ԿարևորՀասարակություն

Արմավիրի փոխմարզպետերն ու նախկին գյուղապետերը «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակներում են

Արմավիրի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովները գրանցել են դեկտեմբերի 5-ի ՏԻՄ  ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած  կուսակցություններին և դաշինքներին։  Արմավիրի մարզպետի 2 տեղակալները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակներում են՝ Արգիշտի Մեխակյանը ուզում է դառնալ Խոյ, Վահրամ Խաչատրյանը՝ Մեծամոր համայնքի ղեկավար։

Վահրամ Խաչատրյանը վարչապետի որոշմամբ նոյեմբերի 1-ին ազատվել է մարզպետի տեղակալի պաշտոնից, իսկ նոյեմբերի 2-ին նշանակվել Մեծամորի քաղաքապետի ժամանակվոր պաշտոնակատար:

Արմավիրի մարզում ձևավորվող 7 համայնքներից ամենախոշորը Մեծամորն է՝ կազմված է Մեծամոր քաղաքից ու 31 գյուղից։ Այս խոշորացվող համայնքը ղեկավարելու հայտ են ներկայացրել 2 ուժ՝ « Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը  և  «Քաղաքացիական պայմանագիր»-ը: ՔՊ-ն ունի ավագանու 46, ՀՅԴ-ն՝ 24 թեկնածու։ Թիվ 15 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Աշոտ Հայրապետյան.

«Մեծամոր համայնքում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ընտրացուցակի  1-ին համարը Վահրամ Աշոտի Խաչատրյանն է, Արմավիրի մարզպետի տեղակալ: ՀՅԴ-ի 1-ին համարը Արամայիս Թորգոմի Մխիթարյանն է, Այգեշատ համայնքի նախկին  ղեկավար, բայց նշված է, որ չի աշխատում»:

«Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակում ընդգրկված են Նոր Կեսարիա, Ջրաշեն, Վարդանաշեն, Մարգարա, Փշատավան, Բամբակաշատ համայնքների ղեկավարները, Եղեգնուտի գյուղի նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը։  2018-ի շարժման օրերին համայնքը նրան մերժեց, հետո դատարանը նրա լիազորությունները վերականգնեց, բայց  վերադասից  չերաշխավորվելով՝ Ռազմիկ Մարգարյանը գյուղում 2-րդ համայնքապետարանը բացեց։ Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ի 46 հոգանոց ցուցակում վերջից 3-րդն է։

ՔՊ-ի 46 թեկնածուներից 15-ը կանայք են, ՀՅԴ-ի  24 թեկնածուներից 8-ն են կանայք։

Խոյ համայնքում միավորվելու է Էջմիածնի տարածքի նույն ուղղության վրա գտնվող17 գյուղ: Այստեղ ընտրություններին կմասնակցեն «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատական» և «Զարթոնք» կուսակցությունները: Թիվ 15 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Աշոտ Հայրապետյան.

«Խոյ համայնքում ՔՊ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակի Մեխակյանը, ՔՊ կուսակցության անդամ, Արմավիրի մարզպետի տեղակալ: «Ազատական» կուսակցության ցուցակի 1-ին համարը Ռոբերտ Կառլենի Հովսեփյանն է,  Էջմիածնի տարածքի Այգեշատ համայնքի ղեկավար, կուսակցության անդամ: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ցուցակը գլխավորում է Գուրգեն Անդրուշի Գրիգորյանը, անկուսակցական, փաստաբան, Լեռնամերձ համայնքից»:

Փաստաբանի գլխավորած ցուցակը  12 թեկնածու ունի,  «Ազատական» կուսակցությունը՝ 14, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները 32-ն են, որի 2-րդ համարը  Շահումյանի թռչնաֆաբրիկա համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանն է:  ՔՊ-ի  ցուցակում են  Ծիածան, Գեղակերտ, Հովտամեջ համայնքների ղեկավարները, Արագած համայնքի ղեկավարի որդին, ինչպես նաև արշալույսցի խաչքարագործ Ռուբեն Նալբանդյանը:

Արմավիր համայնքում ընտրություններին մասնակից միայն մեկ ուժ կա՝ «Քաղաքացիական պայմանագիր»ը։  Ցուցակը գլխավորում է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, թեկնածուները 46-ն են, 15-ը՝ կանայք: Արմավիր համայնքը ներառում է Արմավիր քաղաքն ու 9 գյուղ։ Նորավան, Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան համայնքների ղեկավարներն ու Լենուղու գյուղապետի տեղակալը ՔՊ-ի ցուցակում են։

Արմավիրի 16 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանն ասում է, որ օրենքով՝ ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի   համամասնական ցուցակներում պետք է ներկայացվեն թեկնածուներ՝ խոշորացվող համայնքների բնակավայրերի ավելի քան կեսից.

«Բաղրամյանում 14 համայնք է միավորվելու, առնվազն 7 համայնքից պիտի ներկայացուցիչներ լինեն: Թեկնածուների 30 տոկոսը կարող են լինել անկուսակցականներ»:

Բաղրամյան համայնքում գրանցվել են  «Արդար Հայաստան»,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններն ու  «Մեր Բաղրամյան» դաշինքը: Գոռ Հովհաննիսյան.

Ձայն3 «Բաղրամյան համայնքի ՔՊ կուսակցության 1-ին համարը Շանթ Եփրեմի Առաքելյանն է: «Մեր Բաղրամյան» կուսակցությունների դաշինքի կազմում «ՀՅԴ» և  «Համերաշխություն» կուսակցություններն են: Դաշինքի 1-ին համարը Սարգիս Հարությունի Հեքիմյանն է, իսկ  «Արդար Հայաստան» կուսակցության 1-ին համարը՝ Դալարիկ համայնքի ղեկավար Ալիկ Վարշամի Պողոսյանը»:

«Արդար Հայաստան»-ի թեկնածուները 35-ն են, նրանցից 24-ը Դալարիկից են,  մասամբ՝  մանկապարտեզի աշխատողներ: «Մեր Բաղրամյան» դաշինքի ցուցակում համայնքների ղեկավարներ կամ համայնքապետարանների աշխատակիցներ չկան: 10 հոգանոց ցուցակից համայնքի ղեկավարի թեկնածուն Քարակերտի նախկին ղեկավար Հարություն Հեքիմյանի որդին է՝ Սարգիսը:

Բաղրամյանում «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակում 29 անուն է։ Առաջինը Հուշակերտ համայնքից  «Արմավիր» ՋՕԸ փոխտնօրեն Շանթ Առաքելյանն է, 2-րդը Երվանդաշատ համայնքի ղեկավար Հովնան Ավետիսյանն է: Նրա կինը՝ Բագարանի միջնակարգ դպրոցի տնօրեն Գեղեցիկ Ավետիսյանը նույնպես ՔՊ-ի ցուցակում է։ Այստեղ են նաև Քարակերտ ու Արտամետ համայնքների ղեկավարները, 2018-ին Դալարիկի  մերժված գյուղապետ Պարգև Սաղաթելյանը: Նա  ընտրացուցակում 5-րդն է։

Ցուցադրել ավելի
Back to top button