ԿարևորՔաղաքական

«Միջանցք չի լինելու»․ եռակողմ ձևաչափում համաձայնություն է ձեռք բերվել

Մեկ  տարի առաջ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ փաստաթղթի ստորագրման կապակցությամբ հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ–ն։ Տեքստի տողատակերում կան որոշ հարցերի պատասխաններ։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը դրական է գնահատել եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների իրականացումը անցած մեկ տարվա ընթացքում։ Ուշագրավ է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջին հայտարարությունը, որը, ենթադրվում է՝ վերջ կդնի Ադրբեջանի շահարկումներին և նկրտումներին։ Եռակողմ հանդիպումներում կայացվել է հստակ որոշում, որը զսպում է Ադրբեջանի «ախորժակը»։

Ճանապարհների ապաշրջափակման արդյունքում որևէ միջանցք չի ստեղծվի․ սա ոչ թե կողմերից մեկի հայտարարությունն է, այլ եռակողմ աշխատանքային խմբում կայացված որոշում։ Դրա մասին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է նոյեմբերի 5-ին՝ անդրադառնալով հոկտեմբերի 22–ի 8-րդ աշխատանքային հանդիպմանը։  

Ռուսական կողմը հաստատում է՝ արդեն հանգում են կոնկրետ լուծումների, որոնց հիմքում  կարևոր մի սկզբունք է․ ճանապարհների սուվերենությունը մնում է այն երկրներին, որոնց տարածքով դրանք անցնելու են։

Ենթադրվում է, որ սա արդեն վերջ կդնի Ադրբեջանի նախագահի շահարկումներին և սպառնալիքներին։ Նա պարբերաբար խոստանում էր համաձայնություն ձեռք չբերելու դեպքում «միջանցք» բացել ուժով։ Այս հայտարարություններին Երևանից Անվտանգության խորհրդի քարտուղարը արդեն արձագանքել է՝ ասելով, թե Զինված ուժերը պատրաստ են դիմագրվել նման քայլերին։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ մեկ բան հստակ է․

«Եռակողմ աշխատանքային խմբում արձանագրված է, որ միջանցք չի լինելու։ Այս տրամաբանության շրջանակում կարելի է այս քննարկումը ավարտված համարել»։

Մեկ  տարի առաջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ փաստաթղթի ստորագրման կապակցությամբ հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ–ն։ Տեքստի տողատակերում այլ վարկածներ էլ կարելին է կարդալ։  

Նախ և առաջ Ռուսաստանի դիվանագիտական ​​ծառայությունը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց հնարավոր է  հերքել տեղեկատվական լցոնումները սոցցանցերում և ինտերնետային ռեսուրսներում։ Համաձայն դրանց՝ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են եղել, իբր, «Լեռնային Ղարաբաղի անջատմանը», նրա «հանձնմանը» Ադրբեջանին և Հայաստանը  «պրոտեկտորատի» վերածելուն։ «Նման հայտարարությունները պոպուլիստական ​​բնույթ են կրում, կատարում են ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ կապ չունեն»,- հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ռուսական կողմը անհրաժեշտություն է տեսել նաև հստակեցնելու, որ «եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, ինչը նախատեսում է չափազանց հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ»,– ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Կա անդրադարձ նաև «Հյուսիս–Հարավ» ճանապարհին։ Կարծում են, որ ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի համար միջազգային այդ զարկերակի իրագործման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալու։ Արդեն Երևանում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ կա մոտավոր պատկերացում կա, թե ինչ ճանապարհներով է իրականացվելու ապաշրջափակումը։ Ռուսական «ՌոսԱվտոԴոր» և «ԴոսԴորՄաշ» ընկերությունների փորձագետներն իրենց ուսումնասիրությունների եզրակացությունն արդեն  փոխանցել են աշխատանքային խմբին։

Այսինքն՝ կողմերը լավ պատկերացնում են, թե ինչ ճանապարհներ կան և ինչ վիճակում են դրանք։ Հայկական կողմը նույնպես հստակ ձևակերպել է ասելիքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Օվերչուկին փոխանցել է Հայաստանի համար նախընտրելի տարբերակը․ «Երկաթուղային կապերը, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության ժամանակաշրջանում, պետք է վերականգնվեն։ Ավտոմոբիլային ճանապարհները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության ժամանակաշրջանում, այդ թվում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապող ճանապարհները, նույնպես պետք է վերականգնվեն»:

Հայաստանը պատրաստ է գնալ հստակ լուծումների: Ըստ Փաշինյանի՝ դրանք հետևյալն են․ Հայաստանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիներ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը պետք է ստանա երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ուղիներ Հայաստանի տարածքով, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող: Այս ամենն ամրագրված է եռակողմ հայտարարություններում, սրանից դուրս հայտարարությունները, որոնք անում է Ադրբեջանի նախագահը, բացասական ազդեցություն են թողնում բանակցությունների վրա,– զգուշացրել է Նիկոլ Փաշինյանը։

Այս գործընթացներին զուգահեռ՝ Հայաստանի կառավարությունը ծրագրում է հաջորդ տարվա բյուջեն, ասել է թե՝ հաջորդ տարվա անելիքները։ Արտաքին գերատեսչության համար հիմնական ուղղությունները՝ ըստ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի․

«Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը։ Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացի արդյունավետ իրականացումը հնարավոր է բոլոր դերակատարների կառուցողական դիրքորոշման և գործնական քայլերի իրականացման դեպքում։ Այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին»։

Հայկական կողմը աշխատելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման ուղղությամբ, Ռուսաստանի արտնգործնախարարությունն էլ հայտարարում է, որ մտադիր չէ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփվելու բացառիկ իրավունքը վերապահել իրեն և ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը համարում է կենսունակ։   

Ուշագրավ է, որ ռուսական դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է ոչ թե տարածաշրջանային «3+3», այլ «3+2» ձևաչափի ուղղությամբ աշխատելու հեռանկարի մասին։

Back to top button