ԿարևորՀասարակություն

2022թ․ բյուջեում քովիդի նոր բռնկումների համար հատկացումներ նախատեսված չեն

ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 8-ի համատեղ նիստում քննարկվել են 2022 թվականի բյուջեով նախատեսված առողջապահության ոլորտի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ բնագավառի ֆինանսավորումը 2022-ին կկազմի շուրջ 120 մլրդ դրամ:

Ոլորտին ուղղվող ծախսերն ընթացիկ տարվա համեմատ կավելանան 4.7 տոկոսով: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան․

«Առողջապահության ոլորտում կա մեկ առանձնահատկություն, այն է՝ տարվա ընթացքում պարբերաբար վերանայվել է Առողջապահության նախարարության պետական բյուջեն և տրամադրվել նոր հատկացումներ։ Դա պայմանավորված է այն խնդիրներով, որոնք առաջացել են տարվա ընթացում: 2021 թ. նոյեմբերի 8-ի դրությամբ առողջապահության նախարարության ճշտված բյուջեն 142.2 մլրդ դրամ է, հետևաբար, մենք տարվա ընթացքում արդեն իսկ 27 մլրդ դրամի ավելացում ենք կատարել և դրանից 18 մլրդ-ն ուղիղ կապ ունեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի հետ»։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2022թ-ի առողջապահական ծախսերը ևս վերջնական չեն, ու անհրաժեշտության դեպքում դրանք կփոփոխվեն: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նկատեց, որ  քովիդի ալիքներն ու բռնկումներն անկանխատեսելի են, ուստի, բյուջեում դրանց դեպքում նախատեսվող առանձին հատկացումներ չունենք։

Անահիտ Ավանեսյան–«Մեր մոտեցումն է՝ հնարավորինս խնայել բյուջետային միջոցները։ Երբ ունենում ենք ալիքի նվազում, մենք գնում ենք առողջապահական համակարգի սառեցմանը քովիդի մասով։ Հետո, երբ թվերն ավելանում են, այդ ավելացմանը համընթաց ծավալում ենք մեր ամբողջ ռեսուրսները»։

Անդրադառնալով 2022-ի պետբյուջեի ֆինանսական հատկացումներին՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց՝ եկող տարի իրականացվելու է 13 ծրագիր՝ 50 միջոցառում: Ոլորտի հիմնական խնդիրներից նա առանձնացրեց  հանրապետությունում ուռուցքաբանական ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը։ 2022-ին նախատեսվում է վերանայել ուռուցքաբանական վիրահատությունների գները:

«Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների միջոցառման շրջանակում 2022-ի բյուջեն կկազմի 5 մլրդ դրամ, ինչը 2021-ին եղել է 4 մլրդ 370 մլն դրամ»,- ասաց նախարարը․

«Այս ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին: Մենք պետության հաշվին սկսել ենք իրականացնել ուռուցքաբանական վիրահատական ծառայությունների ողջ ծավալը՝ անկախ շահառուների որևէ խմբին պատկանելու հանգամանքից։ Այս ծրագրի շրջանակում գրանցվել է դիմելիության կտրուկ աճ, ինչը պայմանավորված է բնակչության համար այդ ծառայությունների հասանելիության բարձրացմամբ»:

Անդրադառնալով բժշկական միջամտությունների անհասանելիությանը՝ Ավանեսյանը նշեց, որ բավական ցածր են կանխարգելիչ, սքրինինգային, վաղ հայտնաբերման հետազոտություններից օգտվելու ցուցանիշները: Վիրահատական միջոցառումները հասանելի դարձնելով՝ նախարարի խոսքով, գրանցվել է նաև սքրինինգային ծրագրերին դիմելիության աճ: Նախարարությունն իրականացնելու է նաեւ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության հասանելիությանն ու մատչելիությանը նպաստող ծրագրեր․

«․․․․Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ, միջոցառումներ՝ պայմանավորված նաև պատերազմական գործողություններով, հետպատերազմական իրավիճակով։ Դեղորայքի տրամադրում՝ ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց։ 2022 թվականին նախատեսված է 3 մլրդ 730 մլն, մինչդեռ 2021-ին նախատեսված էր 3 մլրդ 390 մլն դրամ։ Այս ծրագրում աճը ապահովվում է հիմնական դեղերի ցանկի վերանայմամբ, և այս ցանկում ներառվում են նորանոր համակցված պրեպարատներ, որոնց պահանջարկը  քաղաքացիների շրջանում մեծացել է»։

2022 թվականի բյուջեում ներառված են նաև կապիտալ ծախսեր` մարզային առողջապահական կազմակերպությունների շենքային եւ նյութատեխնիկական պայմանների բարելավման նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button