Արմատներ

Պատմություն ճակատագրով թառահարի ու թառի մասին․ «Արմատներ»

Ինչպիսի՞ն է հայկական թառը՝ սկսած արտաքին տեսքից մինչև հուզական կողմը, ի՞նչ տեղ ունի ազգային երաժշտության ասպարեզում, ի՞նչ անել, ինչպե՞ս ներկայացնել, որ թառը ևս նույնչափ ճանաչում և պահանջարկ ունենա, որքան ազգային փողային նվագարանները: Ներկայացնում է մերօրյա լավագույն թառահարներից մեկը՝ Արմեն Եգանյանը:

Ինչո՞ւ հայկական երաժշտական իրականության մեջ որոշ ազգային նվագարաններ այն տարածումը չունեն, որքան օրինակ դուդուկը, ինչո՞ւ աշխարհին հայտնի հայ թառահարների անուններ չկան, ինչո՞ւ մենք չենք կարող օրինակ մեկ ժամ նստել և թառի համերգ լսել, մինչդեռ մեծ հաճույքով կիթառ կարող ենք լսել, ո՞ւմ և ինչո՞վ էր ձեռնտու մեզ հեռացնել երաժշտության այս տեսակից, ինչո՞ւ էր պետք մեզ համոզել, որ մենք արևելքի հետ կապ չունենք, և որ ջութակը կամ կիթառը ավելի ազնիվ նվագարաններ են քան ասենք թառն ու քամանչան, կամ սազը կամ քանոնը, և որ եվրոպական երաժշտություն լսելը ճաշակի և որակի չափանիշ է, իսկ արևելյանը՝ հակառակը, որ Կոմիտասյան երաժշտությունը միայն դասական, այն է եվրոպական նվագարաններով է պետք մատուցել, դասական բելկանտոյով, իսկ արևելյան, ազգային նվագարաններով՝ ոչ, և հետո զարմանում ենք, թե մեր վայ հարևանները վերցնում և մեծագույն հաճույքով իրենցով են անում այն, ինչից մենք այդքան հաճույքով հրաժարվել ենք, փոխանակ հակառակն անելու, մինչդեռ ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է թառի կամ սազի կատարողականությունը զարգացնել, նվագացանկը ընդլայնել և առավել լսելի դարձնել, ստեղծել այնպիսի նվագացանկ, որ հետաքրքիր և լսելի կլինի ոչ միայն այսպես ասած արևելյան երաժշտություն սիրողներին, այլև ունկնդիրների ավելի լայն շրջանակի:

Մեր նախորդ հանդիպմանը զրուցել ենք մերօրյա լավագույն թառահարներից մեկի՝ Արմեն Եգանյանի հետ: Խոսել ենք իր մասին և իհարկե Թառ նվագարանի մասին:

Թե ինչպես եղավ, որ կիթառի դասարան ընդունվել ցանկացող տղան ընդունվեց թառի դասարան, որովհետև բախտի բերմամբ կամ հակառակը, այդ ժամանակ իրենց երաժշտական դպրոցում կիթառի դասարան չկար, փոխարենը կար թառի հրաշալի դասատու:

Արմենին առաջարկվել էր կիթառի նման 2 նվագարան՝ թառ և ուդ, ընտրությունը եղավ թառի օգտին, և այսօր հայ ավանդական երաժշտությունը, մասնավորապես նվագարանային երաժշտությունը ունեցավ Արմեն Եգանյանի նման հրաշալի կատարող, որ նաև սազ նվագարանին է տիրապետում, որովհետև Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլում աշխատելու տարիներին անհրաժեշտաբար սովորել է սազ նվագել, բայց այնուամենայնիվ նրա սրտի նվագարանը եղել և մնացել է թառը, որ ուսանողական տարիներին կատարելագործել է մեր լավագույն վարպետներից մեկի՝ Հովհաննես Դարբինյանի դասարանում, իր համար որպես օրինակ ընդունել է ոչ միայն իր վարպետի, այլև բոլոր ժամանակների մեծ թառահարի՝ Սողոմոն Սեյրանյանի արվեստը և փորձել է իր չափով բացահայտել այս հետաքրքիր նվագարանի հնարավորությունները, որ այսօր սիրով փոխանցում է իր աշակերտներին։

Ցուցադրել ավելի
Back to top button