ԿարևորՀասարակություն

Հայերենը Վրաստանում չի կորչի․ ուսուցիչները սպասում են որակավորման քննություններին

Առաջիկա ամիսներին Վրաստանում կմեկնարկի հայերենի ուսուցիչների ատեստավորման գործընթացը։ Դա հնարավորություն կտա նաև հայկական դպրոցների մայրենիի ուսուցիչներին ստանալ որակավորում։

Երկար սպասված որոշման մասին հուշագիրն օրերս ստորագրվեց Հայաստանի և Վրաստանի կրթության նախարարությունների միջև։ 

Դրանով գնահատման և թեստավորման հայաստանյան կենտրոնն աջակցություն կցուցաբերի Վրաստանի դպրոցներում աշխատող հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական որակավորման քննության համար 100 հարցից բաղկացած առաջադրանքների բանկի մշակմանը։ ԿԳՄՍ նախարարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է․  

«Խոսքը վերաբերում է Վրաստանում դասավանդող հայ ուսուցիչների ատեստավորմանը, որպեսզի նրանք կարողանան տարակարգ ստանալ, հնարավորություն ստեղծվի նրանց աշխատավարձը համապատասխանեցնել Վրաստանում ուսուցիչներին տրամադրվող միջին աշխատավարձին։ Այդ առումով հայկական կողմը մեթոդաբանական աջակցություն կտրամադրի գնահատման գործընթացին»։  

Կրթական բարեփոխումների շրջանակում Վրաստանում գրեթե բոլոր առարկաների ուսուցիչներն ատեստավորման հանրավորություն են ստացել։ Կարգավիճակ (ավագ, առաջատար և մենթոր) ստանալով, զգալիորեն բարձրանում է նաև նրանց աշխատավարձերը։ Ուսուցչի մասնագիտությանը Վրաստանում վերջին շրջանում մեծ ուշադրությունը է դարձվում, նրանց աշխատավարձը որոշ դեպքերում հասնում է 2000 լարիի՝ մոտ 300 հազար դրամի։

«Հայ ուսուցիչներն իրենցից անկախ հայտնվել էին անհավասար պայմաններում։ Վրացի մեր գործընկերներն այդ խնդիրը հասցեագրելու համար դիմել էին մեզ, մենք էլ սիրով պատրաստակամություն ենք հայտնել աջակցել։ Կարծում եմ այս ամենը կօգնի Վրաստանում հայերեն լեզվով կրթության կազմակերպմանը։ Դա է ակնկալիքը եւ այն ըմբռնումն ու գիտակցումը, որը կիսում են երկու կողմերը»։ 

Վրաստանում ավելի քան 120 հայկական դպրոց կա, հարյուրավոր հայ ուսուցիչներ դուրս էին մնացել Վրաստանի կրթական բարեփոխումների հիշյալ ծրագրից հիմնականում մեթոդաբանական խնդիրների պատճառով։

Մառնեուլիի շրջանի հայաբնակ Դամիայի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուդմիլա Նալբանդյանը (Բադալյան) տարիներ շարունակ բարձրաձայնում էր խնդիրը, ասում է՝ իր պայքարը մայրենիի փրկության համար է․

«Ես աշխատավարձի համար չեմ պայքարում, ես պայքարում եմ հայոց լեզվի համար, կկորչի հայոց լեզուն, եթե այսպես շարունակվի, եթե քննություններ չլինեն, որակավորում չլինի, ոչ մի աշակերտ լեզվագրականության ուղղությամբ չի շարունակի, իսկ դա սարսափելի բան կլինի մեր լեզվի համար»։

Մայրենիի ուսուցչուհին նշում է, որ Դամիայի դպրոցը մշտապես հայոց լեզվին և գրականությանը գերազանց տիրապետող շրջանավարտներ է տալիս, սակայն այդ ուղղությամբ չեն ցանկանում շարունակել հենց դպրոցներում կարգավիճակի փոփոխություն չունենալու պատճառով․

«Կարող ենք ասել, որ Վրաստանում այս մասնագիտությունն այսուհետ ընտրողներ կլինեն։ Շատերն են սպասում որակավորման քննություններին ինչպես մեր՝ Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղերի, այնպես էլ Ջավախքի հարյուրավոր հայկական դպրոցների ուսուցիչները»։

Հայաստանի և Վրաստանի կրթական գերատեսչությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը ենթադրում է ընդլայնել երկուստեք համագործակցությունը մի քանի ուղղությամբ. կողմերը կնպաստեն նաև երկու երկրների ուսուցիչների վերապատրաստման և գնահատման համակարգերի կատարելագործման նպատակով փորձի փոխանակմանը։ Փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ասում է, որ երկու երկրների միջև երկխոսության նոր մակարդակի սկիզբ է դրվել․

«Ես վստահ եմ որ երկխոսության այս նոր մակարդակը, որի սկիզբը դրվեց հուշագրի ստորագրմամբ, շարունակվելու է ոչ միայն նախարարների ու փոխնախարարների, այլ նաև կրթական համակարգի գործունեությամբ զբաղվող տարբեր կառույցների միջև, որից երկու երկրներն էլ կշահեն»։  

Ցուցադրել ավելի
Back to top button