ԿարևորՄշակույթ

Գանձերը՝ Վերնիսաժում, գանձագողերը՝ մոտակայքում․ ի՞նչ գնով են վաճառասեղանին հայտնվում հնածոները

Ապացուցել, որ գտածոները  գանձագողության արդյունքում են վաճառքի հանվել, միշտ չէ, որ ստացվում է։ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանի խոսքով՝ գանձերի գինը, որպես պատմական բացառիկ նմուշներ, անհամեմատ բարձր է, քան այն արժեքը, որով դրանք վաճառվում են որպես գողացված առարկաներ․

«Ի՞նչ են փնտրում, փնտրում են գանձեր, ըստ իրենց տրամաբանության հիմնականում ոսկեղեն, բայց իրականում ողբալի բան են անում, որովհետև եթե հնագետների կողմից նման առարկաներ հանելու գործընթացը կարող է տևել մի ամիս, գանձագողերը դրանք անում  են մի քանի ժամում, բահերի և այլ գործիքների միջոցով։ Դամբարաններում փնտրում են ոսկի, բայց հիմնականում չեն գտնում, որովհետև դրանք կիլոգրամներ չեն այլ ընդամենը մի քանի գրամ են և արժեքը գիտական է»,-ասում է Արտավազդ Զաքյանը։

Երբեմն պեղումների արդյունքում հնագետները գտնում են գանձագողերի թողած պարկերը, տոպրակները կամ պլաստիկը։  Այդպես են վարվել Ոսկեվազ համայնքում գտնվող «Ախթամիր» հուշարձանի տարածքում գանձեր որոնողները։ ՊՈԱԿ-ի մարզային ծառայության պահապանները հայտնաբերել են փորված հերթական փոսը, հետո էլ պարզել, որ  դամբարաններից մեկն ամբողջովին վանդալիզմի է ենթարկվել։ Ք․Ա․ 3-րդ հազարամյակին վերագրվող  հուշարձանի տարածքում սա գանձագողության առաջին դեպքը չէ։

«Գանձագողության համար ինչով է այս տարածքն ավելի այսպես ասած հարմարավետ, որովհետև գյուղից հեռու է գտնվում, ճանապարհը դժվարանցանելի է, դամբարանադաշտեր կան, որոնք նկատելի են։ Գանձագողերը հնաոճ իրեր են փնտրում, մետաղադրամներ, առարկաներ։ Վերջին երկու տարում սա 5-րդ դեպքն է գանձագողության, բոլոր դեպքերով քրեական գործեր են հարուցվել, այս պահին էլ քննություն է գնում»,- ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Արթուր Թովմասյանը։

Մարզային ծառայության պետն ասում է՝ Ախթամիրում կխստացնեն «պահպանության» ռեժիմը․ չնայած ճանապարհը դժվարանցանելի է, պահապանները կփորձեն ավելի հաճախ բարձրանալ Ախթամիր։ Հուշարձանի տարածքում գանձագողության դեպքերից մեկի ժամանակ էլ բառի ուղիղ իմաստով գանձագողն ընկել է իր իսկ փորած փոսն ու մահացել, ԱԻՆ-նն էլ չի հաջողվել փրկել մարդուն՝ ասում է  ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետի տեղակալ Տարոն Մանուկյանը։

Գանձագողերը հիմնականում աշխատում են խմբերով, գալիս են մետաղորսիչ սարքերով՝ հույս ունենալով, որ դամբարանի կամ հուշարձանի տարածքում գանձեր կգտնեն։ Մարզային պահապաններն էլ փորձում են գանձագողերին գտնել, թեպետ երբեմն ուշանում են։ Այդ դեպքերում մարզային ծառայությունը դիմում է ոստիկանություն, հարուցվում է քրեական գործ։

Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով գանձագողության համար սահմանում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։  Բայց ինչպե՞ս որոշել վնասի չափը, ինչպե՞ս ապացուցել, որ գանձագողություն է եղել և ի վերջո ինչպե՞ս իմանալ, թե ինչ են գողացել, եթե մինչ այդ տարածքն ուսումնասիրված չի եղել․

«Օրենքը միանշանակ լրացումների կարիք ունի, բայց լուծման երկու տարբերակ կա, առաջինը հանրային իրազեկցվածությունը պետք է բարձրացվի, գանձագողության վանսների մասին խոսվի և երկրորդը ՏԻՄ մարմինները ավելի շատ լիազորություններ ունենան այս հարցում, թեկուզև տրանսպորտի տրամադրման, որ մարզային ծառայողները ավելի հաճախ գնանք, որովհետև շատ հուշարձաններ սարի գլխին են և պահապանը շաբաթը մեկ կամ մաիսը մեկ է կարողանում գնալ»,-ասում է Արտավազդ Զաքյանը։

Պահպանության ՊՈԱԿ-ը մի լուծում էլ է առաջարկում՝ գանձագողերին տանել հնագիտական պեղումների։ Արդյունքում՝ նրանք  գումար կաշխատեն՝ առանց գանձանգողության, հուշարձանը վանդալիզմի չի ենթարկվի, իսկ գտածոներն էլ կհայտնվեն թանգարաններում։

Ցուցադրել ավելի
Back to top button