ԿարևորՀասարակություն

Անվտանգ կոմունիկացիաներ` գենետիկ ատելության պայմաններում․ որքանով անվտանգ կլինի Հայաստան-Ադրբեջան տարանցումը

Ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին վարչապետի վերջին հստակեցումներից հետո գլխավոր հարցն արդեն   ճանապարհների անվտանգությունն է։

Հանրային հեռուստատեսությանը  տված հարցազրույցում Փաշինյանը ձևակերպել  էր ապաշրջափակման հարցում  հայկական կողմի ընկալումը։  Ըստ այդմ՝ Ադրբեջանը ՀՀ սուվերեն ճանապարհներով պետք է հաղորդակցվելու հնարավորություն ունենա Նախիջևանի հետ, ՀՀ-ն էլ, իր հերթին, Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն պիտի ունենա Իրանի և Ռուսաստանի հետ։

Միջանցքի տրամադրման հարց օրակարգում  չկա ՝ վստահեցրել էր Նիկոլ Փաշինյանը։  Փորձագետները գլխավոր մտահոգությունը փարատված, բայց ռիսկերը մեծ են գնահատում։  

Տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի արդյունքում մեծ գործ է արվել, նախ` տեխնիկական բնույթի` վստահեցնում  է ՀՀ վարչապետը։

Հիշեցնում է  նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, ըստ որի՝ պետք է բացվեն տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները, ինչից հետո Հայաստանը պիտի  երաշխավորի տրանսպորտային հաղորդակցությունը Նախիջևանի և Ադրբեջանի միջև, պետք է համաձայնություններ ձեռք բերվեն  նաև տրանսպորտային նոր կոմունիկացիաների կառուցման մասին։

Նիկոլ Փաշինյանը բացատրում է՝ առաջին հերթին պետք է գործարկվեն արդեն գոյություն ունեցած կոմունիկացիաները,  եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրումների ծավալը մեծ է, պետք կլինի մտածել  նոր կոմունիկացիաների մասին։

«Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի  կոմունիկացիաների բացմամբ։ Ես այդ մասին բազմիցս հայտարարել եմ։ Աշխատանքային խումբը գծագրել, ուսումնասիրել է հնարավոր բոլոր երթուղիները՝ Իջևան-Ղազախ հատված, Բերդ-Թովուզ հատված, Անգեղակոթ-Բիչենեք հատված, Հորադիզ-Երասխ հատված, Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատված։ Եվ մեր ընկալումն այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի․ ՀՀ-ն՝ իր տարածքում, Ադրբեջանը՝ իր տարածքում»։

Կոմունիկացիաները բացելու ու գործարկելու հարցում ամենադժվարն, ըստ Փաշինյանի,  բանաձևերի վերաբերյալ ընկալումները մոտեցնելն ու  նույնականացնելն է։ Վարչապետը վստահեցնում է՝ ճանապարհներին լինելու են մաքսային, անձնագրային, ֆիտոսանիտարական կետեր, իսկ միջանցքի տրամադրման հարց օրակարգում ընդհանրապես չկա։ Փորձագետները գլխավոր մտահոգությունը փարատված, բայց ռիսկերը մեծ են գնահատում։ 

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  հիշեցնում է՝ անգամ խորհրդային տարիներին Ադրբեջանի տարածքով  անցնելիս զգուշավորություն կար ։

«Ես գնացել եմ Երևանից Բաքու գնացքով, երեխաները հեռվում կանգնում էին քարերով, մենք էլ հեռու էինք մնում պատուհաններից։ Թե այժմ ինչպես պետք է ապահովվի հայկական գնացքների անվտանգությունը, որոնց երթուղին անցնում է Ադրբեջանի տարածքով, դժվար եմ պատկերացնում։ Եթե ռուս խաղաղապահներն իրենց վրա վերցնեն այդ առաքելությունը, ինձ թվում է դա արդեն հարցը կլուծի»։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը չի բացառում միջադեպերի հնարավորությունը, կարծում է՝ այդ դեպքերում լուծումները պետք է փնտրվեն  միջազգային դատարանում։

«Ապահովությունը ապահովող միջոց կա, օրինակ՝ բեռների միջազգային ապահովագրումը։ Քանի որ և մենք, և Ադրբեջանը միջազգային հանրության սուբյեկտներ ենք, գործում են միջազգային պայմանագրերն ու պարտավորությունները։ Եթե, օրինակ, Ադրբեջանի տարածքով բեռ ուղարկենք Իրան կամ Ռուսաստան, ու այդ բեռը վնասվի, պետք է դիմենք միջազգային դատարան, որը փոխհատուցումը կդնի Ադրբեջանի վրա։ Նման մեկ-երկու դեպք, ու կարծում եմ՝ կարգի կգա այդ ամեն ինչ»։

Փորձագետն առանձնացնում է վերջին շրջանում  ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերը  մեր երկիր և նկատում՝  հասկանալի է, որ ԱՄՆ-ն  և ԵՄ-ն շահագրգռված են կանխատեսելի տարածաշրջան ունենալու հարցում։ Փորձագետը նկատում է   տարածաշրջանի՝ ռուս-թուրքական ազդեցության տիրույթից դուրս գալու նշաններ, ինչը դրական է գնահատում։

Ճանապարհների ապաշրջափակման հեռանկարն ավելացնում է ռիսկերը՝ համոզված է ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

«Ռիսկեր, իհարկե, քննարկվող բոլոր ծրագրերում կան։ Պատկերացնենք, որ Թուրքիան Նախիջևանով կապվում է Ադրբեջանի բուն տարածքի հետ։ Դա, իհարկե, հիմա չի լինի, քանի որ այդ երկաթգիծը դեռ պետք է սարքվի»։

Քանի դեռ Թուրքիան ու Ադրբեջանը չեն հրաժարվել իրենց ճնշման, հարկադրման քաղաքականությունից, քանի դեռ չեն փոխել ագրեսիվ պահվածքը, կոմունիկացիաները չեն գործի՝ համոզված է ակադեմիկոս Սաֆրաստյանը։ Մանվել Ղումաշյանն էլ  շեշտում է խաղաղապահների գործոնը։ Քանի դեռ ռուս խաղաղապահները հայկական տարածքում են, անվտանգային ռեժիմը կպահպանվի ՝ ասում է փորձագետը։

«Ինչպես ռուսները պահում են  հայ-թուրքական սահմանը, այդպես էլ կարծում եմ կլինի տարանցիկ ճանապարհների դեպքում»։

Երկիրը, որի տարածքով անցնում են կոմունիկացիաները, իրականացնում է դրանց վերահսկողությունը, և սա հստակ է՝ վստահեցնում է  ակադեմիկոսը։ Իսկ միջանցքի տրամադրման հարցում ադրբեջանաթուրքական պնդումներն, ըստ Սաֆրաստյանի,  ճնշում գործադրելու միջոց են։ 

Ցուցադրել ավելի
Back to top button