ԿարևորՀասարակություն

Ուտելու համար առաջարկվող ամեն ինչ չէ, որ ուտելու է․ թունավորում պիցցայից՝ հանրային սննդի ցանցում

Նախօրեին Ինֆեկցիոն ազգային կենտրոն է սննդային թունավորմամբ ընդունված քաղաքացիներից 4-ը շարունակում է բուժում ստանալ։ Նախնական ախտորոշմամբ՝ աղիքային ինֆեկցիայով հիվանդանոց դիմած քաղաքացիներից 3-ը երեխա են։ Բոլոր քաղաքացիները սնվել են հանրային սննդի միևնույն ցանցի երկու տարբեր կետում։ Հիվանդների վիճակը միջին ծանրության է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արդեն սկսել են վերահսկողական միջոցառումներ նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում էլ: Սրանք երկուսն էլ հիմա փակ են, մինչեւ համաճարակաբանական հետազոտությունն ավարտվի։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն դիմած բոլոր 15 քաղաքացիները սնվել են Երևանի հանրային հայտնի ցանցի 2 տարբեր կետերում: Ախտորոշումը՝  աղիքային ինֆեկցիա՝ կլինիկական նույն ախտանշաններով՝ ջերմություն, սրտխառնոց,ախորժակի բացակայություն, փսխում և լուծ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ, Երևանի գլխավոր վարակաբան Արշակ Ղազարյանը։

«Դիմել են  շտապ օգնության ուղեկցությամբ։ Բոլորի վիճակը ներկա պահին միջին ծանրության է, ընդունման պահին մեկ երեխայի վիճակը գնահատվել է ծանր՝ ջրազրկմամբ պայմանավորված։ Կատարված ինֆուզիոն թերապիայի ֆոնի վրա ներկա բահին դեռ հիվանդանոցում գտնվող 4 հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության»։

Վերջին մի քանի ամսում հանրային սննդի կենտրոններում զանգվածային թունավորման դեպք չի գրանցվել։

«Բակտերիալ աղիքային ինֆեկցիայի եզակի դեպքեր ենք ունեցել, որոնք կապ չեն ունեցել մեկը մյուսի հետ և հիմնականում վարակման կենցաղային բնույթ են կրել։ Օրինակ՝ տանը հավկիթի վատ լվանալու, ջերմային մշակման ենթարկելու պատճառով, բայց հասարակական օբյեկտներում սնվելու հետևանքով առաջացած աղիքային ինֆեկցիայի դեպքեր վերջին մի քանի ամիսների ընթացքում չենք ունեցել»։

Ի՞նչն է եղել սննդային թունավորման պատճառը՝ պարզ կլինի 5-7 օր հետո, համաճարակաբանական հետազոտությունը կպարզի։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, որ տվյալ ընկերության մասնաճյուղերում առկա ողջ սննդամթերքից, այդ թվում՝ հումքից, կատարվել է նմուշառում, որը ներկայացվել է լաբորատոր փորձաքննության: Առհասարակ, սննդի հանրային կետերից օգտվելիս պետք է հաշվի առնել նաև ռիսկերը։ Ոչ միշտ է, որ պահպանվում են սննդամթերքի պահպանման, պատրաստման և օգտագործման պայմանները՝ նկատում է սննդամթերքի անվտանգության փորձագետ Մելինե Բեգլարյանը։

«Մանուկների շրջանում կատարված տարբեր հետազոտությունները ցույց են տվել, որ իրենք հիմնականում նախընտրում են չիպսեր, գազավորված ընպելիքներ, շաքարի բարձ պարունակություն ունեցող մթերքներ։ Բնականաբար ոչ միայն այդ փաթեթավորված մթերքները կարող են վտանգավոր լինել, այլև որոշակի կետերում  իրացվող շատ քանակությամբ ձեթի մեջ տապակված մթերքներից պետք է հնարավորինս խուսափենք»։

Վերջին թունավորման մասով սննդի փորձագետը որոշակի դիտարկումներ ունի։  Բարձր ռիսկային են համարվում հատկապես պահպանման կարճ ժամանակ ունեցող մթերքները։

«Օրինակ՝ եթե պատրաստված են մսային ուտեստներ, բնականաբար շատ ուշադիր պետք է լինենք, թե ինչպես է պատրաստվել, արդյո՞ք ջերմային մշակումը բավարար չափով է իրականացվել, արդյո՞ք օգտագործված հումքը համապատասխանում է անվտանգության պահանջներին, թե ՝ ոչ։ Սննդամթերքի անվտանգության ապահովումը միայն վերջնական արտադրանքի անվտանգության ապահովումը չէ։ Այդ անվտանգությունը կախված է լինելու նաև, թե ինչ հումք է ձեռք բերվել նմանատիպ մթերք պատրաստելիս։ Բնականաբար պիցցաների պատրաստման, արտադրության ժամանակ սկսած խմորից մինչև այն բաղադրիչները, որոնք որ օգտագործվում են, այս կամ այն չափով կարող են ռիսկային լինել»։

Թունավորման պատճառ կարող են դառնալ ինչպես պահածոյացված սունկը, այնպես էլ մայոնեզը, թռչնամիսը և մյուս բաղադրիչները։ Մասնագետները չեն բացառում նաև, որ այս դեպքում ոչ թե մթերքն է դարձել պատճառը, այլ հիգիենայի կանոնների խախտումը, որը ոչ պակաս ռիսկային է և հաճախ հանդիպող։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից վստահեցնում են՝ իրենց տեսուչները փորձում են «խոշորացույցի» տակ պահել   հանրային սննդի ցանցը՝ իրականացնելով վերահսկողական աշխատանքներ, սակայն միայն տեսուչների աշխատանքը, որքան էլ այն ինտենսիվ լինի, չի կարող փոխարինել հանրային սննդի շղթայում ներգրավված տնտեսվարողի բարեխղճությանը։ Ամեն դեպքում պետք է հույս դնել սեփական աչալրջության վրա․ ուտելու համար առաջարկվող ամեն ինչ չէ, որ ուտելու է։

Ցուցադրել ավելի
Back to top button