ԿարևորՏնտեսական

Պահպանողական վարքագիծ․ ինչո՞ւ են նվազում վարկերը

Տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 37 մլրդ դրամով կամ 4․2 տոկոսով։  Նույն ժամանակահատվածում  վարկերը նվազել են շուրջ 279 մլրդ դրամով կամ  6.7%–ով: Բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 47%-ը  տնտեսությանը, 43%-ը՝ ֆիզիկական անձանց և 10%-ը ֆինանսական այլ կազմակերպություններին տրված վարկերն են։ Վարկային ներդրումների ծավալի նվազելը փորձագետները տնտեսության վերականգման դանդաղ տեմպերով են պայմանավորում։

Համավարակի ու հետպատերազմյան տնտեսական շոկերի հետևանքներն արտացոլվում են բանկային վիճակագրության մեջ։  Հրապարակվտած վերջին վյալները հուշում են, որ  քովիդային ու հետպատերազմային դժվարությունները դեռ շարունակվում են։ Բանկերի միության գործադիր տնօրեն  Սեյրան Սարգսյանը կարծում է, որ  բանկային համակարգը շոկերին արագ, ժամանակին ու հասցեական է արձագանքել։ Առևտրային 17 բանկերի ընդհանուր կապիտալը 917 մլրդ դրամ է․ ցուցանիշը կարևոր է համակարգի ստրեսակայունության համար՝ պարզաբանում է Սեյրան Սարգսյանը։

«Կարևորներից  է նաև բանկերի ակտիվների ցուցանիշը, որը 6․9 տրիլիոն է կազմում։ Սա համադրելի է երկրի համախառն ներքին արդյունքին։ Նախորդ  տարի ակտիվների ծավալը գերազանցել  էր  ՀՆԱ–ին։ Վարկերի ու ավանդների ծավալը գրեթե հավասար է՝ 3․9 տրիլոն դրամ»։

Բանկերի միության գործադիր տնօրենը տնտեսագիտական պարզ կանոններն է հիշեցնում՝ իրավիճակն այնպիսին էր, որ տոկոսադրույքները պետք է բարձրանային, ինչը , սակայն, տեղի չունեցավ։ Արդյունքում՝  կրճատվեց վարկերի ծավալը։  2021 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գործող բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 3 տրլն 500 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ կրճատվելով  շուրջ 235 մլրդ դրամով կամ 6.3%-ով։ Անկում է գրանցվել գրեթե բոլոր վարկատեսակների գծով՝ բացառությամբ շինարարական ու հիփոթեքային վարկերի։ Դրանք, ընդհակառակը, աճ են գրանցել․ հիփոթեքային վարկերն ավելացել են 22, շինարարության ոլորտին տրվող վարկերը՝ 20.8%-ով: Տնտեսության մյուս ճյուղերին՝ արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, առևտրի ոլորտին տրամադրված, ինչպես նաև  սպառողական վարկերը նվազել են։  Սպառողական վարկերը, որոնք, ըստ էության,  ամենամեծ տեսակարար կշիռն ունեն վարկային պորտֆելում (ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 24%-ը), տարեսկզբի համեմատ կրճատվել են 10, արդյունաբերական վարկերը՝ 18  %–ով․ Բանկերի միության գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանն արձանագրում է։

«Վարկային ներդրումների մասով ունենք որոշակի նվազում՝ 2021թվականի առաջին ինն ամիսների ընթացքում 6․7 տոկոսով կամ 279 մլրդ դրամի չափով։ Սա մի քանի գործոններով է պայմանավորված։ Ոլորտային որոշակի վերադասավարումներ են, որոնք  քովիդի ու պատերազմի  հետևանք կարող են լինել»։

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի խորհրդական Համլետ Մկրտչյանը ռիսկեր է տեսնում մասնավորապես ռեզիդենտներին տրվող վարկերի նվազման մասով։ «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանում է, թե ինչով է պայմանավորված նվազումը։

«Համավարակով ու պատերազմով պայմանավորված՝ տեղի բիզնեսմենները ավելի պահպանողական են  դարձել վարկեր վերցնելու և բիզնես սկսելու տեսանկյունից։ Կարելի է  ենթադրել, որ առաջիկայում հիփոթեքային վարկերը կնվազեն՝ հաշվի առնելով այն, որ կառավարությունը մինչև 2025թ փոխելու է եկամտային հարկի վերադարձի սկզբունքը»։

Եթե կառավարությանը հաջողվի կոտրել համավարակի շղթան և կայունացնել  իրավիճակը, տնտեսական ակտիվությունը կսկսի արագանալ՝ կարծում է տնտեսագետը։ Նրա դիտարկմամբ՝  կարևոր է անվտանգության բաղադրիչը, հատկապես տեղական ներդրողների համար։

Ձայն 4  «Իհարկե, տեղի ռեզիդենտները կարող են պահպանողական վարքագիծ դրսևորել, մտածել, որ տնտեսությունը շոկի մեջ է, նոր վարկեր չվերցնել ու ներդրումներ չանել։ Իմ կարծիքով՝ սա կարճաժամկետ է, եթե կարողանանք հաղթահարել քովիդով ու պատերազմով պայմանավորված այս ծանր փուլը, ապա այդ խնդիրը կլուծվի ու կկարգավորվի»։

Վիճակագրական տվյալները փաստում են՝ սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է ընդամենը 2.4%-ով՝ հունվար–սեպտեմբերի   4․4 տոկոսի համեմատ։ Տնտեսությունը նույն վիճակում է, որում մի քանի ամիս առաջ էր՝ արձանագրում է «Ռադիոլուր»–ի զրուցակիցը՝ տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Բացատրում է՝  նախորդ ամիսները համեմատում էինք  2020–ի այն շրջանի հետ, որը սահմանափակումների  առումով  ամենաբարդ շրջանն էր։   

«Սա նպաստավոր էր՝ աճ ցույց տալու առումով։ Բայց կառուցվածքային առումով այն ժամանակ էլ, այժմ էլ  կան խնդիրներ՝ արդյունաբերության մասով կար խնդիր, ծառայությունների աճի մասով ունեինք խնդիրներ։ Ըստ էության՝ դրանք նույնությամբ մնացել են։ Ասել, որ  կառուցվածքային, որակական տեղաշարժ ունենք, չենք կարող»։  

Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսությունը կարող է վերականգնվել մինչև հաջորդ տարվա՝ 2022 թվականի կեսը։ Փորձագետների մի մասը, սակայն,  կարծում է, որ  համավարակի այսօրվա տեմպերը  կարող են հետաձգել տնտեսության վերականգնումը։

Ցուցադրել ավելի
Back to top button