունը նվազեցնելու կարևորությունն ու դրա հետագա սահմանազատմամբ սահմանագծման գործընթացի շուտափույթ գործարկումը։ Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցությունը։

Կարևորում ենք շարունակել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբում, առաջին հերթին՝ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում։ Պահանջված է նաև ԿԽՄԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների ներդրումը։

Պատրաստ ենք նաև ՌԴ մասնակցությամբ աջակցել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հանրության ներկայացուցիչների երկխոսությանը` հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով։ Հանդես ենք գալիս հանուն Հարավային Կովկասի երկրների և նրա հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցման, փոխշահավետ տարածաշրջանային համագործակցության զարգացման»։

Ցուցադրել ավելի
Back to top button