ԿարևորՀասարակություն

Պոլիտեխնիկում նախատեսում են նոր կրթական ծրագիր օդային ռոբոտատեխնիկայի ոլորտում

Նախագծել նոր անօդաչու թռչող սարքեր, գրանցել, ուսումնասիրել դրանց թռիչքը վերլուծել սխալներն ու արդեն գիտական հիմքի վրա զարգացնել օդային ռոբոտաշինությունն ու դրա ճշգրտությունը։ Այս ամենն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկական լաբորատորիայում։ Համալսարանի աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանն ասում է՝ հատկապես վերջին պատերազմից հետո պարզ դարձավ՝ ինչ մեծ դերակատարում ունի օդային ռոբոտատեխնիկան պետության անվտանգության մեջ։

«Մեր լաբորատորիայի հիմնական հնարավորություններից, առավելություններից մեկը հենց անօդաչու թռչող սարքերի մոդելավորումն է, մենք կարող ենք սարքերի ճշգրիտ շարժումը գրանցել, որից հետո կարելի է մշակել այնպիսի համակարգեր, որոնցով հնարավոր կլինի ղեկավարել անօդաչու թռչող սարքը կամ ստեղծել ճշգրիտ գործող նոր անօդաչու թռչող սարք»,– ասում է Էլբակ Էլբակյանը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը նոր մասնագիտական ուղղությունների ներդրման ու զարգացման, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ու երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացման, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով ու գործիքներով հագեցած ինժեներական կառույց է։ Լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև վերջերս կնքված համագործակցության նոր պայմանագրով էլ առաջիկայում լաբորատորիան կվերազինվի։

«Համագործակցության պայմանագրի շրջանակում լաբորատորիան համալրվելու է նոր սարքավորումներով, կրթական լաբորատորիայով, որը հնարավորություն կտա բարելավելու և ապահովելու ոլորտի կադրային բացը։ Կիրականացվեն վերապատրաստումներ օդայի ռոբոտատեխնիկայի ոլորտում, գիտության ոլորտում հետազոտություններ, ուսումնասիրություններ, ինչպես նաև կհասնենք նոր սարքավորումներ արտադրելուն»,– ասում է պոլիտեխնիկական համալսարանի աշխատակազմի ղեկավարը։

Պոլիտեխնիկական համալսարանում նախատեսում են նաև օդային ռոբոտատեխնիկայի ոլորտում նոր կրթական ծրագիր նախագծել ու ներառել մասնագիտացումների ցանկում։ Մինչ այդ լաբորատորիայի հնարավորություններից օգտվում են մասնավոր ընկերություններն ու ուսանողները, որոնք գիտական աշխատանք են պաշտպանում տվյալ ոլորտում՝ ասում է գիտահետազոտական կենտրոնի ինժիներ Հայկանուշ Դարբինյանը։ Պատմում է լաբորատորիայում առկա «Վայքն» համակարգը եզակի է իր տեսակի մեջ և հնարավորություն է տալիս գրեթե անսխալ ուսումնասիրել թռչող սարքի շարժումներն ու անհրաժեշտ ուղղումներն անել։

«Թռչող սարքի վրա տեղադրում ենք մի քանի մարկերներ, որոնք իրենցից ներկայացնում են սովորական պլաստմաս, որի արտաքին թաղանթը անդրադարփնում է ինֆրակարմիր ալիքները։ Տեսախցիկները, որոնք ֆիքսված դիրքեր ունեն ցանկացած պահի իրական ժամանակում գրանցում են շարժման տվյալները և փոխանցում են համակարգչին, որն էլ վերլուծում է ստացած տվյալները»,– ասում է Հայկանուշ Դարբինյանը։

Լաբորատորան այսօր ընդամենը մի քանի աշխատող ունի, ուսանողների շրջանում էլ Հայկանուշ Դարբինյանը առանձնակի ակտիվություն չի նկատել, ափսոսում է, որ գիտահետազոտական լաբորատորիայի հնարավորություններից քչերն են օգտվում, հույս ունի, որ առաջիկայում՝ նոր համագործակցության շրջանակում լաբորատորիայի վերազինումից հետո հետաքրքրությունն էլ կմեծանա։

Ցուցադրել ավելի
Back to top button