ԿարևորՏնտեսական

Հայաստանում գյուղատնտեսությունը կթվայնացվի․ 50%-ի փոխարեն մշակելի կդառնա հողերի 75%-ը

Հայաստանում վարելահողերի կեսից ավելին՝ շուրջ 51%-ը՝ 223 հազար հեկտար հող, չի օգտագործվում։ Էկոնոմիկայի նախարարությունում նպատակ ունեն մինչև 2027թ այս թիվը կրճատել ու օգտագործելի դարձնել վարելահողերի 75%–ը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սա դժվար, բայց իրականանալի նպատակ է համարում։ Ասում է՝ նախ կարձանագրեն խնդիրները, ապա կգտնեն դրանց լուծումները՝ ըստ ճանապարհային քարտեզի․

«Ընդհանուր առմամբ՝ Արարատի ու Արմավիր մարզերում համեմատաբար ավելի շատ օգտագործվող վարելահողեր կան, քան մյուս մարզերում։ Գեղարքունիքի մարզում կամ Տավուշում, Վայոց Ձորում վարելահողերի օգտագործման քանակը ավելի քիչ է, բայց դա չի նշանակում, որ մյուս մարզերում խնդիրներ չկան։ Հայաստանում չկա մի մարզ, որ այս խնդրին չառնչվի»,-ասում է փոխնախարարը։

Ամենաշատ անմշակ հողերը Վայոց Ձորի մարզում են․ չի օգտագործվում հողերի շուրջ 76%-ը՝ ավելի քան 19 հազար հեկտար հող։ Արման Խոջոյանը խոսում է պատճառների մասին․ ըստ նախարարության ուսումնասիրության՝ առաջին պատճառը փոքր ու կտրտված հողատարածքներն են։ Հայաստանի մշակվող հողատարածքների 82%-ը մինչև 2 հեկտար հողատարածքներն են։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան

«Տնտեսությունների շուրջ 42%-ը այսօր մինչև կես հեկտար հողատարածքներն են, 18%-ը՝ կեսից մինչև 1 հեկտար հողատարածքներն են, և 1-2 հեկտարը՝ արդեն 20%-ը։ Եթե ընդհանրացնենք՝ Հայաստանի հողատարածքների 82%-ը մինչև 2 հեկտար հողատարածքներն են»,-ասում է Խոջոյանը։

Մյուս ամենակարևոր խնդիրը, ըստ փոխնախարարի, ոռոգման անհասանելիությունն է։ Ջրային կոմիտեի տվյալներով՝ վերջին 10 տարում հողատարածքների ոռոգման դինամիկան չի փոխվել, ոռոգվում է շուրջ 210 հազար հեկտարը, ինչը շատ փոքր թիվ է ընդհանուր գյուղատնտեսական նշանակության, մասնավորապես, վարելահողերի դեպքում՝ ասում է Արման Խոջոյանը․

«Հիմնական քայլերից առաջինը չօգտագործվող հողերի գույքագրումն է, տվյալների բազայի ստեղծումը և հողերի վերագնահատումը։ Սրա արդյունքում շատ հնարավոր է, որ տոկոսային ցուցանիշը փոխվի, քանի որ, ինչպես գիտենք, Խորհրդային Միության տարիներին արհեստականորեն ավելացվել է վարելահողերի թիվը»։

Տնտեսության համար հողն անգնահատելի նշանակություն ունի՝ ասում է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Շեշտում է՝ Հայաստանում չունենք միայնական հարթակ, որում գրանցված կլինեն օգտագործվող հողերը, դրանց նշանակությունը կամ չօգտագործվող հողերն ու չօգտագործման պատճառները։ 

«Կադաստրի կոմիտեում մշակվել է և Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Դրանով օրենքի մեջ առանձին բաժին է վերաբերում է տարածական տվյալների ենթակառուցվածքին։ Այսօրվա դրությամբ կադաստրում մշակվում է իրավական ակտ՝ տարածական տվյալների քաղաքականությանը վերաբերող, որի մեջ ներառվում է տվյալների հավաքագրումը, մշակումը, պահպանումը, տարածումը և այլ գործողություններ, որոնցով փոխկապակցվում են ՀՀ-ն և ՀՀ-ում գործունեություն ծավալող սուբյեկտները»,-ասում է Սուրեն Թովմասյանը։

Արդյունքում՝ Հայաստանում գյուղատնտեսությունը կթվայնացվի ու արդյունաբերական նոր մակարդակի վրա կդրվի՝ ասում է Սուրեն Թովմասյանը։ Հողային միասնական բազայի բացակայությունը դժվարացնում է նաև ներդրողների գործը․ հաճախ հողի նշանակությունը որոշելը կամ փոփոխելը ամիսներ է տևում։

«2020-2021թթ․ կատարվեց օրենսդրական փոփոխություն, և հնարավորություն ստեղծվեց, որ կառավարության որոշմամբ կարողանանք հողերի մոնիտորինգ իրականացնել։ Եթե 3 տարի շարունակ այդ գործընթացը օրենքով նախատեսված կարգով իրականացվի, հետո արդեն յուրաքանչյուր չօգտագործվող հողի հետ կապված կոնկրետ քաղաքականություն կվարվի»,-ասում է փոխնախարարը։

Համակարգային լուծումների հասնելու համար պետք է բարձրացնել նաև արդեն օգտագործվող հողերի արդյունավետությունը։ Այդ նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության մեկ տասնյակից ավելի ծրագրեր է իրականացնում՝ ասում է փոխնախարարը։ Դրանք3 հիմնական ուղղություն ունեն․ վարկային ծրագրեր, ծախսերի փոխհատուցման և սերմերի գների մասնակի սուբսիդավորման ծրագրեր։ Կառավարությունում վստահ են՝ ծրագրերը կնպաստեն, որ տարիներով չօգտագործվող հողերը դառնան մշակելի ցանքատարածքներ։  

Back to top button