ԿարևորՀասարակություն

Պատվաստվել մեդիագրագիտությամբ՝ ընդդեմ լրավարակի․ մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը

Պատվաստվել մեդիագրագիտությամբ՝ տեղեկատվական մարտահրավերներին՝ լրավարակին, ապատեղեկատվությանը դիմակայելու համար․ այսօր մեկնարկած մեդիագրագիտության շաբաթի նպատակն ու ուղերձն է։ Ժամանակակից աշխարհում  դժվար է պատկերացնել կրթության կազմակերպումը՝ առանց տեխնոլոգիաների ներառման, սա ևս մեկ ազդակ է, որ աշխարհում, որտեղ օրեցօր գերակայում է առցանցը, պետք է կարողանալ նավարկել տեղեկատվական օվկիանոսում։ Մեդիագրագիտության բարձրացման կարևորությունն ընդգծված է կառավարության ծրագրում, դա ամրագրված է նաև հանրակրթության և նախախադպրոցական կրթության նոր չափորոշիչներում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան․

«Սա նշանակում է, որ մենք, որպես պետություն, ակնկալում ենք, որ ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրի ավարտին պետք է կարողանանք մեր երեխաներին և նույնիսկ մեր չափահաս քաղաքացիներին հաղորդենք այն հմտություններն ու գիտելիքները, այն փորձառությունը, որոնք թույլ կտան նրանց գործել մեր ժամանակներում իբրև մեդիագրագետ քաղաքացի։ Սա խիստ կարևոր է»։

Աշխարհում, որտեղ բնակչության գրեթե կեսը՝ 15-24 տարեկան երիտասարդների 70 տոկոսը, առցանց է․ակնհայտ է, որ խիստ կարևոր է թվային հնարավորություններից և համացանցից օգտվելու քաղաքացիների կարողությունը։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի խոսքով՝ թվային գրագիտության հմտություններն առավել կարևոր են երեխաների համար, քանի որ նրանք ավելի շատ են հակված ժամանակն առցանց անցկացնելուն և ավելի շատ են ենթարկվում առցանց աշխարհի ռիսկերին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը ծնողների շրջանում երկու տեսակետ է նկատել․ պաշտպանողական և խրախուսող։ Պաշտպանողական մոտեցման կրողները համացանցային տիրույթը համարում են վտանգներով լի տիրույթ, մինչդեռ խրախուսող մոտեցման կրողները հակված են երեխաներին սովորեցնել օգուտ քաղել համացանցից։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ թվային աշխարհի հնարավորությունները ժամանակակից աշխարոհում շատ են, քան դրանց հետ ասոցացվող ռիսկերը, այդուհանդերձ, նույն հետազությունները ցույց են տալիս, որ երբ խոսքը երեխաների մասին է, ապա պետք է հավասրակակշռել այս երկու հայեցակերպերը»։

Երեխաները շատ արագ են տիրապետում թվային գործիքներին, արագ են կողմնորոշվում թվային տիրույթում, սակայն սա չի նշանակում, որ նրանք մեդիագրագետ են և համացանցում ապահով ու անվտանգ են նավարկում։ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը 2022թ-ին Հայաստանում անցկացնելու է  «Աշխարհի երեխաներն առցանց» հետազոտությունը՝ իրավիճակը վերլուծելու և ապագա քայլերը ծրագրելու հարցում կառավարությանն աջակցելու նպատակով։ Մինչ դա՝ մասնագետը մի քանի խնդիր է մատնանշում։ Մասնավորապես, կարևորում է ծնողների մեդիագրագետ դառնալու, դպրոցներում տեխնոլոգիական ենթակառուցվածքներ ունենալու, ինչպես նաև հայալեզու, երեխաների համար նախատեսված առցանց բովանդակության քիչ կամ անորակ լինելու հանգամանքը։ Երբեմն նմանատիպ կոնտենտի բացակայության պատճառով երեխաները օտար լեզուներն ավելի շուտ են սովորում, քան հայերեն։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշում է՝ որոշակի աշխատանք իրականացվել է այդ ուղղությամբ, օրինակ՝ ստեղծվել են տարբեր խաղեր, սակայն դրանք առավելապես նախատեսված են դաստիարակների, մանկավարժների համար․

«Նախադպրոցական  ոլորտում վիճակը մի փոքր ավելի բարդ է, որովհետև այստեղ նաև առկա կոնտենտը շատ բազմաբնույթ է, բայց կարծում եմ՝ սա նույնպես պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, նաև մեր հեռուստաարտադրողների ուշադրության կենտրոնում, որովհետև սա մի խնդիր է, որը պահանջում է նաև տվյալ ոլորտում արտադրանք տվող տարբեր ընկերությունների, կազմակերպությունների համատեղ աշխատանք»։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ վերջին 10 տարում առավել թիրախային են աշխատում մեդիագրագիտության ոլորտում։ Գրեթե 1000 դասավանդող արդեն վերապատրաստել է․  

«Նաև այդ աշխատանքի արդյունքում այսօր մենք հանրակրթության պետական չափորոշիչում ունենք մեդիագրագիտությունը մեդիա և թվային կարողունակությունը՝ ֆիքսված, և մեր դասընթացներն այս տարի ներառվեցին նախարարության երաշխավորած ուսուցիչների վերապատրաստման դասընթացների շարքում»։

Վերլուծական հմտություններ և քննադատողական մտածողություն․ թվային գործիքների կիրառումը այս բաղադրիչների առկայությամբ՝ շատ հեշտ է։ Հետևողական լինելու դեպքում՝ արդյունքը կլինի տեսանելի՝ համոզված են մեդիագրագիտության շաբաթի կազմակերպիչները։

Ցուցադրել ավելի
Back to top button