ԿարևորՔաղաքական

Միրզոյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ադրբեջանական կողմի սադրանքները

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի շարունակական սադրանքները, որոնցից վերջինի հետևանքով այսօր Շուշիի մերձակայքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք քաղաքացիական անձ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը:

Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button