ԿարևորՀասարակություն

Արցախին և Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես՝ Բելգիայում

Բելգիայի Անտվերպեն քաղաքի Սուրբ Վիլիբրորդուս եկեղեցում տեղի է ունեցել Արցախյան երկրորդ պատերազմին և Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Ինչպես հայտնում են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից, ցուցահանդեսը Ֆլամանդական Խաղաղության (VOS) Միության և լրագրող-լուսանկարիչ Յենս Դը Ռայքի նախաձեռնությունն է, որը կյանքի է կոչվել նաև Հ.Յ.Դ. Եվրոպայի Հայ դատի գրասենեակի հետ համագործակցությամբ։

Միջոցառման ընթացքում VOS-ի նախագահ Դոմինիկ Փոթթերսը և լուսանկարները հեղինակ Յենս Դը Ռայքը լուսաբանել են ցուցահանդեսի հիմնական նպատակը, այն է՝ իրազեկել Բելգիայի հանրությանը Արցախյան պատերազմի և Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև կանխել մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը:

Միջոցառմանը ներկա է եղել նաև Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ Փիթեր դը Ռովերը, ով եղել է 2015 թվականին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի զեկուցողը։

Բացման խոսքում Հ.Յ.Դ. Եվրոպայի Հայ դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետյանն իր երախտագիտությունն է հայտնել ցուցահանդեսի բոլոր նախաձեռնողներին և ընդգծել նման միջոցառումների կարևորությունը Արցախի հակամարտության և Հայոց ցեղասպանության վրա ուշադրություն հրավիրելու համար.

«Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմությունից, մարդկության դեմ կատարված հանցագործություններից, որպեսզի դրանք չկրկնվեն։ Ավաղ, միշտ չէ, որ այդպես է։ Այս ցուցահանդեսը կարևոր է, քանի որ ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ եթե հանցագործությունը չի պատժվում, ապա այն դատապարտված է կրկնվելու։ Ցավոք 2020-ի աշնանը մենք ականատեսը եղանք նաև Թուրքիայի անմիջական մասնակցությանը Արցախում աղետալի պատերազմին»:

Նոյեմբերի 8-ից 30-ը ցուցահանդեսը կտեղափոխվի Ֆլանդրիայի Սինթ Նիկլաս քաղաք։

Ցուցադրել ավելի
Back to top button