ԿարևորՀասարակություն

Խնդիրը համակարգային չէ, դեպքերն անհատական են․ ԴԱՀԿ արձագանքը ՄԻՊ ահազանգին

ՄԻՊ-ի աշխատակազմն օրերս անդրադարձել էր Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը վերաբերող  բողոքներին։ Արման Թաթոյանը խնդիրը համակարգային էր որակել՝ ուշադրություն հրավիրելով, օրինակ, հաշմանդամության կենսաթոշակների վրա բռնագանձումների պրակտիկան տարածելու վրա, ինչի հետևանքով մարդիկ հայտնվում են քաշքշուկի մեջ ու կանգնում իրավունքների խախտումների առաջ։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում չեն կիսում ՄԻՊ-ի գնահատականը, թե խնդիրը համակարգային է։ Դեպքերը մի քանիսն են՝ արձանագրված ոչ ծառայության մեղքով՝ պարզաբանում են ԴԱՀԿ-ից:

Կատարողական վարույթ հարուցելիս բացառվում է արգելանքը  այն դրամական միջոցի վրա, որը բռնագանձման ենթակա չէ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Լևոն Բալյանը։ Նաև  պարզաբանում՝ մինչև արգելանքի որոշում կայացնելը և այդ մասին էլեկտրոնային եղանակով բանկերին տեղեկացնելը, հարկադիր կատարողը նախ  հարցում է անում սոցիալական ապահովության պետական ծառայությանը՝  հստակեցնելու՝ արդյո՞ք  պարտապանը կենսաթոշակառու է կամ այնպիսի թոշակառու, որի հաշիվների  վրա բռնագանձումն արգելված է։

«Օրինակ՝  հաշմանդամության կենսաթոշակառու, որի մասին խոսվում էր ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ։ Սոցիալական ծառայության կողմից մեզ տրամադրվում են համապատասխան տվյալները՝ գումարի չափը, հաշվեհամարը, որտեղից գումարը փոխանցվում է, թոշակի տեսակը, երբ այդպիսին կա»։

ՄԻՊ-ին հասցեագրված բողոքներով հաշմանդամություն ունեցող անձինք հայտնել են, որ բռնագանձում  է կատարվել իրենց կենսաթոշակից, իսկ որոշ դեպքերում  էլ հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարի վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք է դրել: Քննարկելով հասցեագրված բողոքները՝ ՄԻՊ-ը եզրահանգել էր.

«Շարունակվում է բռնագանձման ոչ ենթակա  դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու պրակտիկան։ Պետք է անհապաղ դադարեցվի հաշմանդամության կենսաթոշակների հաշվեհամարներից գումարների բռնագանձումը»։  

ՄԻՊ-ը նաև արձանագրել է՝ երբ մարդիկ պարզաբանումներ ստանալու համար դիմում են ծառայություն, կառույցը բռնագանձումը վերացնելու փոխարեն դիմողից պահանջում է հիմնավորել, թե ինչու չէր կարելի բռնագանձում տարածել այդ գումարի վրա:

«Մինչդեռ ծառայությունն ինքը պետք է նախապես պարզեր, թե այն հաշիվը,  որի վրա պատրաստվում է տարածել բռնագանձում, վճարված է քաղաքացուն՝ որպես բռնագանձման ոչ ենթակա հաշմանդամության կենսաթոշակ կամ, օրինակ, նպաստ ստանալու հաշվեհամար»:

ՄԻՊ-ում, հետևաբար, արձանագրում են, որ անհատական դեպքերի քննարկումը չի լուծում համակարգային խնդիրները։ ԴԱՀԿ-ում չեն կիսում ՄԻՊ-ի այն գնահատականը, թե խնդիրը համակարգային է։

«Համակարգային խնդիր» ձևակերպումը ճիշտ չէ։ Խնդիրը համակարգային լուծում ստացել է և որպես այդպիսին վաղուց չկա»։

Թե ինչից  է ծագում խնդիրը և ինչու են բռնագանձվում դրան ոչ ենթակա գումարները, ԴԱՀԿ-ում փորձում են հասկանալ՝ հենվելով ՄԻՊ-ի հաղորդագրության վրա։ Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը պարզաբանում է, թե տեսականորեն երբ կարող է նման խնդիր առաջանալ։  Օրինակ, դեպքերից մեկով 5 տարի առաջ մարդը եղել է պարտապան, բայց այդ ժամանակ չի եղել հաշմանդամության թոշակառու։  

«Հաշմանդամության կարգ չի ունեցել և հաշմանդամության թոշակ չի ստացել։ Մենք արգելանքի մասին որոշումն ուղարկել ենք բանկ, օրինակ, 5 տարի առաջ, և այդ բացառությունը դրանում չի նշվել։ Եթե հիմա դարձել է հաշմանդամ ու ստանում է հաշմանդամության կենսաթոշակ, այո, հնարավոր է՝ մենք այդ ինֆորմացիան չունենանք, ուստի այդ մասին մեզ պետք է որևէ մեկը տեղեկացնի, առաջին հերթին հենց պարտապանը։ Տեսականորեն նման բան կարող է լինել»։  

Խնդիրները վերաբերել են անհատական մի քանի դեպքերի, որոնք ՄԻՊ-ի հետ գործակցությամբ լուծվել են՝ վստահեցրեց Բալյանը։

Նա շեշտեց, որ արդեն լուծված է  նաև այն խնդիրը, երբ կոնկրետ գումարի չափով արգելանք կիրառելու պատճառով հնարավոր չէր լինում օգտվել քարտի վրա եղած գումարի մյուս մասից։ Օրենսդրական փոփոխությամբ խնդիրը կարգավորվել է, և արգելափակված գումարից դուրս դրամական միջոցները  հնարավոր է տնօրինել։  

Back to top button