ԿարևորՀասարակություն

Ինչի՞ համար փող կա բյուջեում․թանկացումներն ու աշխատավարձերը համահունչ կդառնան միայն 2026-ին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 2022 թվականին կաճի ավելի քան 15 տոկոսով՝ կազմելով 580 մլրդ դրամ: 2022 թվականի պետբյուջեի նախագծում կան նոր հավակնոտ ծրագրեր  քննարկմանը, բայց միաժամանակ այն «հակազդող» չէ սպասվող գնաճին։ Աշխատավարձերի, նպաստների և կենսաթոշակների էական բարձրացում հաջորդ տարի չի սպասվում։

Կառավարության ծրագրում կա հստակ ժամկետ, թե երբ նվազագույն աշխատավարձի և սպառողական զամբյուղի միջև խզումը կարող է վերացվել։ Մինչ այդ՝ հաջորդ տարի այդ տարբերությունը կշարունակի աճել։ 2022–ի սոցիալական բյուջեն ընդդիմադիրների ներկայացմամբ ամենևին սոցիալական չէ։

Քովիդի համավարակի և պատերազմի հետևանքով սպառողական գների աճի ֆոնին հաջորդ տարվա համար սպառողական նվազագույն զամբյուղը կանխատեսվում է  80 հազար դրամ։ Իսկ սրան զուգահեռ՝ նվազագույն 68 հազար դրամ աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում, իսկ նվազագույն կենսաթոշակը բարձրանալու է 2 100 դրամով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հուսով է, որ քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան այս թվերին․

«Կարծես, մենք բոլորս մոռանում ենք, որ մեր երկիրն անցել է առնվազն երկու ծանրագույն ճգնաժամերի միջով և դեռ անցնում է։ Դրանք պայմանավորված են կորոնավիրուսով և պատերազմով, որոնք բազմաթիվ տնտեսական և ֆինանսական հետևանքներ են թողնում նաև մեր ոլորտի վրա։ Այո, 2 100 դրամը բավարար չէ, բայց պետք է արձանագրել, որ դա դրական մեկ քայլ է՝մեղմելու իրավիճակը, և մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները»։

Նախարար Մկրտչյանը վկայակոչում է կառավարության հնգամյա ծրագիրը․ այնպես են անելու, որ մինչև 2026 թվականը սպառողական զամբյուղի և նվազագույն աշխատավարձի միջև խզումը վերանա։ Իսկ մինչ այդ լրագրողներին պարզաբանում է․

«Ոչ մի խնդիր միանգամից լուծել հնարավոր չէ»։

2 000–ականներին սոցիալական ապահովության ոլորտի պատասխանատուն կուսակցություններից դաշնակցությունն էր։ Այժմ ընդդիմադիր դիրքերից ԱԺ-ում հանդես եկող դաշնակցականները գրեթե անփոփոխ մնացած նույն հարցերն են ուղղում իշխանություն դարձած նախկին ընդդիմադիրներին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թադևոս Ավետիսյան․

«Իհարկե, պոպուլիստական կլինի, որ ես հիմա ասեմ՝ ինչպե՞ս ընտանիքը ապրի և այլն, չնայած այդպիսի հարցեր ընդդիմությունը նախկինում միշտ տալիս էր, բայց ես այդ հարցը չեմ տալիս։ Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ինչքան էլ մակրոտնտեսական կայունություն, փող չկա, խնայենք՝ երկիրը զարգանա, բայց դուք ավելացնում եք կառավարման ապարատի պահպանման ծախսերը 28%–ով՝ 1.55 միլիարդ դրամով, հիմա սա ինչպե՞ս կհասկանա օրինակ, կենսաթոշակառուն։ Այն ծախսերը, որ դուք ավելացրել եք՝ կենսաթոշակները ամբողջությամբ միջինը առնվազն լրացուցիչ 10% բոլորի համար, ինչը կլիներ օբյեկտիվ այս գնաճի պայմաններում»։

Այս ամենին զուգահեռ կա մի իրավիճակ, երբ համավարակի ընթացքում և պատերազմից հետո պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական 50 հազար դրամը դարձավ 250 հազար, որոշ տեղերում շարունակվեց պարգևավճարների հատկացումը,  հաջորդ տարվա պետբյուջեի նախագծում աճում են նաեւ տարբեր գերատեսչությունների պահպանման ծախսերը։  

Թյուր կարծիք չձևավորելու համար սոցապնախարարը խոսում է կառավարության ծրագրած մի շարք նոր սոցիալական  ծրագրերի մասին։ Կառավարության կարևորագույն նպատակներից է բազմազավակության ու ծնելիության աճի խթանումը։ Հաջորդ տարվա հունվարի 1-ից հետո ծնված 3-րդ և հաջորդ երեխայի համար 6 տարի շարունակ վճարվելու է 50 հազար դրամ։ Ծրագիրը սկսելու է գործել 2022–ից՝ հստակեցնում է նախարարը․

«Մենք այս մասին հայտարարել ենք դեռ ապրիլին, որպեսզի հնարավորություն տանք ընտանիքներին պլանավորել իրենց ընտանիքը, որպեսզի 2022 թվականի հունվարի 1–ից արդեն հնարավորություն ունենան դառնալ այս ծրագրի շահառուն։ Ծրագիրը վերաբերելու է միայն 2022-ի հունվարի 1-ից հետո ընտանիքներում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելուն, որի դեպքում, այո, մինչև երեխայի 6 տարին լրանալը 50 հազար դրամ աջակցություն կստանան։ Դա չի խանգարի, որ օրենքով սահմանված կարգով այլ նպաստներ և աջակցություններ նույնպես ընտանիքը ստանա՝ երեխայի ծնվելու միանվագ նպաստը և այլն»։  

Կարգավորման հարցեր կան կենսաթոշակների վճարման մասով։ Թոշակը բաժանվում է «ՀայՓոստ»-ի և բանկերի միջոցով։ Նախարարությունը «ՀայՓոստ»-ին այդ ծառայությունների համար վճարում է 1 միլիարդից ավելի միջնորդավճար, բանկերին՝ 13 անգամ պակաս։ Այժմ բանակցում են՝ լուծելու խնդիրը՝ ասում է նախարարը։ Իսկ խնդիրը կապված է կենսաթոշակները «ՀայՓոստ»–ում կանխիկ և անկախկիկ ստանալու եղանակներին։  

«Հայփոստի հետ մենք ունենք պայմանավորվածություն, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ հիմա քննարկում ենք, որ հնարավորություն տանք քաղաքացիներին՝  կանխիկի և անկանխիկի միջև որոշում ընդունել։ Ասեմ, որ «Հայփոստ»–ը նույնպես ունի անկանխիկ վճարումներ կատարելու գործիքակազմ՝ էլեկտրոնային դրամապանակի գործիքը, որը հնարավորություն կտա քաղաքացուն որոշել՝ անկանխի՞կ է ստանում, թե՞ կանխիկ։ Նշված տարբերությունը պայմանավորված է դրանով, որ որոշակի ծառայությունների դեպքում քաղաքացիների, օրինակ՝ հաշմանդամների, գյուղաբնակ կենսաթոշակառուների,  այդ գումարը հասցեական հասցնել իրենց բնակավայր, իսկ դրա համար որոշակի միջնորդավճար է գանձվում։ Պետք է վերանայվի այդ միջնորդավճարը, մենք հիմա սկսել ենք նման գործընթաց և, կարծում եմ, 2022–ին արդեն վերջնական պատկեր կունենանք»։

Սոցապնախարարության առանցքային ծրագրերից մեկով էլ փորձելու են լուծել տարիներով կուտակված սոցիալական բնակապահովման խնդիրներ։ Սա համարվում է մեծ ռեֆորմ, որը գտնվում է քննարկումների վերջնական փուլում։ Ամիսների ընթացքում կունենան ծրագրային հստակ շրջանակ։

Ցուցադրել ավելի
Back to top button