ԿարևորՀասարակություն

«Ադրբեջան» անունը փոխարինվել է «Հայաստանով»․ հայ գիտնականներն ապացուցել են խաղողի 348 սորտերի հայկականությունը

Վերջին տարիներին առաջին անգամ Հայաստանում անցկացվել է խաղողի գենետիկական ռեսուրսների համապարփակ և լայնածավալ ուսումնասիրություն՝ գենոմային մակարդակում։ Այն իրականացվել է Գիտության կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության համաֆինանսավորմամբ՝ հայ-գերմանական ծրագրի շրջանակում։ Նպատակը խաղողի հայկական սորտերի գենետիկական անձնագրավորում–փաստագրումն էր ու դրանց ներառումը եվրոպական տվյալների բազա։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանն է․

«Մեր աշխատանքների հիմնական նպատակն էր հայկական տեղածին սորտերի բնօրրանը եվրոպական տվյալների բազայում դարձնել Հայաստանը։ Հիմա շուրջ 348 սորտ արդեն գրանցված է հայկական անվան տակ, և այս աշխատանքները տևել են շուրջ 4 տարի։ Եվրոպական գիտական խումբը Ադրբեջանը, որպես  բնօրրան, փոխարինել է Հայաստանով, և այս փոփոխությունը Հայաստանի նկատմամբ  բարի կամքի դրսևորում չէր։ Մենք գենոմային ուսումնասիրություններ, ծնողական ձևերի ուսումնասիրություններ ենք արել, ներկայացրել դրանք։ Գիտական տվյալների ու ապացուցողական հիմքի վրա հնարավոր եղավ դա փոխել»,-ասում է գիտնականը։

Մինչև հայ-գերմանական ծրագրի շրջանակում կատարված ուսումնասիրությունները՝ տվյալների եվրոպական բազայում խաղողի ընդամենը 120 հայկական սորտ էր նշված։ Մնացած սորտերը վերագրվում էին Ադրբեջանին։  «Տվյալների եվրոպական բազան աշխարհի մեգաբազաներից մեկն է և ունի մեծ թվով այցելուներ։ Մենք խնդիր ունեինք ցույց տալու, որ ուսումնասիրված սորտերի գենետիկական բազմազանությունը բնորոշ է հենց Հայաստանին ու գենետիկական որևէ փոխկապակցվածություն չունի կողքի երկրների կենսաբազմազանության հետ»,-ասում է Քրիստինե Մարգարյանը․

Grapes

«Եվրոպացի գիտնականներին ներկայացրել ենք նաև հոմանիշները, որոնք մենք մեր խոսույթում օգտագործում ենք և հայկական սորտերը ադրբեջանական փոխառություններով ենք կոչում։ 1948 թվականին ՀՀ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան որոշմամբ 70 տեսակի տվել է հայկական անուններ։ Եթե հիմա էլ այցելենք գյուղեր, որտեղ խաղողագործությամբ են զբաղվում, կտեսնենք, որ դեռ Սովետի ժամանակներից կիրառվող փոխառություններ կան, օրինակ Արենին Մալահի կամ  Մելեհի են կոչել»,-ասում է Քրիստինե Մարգարյանը։

Հայ գիտաշխատողի խոսքով՝ դժվար պայքար է եղել։ Երբ սկսել են ուսումնասիրությունները, որևէ գիտական բազա՝ խաղողի հայկական սորտերի գենետիկայի հետ կապված, չեն ունեցել։ Եղել են միայն իրենց իսկ իրականացրած մի քանի անհատական պիլոտային նախագծեր։ Հիմա շուրջ 1300 գենոտիպեր ուսումնասիրել են ֆրագմենտային սեկվենավորման մեթոդով, գենոմի սեգմենտավորում են իրականացրել, շուրջ 200 նմուշի ամբողջական գենոմի սեկվենավորումն էլ վերջերս է ավարտվել։ Բոլոր նմուշների ծնողական ձևերի վերլուծությունից հասկացել են, թե «անհայտ» շատ սորտերից որոնք են հիբրիդային ձևեր, որոնք՝ տեղածին սորտեր։ Յուրաքանչյուր նոր հայտաբերված սորտի համար աշխատել են օրերով՝ համադրելով առկա գրականության բոլոր տվյալներն ու սորտի մորֆոլոգիական նկարագիրը։ Գիտնականը նկատում է՝ գործընթացը պիտի սկսվեր վաղուց, որպեսզի Ադրբեջանը հայկական խաղողի տեղածին սորտերն իրենով չաներ․

«Անկախությունից հետո Ադրբեջանը լուրջ աշխատանք է տարել, Եվրոպայի՝ խաղողի գենետիկական ռեսուրսները կառավարող ինստիտուտին նրանք բազմաթիվ սորտեր են ուղարկել ադրբեջանական անուններով, և դեռ այն ժամանակներից, որպես ծագման երկիր, նշվել է Ադրբեջանը»,-նշում է գիտնականը։

Հիմա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ընդգրկվել է խաղողի գենոմի ուսումնասիրման ամենամասշտաբային նախագծերից մեկում, որն իրականացվում է Չինաստանի ֆինանսավորմամբ։ Հենց այդ նախագծի շնորհիվ է, որ հայկական սորտերի ամբողջական գենոմները սեկվենավորված՝ արդեն վերլուծության փուլում են։ Խաղողի ամբողջական գենոմի ուսումնասիրման ուղղությամբ Հայաստանում ոչինչ չի արվել։ Քրիստինե Մարգարյանի տեղեկացմամբ՝ Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության ֆինանսավորմամբ 2022թվին Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տարածքում կհիմնադրվի խաղողի հայկական տեղածին սորտերի կոլեկցիոն այգի՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Կտնկվեն անձնագրավորված վիրուսազերծ սորտեր, պատվաստված ֆիլոքսերակայուն արմատակալների վրա։ Այգին կունենա բացառապես գիտակրթական նշանակություն՝ միտված հայկական խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանմանը։ Գիտնականի խոսքով՝  սա հերթական ապացույցն է, որ գիտահեն տնտեսությամբ շատ բաների կարելի է հասնել։

Ցուցադրել ավելի
Back to top button