ԿարևորՔաղաքական

Եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց հայկական կողմի համար կարևոր կետերն իրագործված չեն

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ մեկ տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը։ 9 կետից բաղկացած փաստաթղթով կողմերը  համաձայնեցին ռազմական գործողությունների ամբողջական դադարեցմանը և մի շարք պարտավորություններ ստանձնեցին։

Հայկական կողմը համաձայնեց դուրս գալ Արցախի հարակից շրջաններից՝ սահմանված ժամկետներում։ Նույն փաստաթղթով ամրագրվեց Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի տեղակայումը։ Փաստաթղթի ստորագրումից մեկ տարի անց հայկական կողմի համար կարևոր կետերն  իրագործված չեն։

Հայտարարության այն տեքստը, որն արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և ժողովրդի համար՝ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ֆեյսբուքյան այս գրառմամբ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը տեղեկացրեց  պատերազմը դադարեցնելու շուրջ ձեռք բերված համաձայնության մասին։   

2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները եռակողմ հայտարարությունը ստորագրեցին հեռակա՝ ուղիղ եթերում։

Ավելի ուշ տեսաուղերձով Փաշինյանը հայտարարեց. «Այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ որ, ըստ էության, բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը: Այսինքն պատկերացնո՞ւմ եք, չէ՞, երբ որ բանակն ասում է, որ պետք է կանգնել, որովհետև մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը կամ չի երևում, կամ էդ խնդիրները լուծելու ռեսուրսը սպառված է, կամ այդ խնդիրների չլուծման, կամ այդ խնդիրների գոյության արդյունքում մենք ունենք որոշակի պրոբլեմներ»։

Եռակողմ փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին ռազմական գործողությունների ամբողջական դադարեցմանը՝ ստանձնելով մի շարք պարտավորություններ։ Պատերազմի 44 օրերի ընթացքում կողմերը մի քանի անգամ փորձել էին զինադադարի պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն դրանցից ոչ մեկը չէր իրագործվել։ Ստորագրված փաստաթղթի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հստակեցնելով նաեւ հայտարարության  կետերը։

«Ելնում ենք այն հանգամանքից, որ ձեռք բերված համաձայնություններն անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք կարգավորման համար՝ արդարության հիմքով և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»,-հայտարարեց Պուտինը։

9 կետից բաղկացած փաստաթղթով կողմերը պարտավորվեցին կանգնել իրենց զբաղեցրած դիրքերում։ Հայկական կողմը համաձայնեց դուրս գալ Արցախի հարակից շրջաններից՝ սահմանված ժամկետներում։ Նույն փաստաթղթով կողմերը համաձայնություն ձեռք բերեցին Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի տեղակայման վերաբերյալ։  Այն, ըստ համաձայնության, Արցախում պետք է գտնվի 5 տարի ՝ հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:  

Պատերազմից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին  հանդիպումը 2021-ի հունվարի 11-ին էր։ Հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունը ընդհանուր ձևակերպումներով փոխանցում էր՝ քննարկվել են նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը, տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը, ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերը։

Հանդիպման արդյունքներից, սակայն, ՌԴ նախագահը գոհ էր։

«Այսօր կարելի է բավարարվածությամբ արձանագրել, որ եռակողմ համաձայնագիրը  հետեւողականորեն իրականացվում  է»։

Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց, որ եռակողմ հանդիպման արդյունքում նոր հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հետագա զարգացման համար։ Նրա խոսքով` այն կնպաստի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև տարածաշրջանի զարգացմանը։ Խոսքը փոխվարչապետերի մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին էր, որը պիտի զբաղվեր նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկով  նախատեսված տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով։

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ աշխատանքային խումբն անցած այս տարվա ընթացքում  5-6  հանդիպում է անցկացրել։  Տեսանելի արդյունքներ դեռևս չկան, բայց քննարկումների ընթացքից հայկական կողմը կարծես դժգոհ չէ։

Նույն եռակողմ հայտարարության 8-րդ կետով ամրագրվում էր գերիների,  պահվող անձանց ու զոհվածների դիերի փոխանակման պահանջը։ Ադրբեջանական կողմը մինչև այս պահը  փաստաթղթի այդ կետը չի իրագործել: Դա վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է համարում։

«Ադրբեջանի մեկնաբանությունը, թե ով է ռազմագերի, ով ռազմագերի չէ, ամենևին տեղին չէ, որովհետև հայտարարության մեջ ասվում է՝ «ռազմագերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք»։ Այսինքն՝ գործնականում սեփական կամքին հակառակ պահվող յուրաքանչյուր ոք, ըստ էության, գտնվում է այս հայտարարության այս կետի իրավազորության ներքո»։

Եռակողմ համաձայնագրի տարելիցին ընդառաջ «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցարզույցում Փաշինյանը շետեց, որ չնայած եռակողմ հայտարարությամբ պատերազմը դադարել է, կրակի դադարեցման ռեժիմը չի պահպանվում։ Պատերազմից հետո 2 տասնյակից ավելի զոհ է ունեցել հայկական կողմը ոչ միայն Արցախում, այլ հայ-ադրբեջանական սահմանին՝ բախումների հետևանքով։           

Չի իրականացվել նաև եռակողմ հայտարարության մյուս կետը, որի համաձայն ներքին տեղահանված անձինք և փախստականները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

Փախստականների հարցին անդրադարձել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, երբ հոկտեմբերին Ժնևում խորհրդակցություն էին անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ՝ ընգծելով միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը։ Այդ մասին խոսեց նաեւ Եվրախորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը՝ կրկին հորդորելով Ղարաբաղ մտնելու արդյունավետ ու ճկուն պայմաններ ստեղծել մարդասիրական ու իրավապաշտպան կազմակերպությունների համար, ինչը մինչ այժմ, սակայն տեղի չի ունեցել։

Ցուցադրել ավելի
Back to top button