ԿարևորՀասարակություն

Արցախի դեմ Ադրբեջանի հանցագործությունները քննարկվել են ԱՄՆ Սենատում

ԱՄՆ Սենատում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկներ։

Դրանցից մեկով նախատեսվում է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հովածի (առավել հայտնի որպես «907-րդ բանաձև») պահանջների կատարումը, որը արգելանք է դնում Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության վրա։

Մյուս երկու նախագծերն ուղղված են Պետդեպարտամենտին և Պաշտպանության դեպարտամենտին՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել «Բայրակթար» անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ՝ այն համատեքստում, որ այդ տեխնոլոգիաների օգտագործումը երրորդ երկրի կողմից արդյո՞ք ամերիկյան օրենսդրության խախտում չէ։

Օրենսդրական փոփոխության երրորդ առաջարկով, որը ներկայացրել է սենատոր Ալեքս Պադիլան, Պետդեպարտամենտից և Պաշտպանության դեպարտամենտից պահանջվում է համատեղ զեկույց ներկայացնել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործումը, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների ներգրավումը։

Օրենսդրական փոփոխությունների առաջարկները Սենատի քվեարկությանը կարող են ներկայացվել արդեն հաջորդ շաբաթ։

Ցուցադրել ավելի
Back to top button