ԿարևորՔաղաքական

Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մեջ մենաշնորհի

Ռուսաստանը մտադիր չէ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերել։ Ինչպես ТАСС-ն է հաղորդում՝ ասված է ՌԴ ԱԳՆ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ հրապարակված հայտարարության մեջ։

«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մեջ մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերություն բոլոր բնագավառներում։ Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործման օգտին՝ համարժեք հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխված իրողությունները»,-ասվում է փաստաթղթում:

Ըստ ТАСС-ի, դիվանագիտական ծառայությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է հանգիստ հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն առ այն, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին «Լեռնային Ղարաբաղն անջատելուն», Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»:

«Նման հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, ծառայում են ակնհայտ արտաքին պատվերին և իրականության հետ որևէ կապ չունեն», — նշել է ՌԴ ԱԳՆ-ն։

Նախարարությունան հայտարարության համաձայն, Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, որը նախատեսում է չափազանց հարգալից վերաբերմունք Երևանի և Բաքվի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։

«Մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ չի հաջողվել համաձայնության գալ, և դա նորմալ է: Բայց արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, ձեռք է բերվել տառապանքով և արդյունավետորեն իրականացվում է գործնականում»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրվել է կարևոր դրույթ՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում։ <…> Կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է` դրան հաջորդելիք սահմանագծմամբ։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն ցուցաբերել, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսել սահմանազատման իր հարուստ փորձը այլ երկրների հետ»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ռուս սահմանապահները ներկա են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում՝ կանխելու և ճնշելու կոնֆլիկտային իրավիճակները և կարգավորելու միջադեպերը, նշվում է հաղորդագրությունում։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանային գերատեսչությունների աշխատանքը համապատասխան տեղեկատվության փոխադարձ փոխանակման ուղղությամբ կազմակերպվել է շուրջօրյա։ Ադրբեջանա-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքի առանցքային տարրերից մեկը, ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ-ն, եռակողմ աշխատանքային խմբի գործուներությունն է։

ՌԴ ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Մոսկվան վճռական է շարունակելու եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով. «Վստահ ենք, որ այս ընդհանուր ճանաչված ձևաչափի ներուժը հեռու է սպառվելուց։ Համանախագահների պլաններն են՝ այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով»։

ՌԴ ԱԳՆ-ից հիշեցնում են, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ութ հանդիպումների արդյունքում ներկայացվել է զեկույց, որտեղ նկարագրված են երկաթուղային և ավտոմոբիլային կոնկրետ երթուղիներ՝ վերականգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապը՝ ելքով դեպի հարևան երկրների տրանսպորտային հաղորդակցություններ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և կներգրավի լրացուցիչ ներդրումներ։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի և Հայաստանի համար «Հյուսիս-Հարավ» միջազգային զարկերակի իրագործնման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս։

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված նշվում է, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները համաձայնել են, որ բոլոր ապաշրջափակված և նորաստեղծ տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են։

Ցուցադրել ավելի
Back to top button