ԿարևորՏնտեսական

Աշխատավարձ, թոշակ ու վարկ կվճարվեն անկանխիկ․ վիճակագրական ցուցանիշերը ոգևորիչ են

Հայաստանում տարեցտարի ավելանում է անկանխիկ գործարքների ծավալը։ Վիճակագրությունը այնքան  հուսադրող է,  կառավարությունը որոշել է կանխիկ վճարումների համար սահմանափակումներ կիրառել։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը այսօր քննարկվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովում։  

Ինչպե՞ս են հեռավոր գյուղերում տատիկ-պապիկները անկանխիկ եղանակով առևտուր ու գործարք կատարելու, հնարավո՞ր է, որ անասնապահն իր անասունը վաճառի ու գումարը ստանա անկանխիկ եղանակով։ Հարցերի պատասխանը դրական է՝ այո, եթե գումարը 2022-ին գերազանցի 500 հազար, իսկ 2023-ից՝ 300 հազար դրամը։

Կառավարությունն առաջարկում է բոլոր գործարքները՝ կենսաթոշակից մինչև նպաստ, վարկից մինչև առևտուր՝  անկանխիկ եղանակով իրականացնել։ Թոշակն ու նպաստը հունվարի 1-ից քաղաքացիները կստանան անկանխիկ եղանակով։ Բացառություններ կան՝ առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամներն ու 75 տարին լրացած անձինք։

Թե որ բանկից ստանալ՝ մինչև տարեվերջ կարելի է ընտրել։ Իսկ հունվարից բանկը կընտրի համակարգը՝ ինքնաշխատ եղանակով։ Գործադիրում միայն այս փոփոխությամբ չեն բավարարվում․ մի ամբողջ օրենսդրական փաթեթ են մշակել։ Նախագծի համար՝ ըստ կառավարության, հիմքը վիճակագրությունն է։

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը հենց թվային պատկերն է ներկայացնում. «Բանկային համակարգով ունենք թողարկած շուրջ 2.6 մլն քարտ, շուրջ 1600 բանկոմատներ, 16000-ից ավել POS տերմինալներ և շուրջ 3000 վիրտուալ POS տերմինալներ։ 2021-ի առաջին կիսամյակում ունենք արդեն իրականացված շուրջ 33 մլն գործարք: Այսինքն՝ գրեթե կրկնապատկվել են գործարքները։  ֆիզիկական միջավայրում հայկական քարտերով գործարքներն աճում են մոտ 50 տոկոսով, իսկ օնլայն հարթակում՝ շուրջ 300 տոկոսից ավել»:

Հայաստանում, ինչպես և աշխարհում, պայմանավորված  համավարակի  սահմանափակումներով, անկանխիկ գործարքների թիվն ավելացել է։ Այս տարվա առաջին կիսամյակում օնլայն հարթակում շուրջ 300 մլրդ դրամի գործարք է կատարվել՝ միայն քարտերով։ Եվ ահա գործադիրն առաջարկում է հունվարի 1-ից մինչև 500.000 դրամը գերազանցող գործարքը կատարել անկանխիկ։ Մեկ տարվա ընթացքում գումարը կիջնի՝ 2023 թվականի հունվարի 1-ից՝ 500.հազարը կդառնա 300.000 դրամ։ Հիմնական գաղափարը հետևյալն է՝ որևէ տնտեսավարող իրավունք չունի մերժելու անկանխիկ վճարում իրականացնելու հաճախորդի պահանջը՝ ծառայությունների կամ ապրանքի դիմաց՝ ասում է ԿԲ ներկայացուցիչը։

Սահմանափակումներ են դրվում կանխիկով գործառնություններ իրականացնելու դեպքում․ «Ֆիքսել ենք, որ իրավաբանական անձանց միջև կանխիկով գործառնություններ չպետք է լինեն: Այս պահին արդեն կանխիկով գործառնությունները նպատակահարմար չեն «Business to business» հարաբերությունների մեջ՝ իրավաբանական անձանց միջև»:

Վարկեր ու փոխառություններ կառավարությունն առաջարկում է տրամադրել անկանխիկ եղանակով։ Ցանկության դեպքում հաճախորդը կարող է կանխիկացնել գումարը։ Կան որոշակի բացառություններ՝ կապված պետական և տեղական ինքնակառավարման բյուջեներից կատարվող վճարումների մասով։ Դրանք պետք է բացառապես անկանխիկ լինեն, օրինակ՝ կրթաթոշակները, ներկայացուցչական ծախսերը, գործուղման նպատակով ծախսերը:

Աշխատավարձերը պետք է վճարվեն անկանխիկ: Ապահովագրական հատուցումները ևս պետք է բացառապես լինեն անկանխիկ:

«Քաղաքացիական պայմանագրից» Բաբկեն Թունյանը մտահոգություն ունի՝ սեփական փորձով է համոզվել՝ տնտեսվարողները երբեմն դժվարությամբ են անկանխիկ գործարքներ իրականացնում․ «Բոլոր դեպքերում, երբ, օրինակ, առևտրի կետը խուսափուոմ է քարտով առևտուր անելուց, պատճառը միջնորդավճարի չափն է»։ 

Խորհրդարանական ընդդիմությունն էլ  մտահոգություններ ունի․ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը անկանխիկ եղանակով վարկ վերցենլու քայլերի հերթականությունն է թվարկում. «Մարդը, գուցե, ցանկանում է սպառողական վարկ վերցնել, գնալ, կանխիկով ինչ-որ տեղից հեռուստացույց գնել 100 հազար դրամով։ Հիմա մենք ի՞նչ ենք առաջարկում, ասում ենք՝ գնա վարկդ կանխիկացրու, դրա համար վճարի։ Հետո գնա ու հեռուստացույց գնիր»։

ԿԲ-ում առաջարկում են հեռուստացույցը անկանխիկ գնել՝ ստվերի դեմ են այսպես պայքարում։ Վստահեցնում են՝ ռիսկերը հաշվի առել են, մտահոգությունները՝ նույնպես։ Իսկ նախաձեռնության նպատակը անկանխիկ վճարումների համակարգի զարգացումն է։

Ցուցադրել ավելի
Back to top button