ԿարևորՀասարակություն

Ամերիկացի սենատորը պահանջում է պարզել թուրքական ԱԹՍ–ների բաղադրիչների ծագումը

Փոփոխություններ նախաձեռնել ԱՄՆ 2022 թվականի պաշտպանական բյուջեի նախագծում, ստուգումներ իրականացնել Թուրքիայից անօդաչու թռչող սարքերի արտահանման խախտումների վերաբերյալ,  սահմանափակել Ադրբեջանին հատկացվող  ռազմական օգնության չափը․ նման նպատակներ ունի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։ Որքանո՞վ են դրան իրականանալի եւ ինչ ակնկալել դրանցից։

Սենատոր Մենենդեսը մտադիր է պարզել՝ արդյո՞ք թուրքական անօդաչու թռչող սարքերն ունեն ամերիկյան արտադրության բաղադրիչներ։  ԱՄՆ իշխանությունները պետք է գնահատեն՝ Անկարային այդ սարքերի մատակարարումը  չի՞ հակասում ամերիկյան օրենքներին։ Մենենդեսը այս առումով ակնկալում է հաշվետվություն Պենտագոնից։ Նրա համոզմամբ՝ չպետք է  թույլ տալ ամերիկյան բաղադրիչների կիրառումը թուրքական զենքերում։

Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ սենատորը կարեւորում է փաստը,  որ թուրքական անօդաչու թռչող սարքերը վճռորոշ են եղել  44 օրյապատերազմի ընթացքում։

Անդրադառնալով թեմային՝ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Ռադիոլուր»–ին ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ օգտագործված թուրքական բայրաքթարների եւ մյուս ԱԹՍ-ների պահեստամասերը ստացվում են ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից ու Գերմանիայից, եւ առանց դրանցից որևէ մեկի՝ բայրաքթարը հնարավոր չի լինի կիրառել․

«Թուրքական ԱԹՍ-ները այնքանով են «թուրքական», քանի որ ամբողջ պահեստամասերը՝ էլեկտրոնիկան, շարժիչը, հրթիռը, նավիգացիոն համակարգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության են։ Եթե այդ պահեստամասերը չտրամադրվեն, ԱԹՍ-ն պարզապես չի արտադրվի»։

Հարցի լուծումը պարզ է՝ պահեստամասեր չեն տրամադրվում,  եւ Թուրքիան ԱԹՍ-ներ չի կարողանում արտադրել։ Փորձագետը հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիայում, Կանադայում խորհրդարանականները Անկարային պահեստամասեր չտրամադրելու հարց բարձրացրել են, սակայն քննարկումները կասեցվել են, քանի որ այդ երկրները պայմանագիր ունեն Թուրքիայի հետ։

Հայկ Նահապետյանը հիշեցնում է, որ բացի բայրաքթարներից՝ 44-օրյա պատերազմում կիրառվել են նաեւ անթույլատրելի համարվող զանգվածային ոչնչացման զինատեսակներ՝ կասետային ու ֆոսֆորային  ռումբեր, ինչը պատերազմական հանցագործություն է․

«Ինչո՞ւ հայկական կողմը,  օրինակ, ֆոսֆորային ռումբի պայթյունից վիրավոր մեր զինծառայողների փաստերը, որոնք բազմաթիվ էին, հիվանդանոցներում  չօգտագործեց Ադրբեջանի դեմ՝ միջազգային հարթակներում դատական հայցեր ներկայացնելու համար»։

Թուրքիան ոչ միայն անարգել կիրառում է ՆԱՏՕ-ի երկրների պահեստամասերից ստեղծված ԱԹՍ-ները, այլեւ որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ ակտիվ  համագործակցում է ալյանսին հակադիր բեւեռի հետ․

«ՆԱՏՕ-ն ունի 10-ից ավելի ընդունված բանաձեւեր, ըստ որոնց ՌԴ-ն համարվում է ՆԱՏՕ-ի համար թշնամի պետություն։ Այսինքն, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարողանում է ՆԱՏՕ-ի ընդհանուր բլոկի թշնամի պետության հետ ռազմատեխնիկական համագործակցություն իրականացնել։ Դա ցույց է տալիս Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության  որոշակի առումով ինքնուրույնությունը, անկախությունը, բայց դա բացարձակ չէ։ Դա կառավարելի է, եւ անհրաժեշտության դեպքում, կարծում եմ, որ եթե ԱՄՆ-ն կասկածի, որ Թուրքիայի նկրտումները հակասում են կամ խոչընդոտում  ԱՄՆ ազգային շահերին, ապա, վստահաբար, ԱՄՆ–ն Թուրքիայի ղեկավարությանը իր տեղը ցույց կտա»։

Պենտագոնը Թուրքիայում մի քանի տասնյակ ռազմաբազաներ ունի, բացի դա՝  ԱՄՆ-ն ունի օդուժ՝ ատոմային մարտագլխիկներով։ Ըստ փորձագետի՝ եթե Անկարան կարմիր գծերը հատի՝ Վաշինգտոնը կկարողանա պատժել այդ երկրին։ Իսկ Ռուսաստանի հետ Անկարան համագործակցում է  Հյուսիսատլանտյան դաշինքի թույլտվությամբ։ 

Թուրքիային հանդուրժում են անգամ  ծավալապաշտական գործողություններում։ Այդ երկիրը կարողանում է երկու լարի վրա խաղալ, քանի որ, ըստ Հայկ Նահապետյանի, կան պետություններ, որոնք թույլ են տալիս, որ Թուրքիան գերտերություն լինի տարածաշրջանում։ Տասնամյակներ շարունակ Թուրքիային պատրաստում էին հենց այս օրվա համար, այդ երկիրը զսպաշապիկ է նաև ՆԱՏՕ–ին դեմ ուժերի համար, –ասում է զրուցակիցս։ 

Սա նշանակում է, որ սենատոր Մենենդեսի նախաձեռնությունը կարող է հաջողություն չունենալ․

«Մենք չենք կարող գնահատել խորքային պրոցեսները։ Դա կարող է գոլորշի բաց թողնելու նպատակ ունենալ՝ ցույց տալու համար, թե ԱՄՆ–ն, իբր,  Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դեմ կոնկրետ քայլեր է անում։ Եթե այդ նախաձեռնությունն սկզբունքորեն կյանքի կոչվի,  կնշանակի, որ Թուրքիան, այնուամենայնիվ, որոշակի պայմանավորվածություններ ռազմավարական առումով խախտել է, եւ սա ընդամենը զսպաշապիկ է ԱՄՆ–ի կողմից Անկարայի նկատմամբ»։

Ռազմական փորձագետը չի բացառում, որ սենատոր Բոբ Մենենդեսի ձեռնարկը համաշխարհային հանրային կարծիքի վրա ազդելու, մանիպուլացնելու հերթական քայլը լինի, եթե այդ նախաձեռնությունը կյանքի չկոչվի։ Թուրք–ամերիկյան հարաբերություններին անդրադարձել է   Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մեջլիսում   նախարարության 2022թ․ բյուջեն ներկայացնելիս։ Նա ասել է,  թե Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև խնդիրները քննարկելու համար երկկողմ աշխատանքնային խումբ կստեղծվի։ Նշել է, որ այդ առաջարկն արել է անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Ցուցադրել ավելի
Back to top button