ԿարևորՄշակույթ

Մադաթաշենի դպրոցը՝ ադրբեջանական վանդալիզմի հերթական զոհ

Monument Watch-ը հրապարակել է հերթական հոդվածը՝ Արցախի օկուպացված տարածքներում վանդալիզմի ենթարկված մշակութային կոթողի մասին։ Այս անգամ «զոհը» Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցն է, որի ներսում գործում էին նաև գյուղապետարանը և մշակույթի տունը։ Դպրոցին կից սուրբ Աստվածածին եկեղեցին է՝ կառուցված 1904 թվականին։

Monument Watch հարթակն ստեղծվել է 2021-ի մարտին, 15 հոգանոց պրոֆեսիոնալ թիմն իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում և արձագանքում ահազանգերին, որոնք վերաբերում են Արցախի օկուպացված տարածքներում գրանցվող վանդալիզմի դեպքերին։  Հիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի խոսքով՝ թիմում ներգրավված գիտնականներից բացի՝ մշտադիտարկմանը մասնակցում են նաև գործընկերներ՝ արտասահմանից, Արցախից։ Մադաթաշենի դպրոցի ավերման վերաբերյալ ինֆորմացիան մոնիթորինգի միջոցով հայտնաբերել է Monument Watch ծրագրի գործառնական պատասխանատու Հայկուհի Մուրադյանը․

«Հոկտեմբերի 10-ին արված արբանյակային լուսանկարները, երբ արդեն մեզ մոտ էին, պարզ էր, որ Մադաթաշենի դպրոցը քանդված է ամբողջությամբ, և հասել են կից գտնվող եկեղեցու պատին, որն այս պահին  լուրջ վտանգի տակ է»,-ասում է Հայկուհի Մուրադյանը։

Հայկուհի Մուրադյանի խոսքով՝ նախ իրականացրել են մշտադիտարկում, հետո հայտնաբերել ինֆորմացիան և կազմել համապատասխան արձագանքը։ Վանդալիզմի յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ կայքում նշվում է, թե հատկապես միջազգային ո՞ր կոնվենցիան է խախտել Ադրբեջանը։ Մադաթաշենի դեպքում խախտվել է 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, որով արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ինչպես նաև Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրությունն է խախտված, ըստ որի, արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Մադաթաշենի մշակույթի տունը կառուցվել էր 1969 թվականին, և վերանորոգվել 2012 թվականին։ 2015 թվականից այն վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի շենքում տեղակայվել էր նաև  գյուղապետարանը։ Համացանցում՝ ադրբեջանական ԶԼՄ–ներում և ադրբեջանցի օգտատերերի ֆեյսբուքյան էջերում ավերման կադրերը կան, Արցախի մշակույթի նախարարությունն է դրանք գտել․

«Իրենք իրենց կատարած վանդալիզմի դեպքերը նկարում ու դնում են սոցիալական ցանցերում, մենք սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի մոտից ենք հայտնաբերել նաև կադրեր»,-ասում է ԱՀ Մշակույթի նախարարը։

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը Արցախի Մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն է։ Նրա խոսքով՝ սովորական է դարձել սոցցանցերում վանդալիզմի ենթարկված հայկական կոթողների տեսանյութ տեսնելը։ Հայկուհի Մուրադյանի խոսքով՝ Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունն ու եկեղեցին ադրբեջանական նոր ճանապարհաշինության ուղղության մեջ չեն մտնում։ Չի բացառվում, որ դրանք ավերելով՝ շինաքարերը տան են ու ճանապարհների հենապատեր կառուցեն։ Արցախի մշակույթի նախարարն էլ չի բացառում այս վարկածը։ Նախարարի տեղեկացմամբ՝ որոշ ժամանակ առաջ էլ քանդվել է արցախյան առաջին ազատամարտի զոհերին նվիրված հուշարձանը․

«Օրինաչափ բան է դարձել ադրբեջանցիների համար արցախյան առաջին պատերազմի զոհերի հուշակոթողները ավերելը։ Սա վրեժի նման է, ինչպես Մադաթաշենի հուշարձանը, այնպես էլ, օրինակ, Թալիշի ազատամարտիկների հուշարձանը հողին է հավասարեցված»,-ասում է Լուսինե Ղարախանյանը։

Մադաթաշենի պատմությունն սկսվում  է 17-րդ դարի կեսերից։ Գյուղն անունն ստացել է ռուսական բանակի գեներալ Վալերիան Մադաթովի անունից․ նրա անասնագոմերը հենց այս տարածքում են եղել։ Ասկերան շրջկենտրոնից 50 կմ հեռու գտնվող այս գյուղը հայաթափվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին։ Ավերված դպրոցի, մշակույթի տան աշխատակիցները, Արցախի մշակույթի նախարարի տեղեկացմամբ, Երևանում են կամ Ստեփանակերտում են։

Ցուցադրել ավելի
Back to top button