ԿարևորՀասարակություն

2021–ին ավելի շատ սուբվենցիոն ծրագիր, քան նախորդ երեք տարում․ դրանք ակտիվ փուլ են մտնում

Կառավարությունը մարզերում 2018թվականից սկսած՝ ավելի քան 200 մլն դոլարի ներդրում է կատարել սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Միայն վերջին փաթեթով գործադիրը ևս 532 մլն դրամ է հատկացրել 9 մարզում շինարարական աշխատանքներն ավարտվելու նպատակով։ Գործադիրում արձանագրել են՝ սուբվենցիոն ծրագրերը հաջողված են հատկապես խոշորացված համայնքներում։ Սակայն խոշորացմանը սպասող ոչ բոլոր համայնքների ղեկավարներն են լիահույս, թե փոփոխված կարգավիճակում սուբվենցիոն ծրագրերը կտան կառավարության ակնկալած եւ խոստացվող արդյունքները։

Եւս երկու ՏԻՄ ընտրություն, և Հայաստանում, ըստ էության, համայնքների խոշորացման գործընթացը կարելի է ավարտված համարել։ Համայնքների միավորմամբ կառավարությունը փորձում է փոքր համայնքների ֆինանսական մեծ խնդիրներին առավել արդյունավետ լուծում տալ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը խոշորացման ենթակա համայնքների ցանկում է։ Համայնքապետ Արմեն Ավետիսյանն ընդհանուր առմամբ խոշորացումը դրական է գնահատում։ Ասում է՝ փոքր համայնքների բազմաթիվ չլուծված խնդիրներ հնարավոր կլինի դասակարգել ու ընդհանուր լուծումներ գտնել։ Օրինակ՝ իրենց համայնքում առաջնային է տրանսպորտի խնդիրը։ Խոշորացման արդյունքում համայնքը կունենա ավտոբուսային պարկ, ու այս հարցն այլևս անցյալում կլինի։

«Թեթև կամ ծանր տեխնիկայի խնդիր է լինում, քանի որ համայնքներ կան, որ չունեն։ Այս դեպքում կլինի միասնական պարկ, որտեղից բոլորը կօգտվեն։ Դրանից էլ համայնքը կօգտվի թե՛ ձնամաքրման, թե՛ շինաշխատանքների ժամանակ»։

2016-ից սկսած՝ իրականացվել է համայնքների միավորման 52 ծրագիր․ 465 համայնքից ձևավորվել է 52-ը: Այս փուլում 9 մարզի ևս 26 համայնք կխոշորացվի։ Գործընթացն, ըստ էության, ավարտվում է, սակայն ծրագրին դեռ դեմ արտահայտվողներ կան։ Համայնքների խոշորացմանը դեմ է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը։ Խոշորացումը գուցե արդյունավետ է փոքր համայնքների դեպքում, բայց ոչ 5800 տնտեսություն ունեցող Ազատանի՝ իրենց մասով արձագանքում է համայնքապետը։ Մեծ համայնքին միացող 5՝ Բենիամին, Բայանդուր, Գետք, Ղարիբջանյան, Երազգավորս համայնքները լրջագույն խնդիրներ ունեն, իսկ հատկացվող գումարները բավարար չեն այդ հարցերը կարգավորելու համար, նաև կառավարման խնդիր է առաջանալու՝ «Ռադիոլուրին» ասում է Իկիլիկյանը։

«Խոշորացումից առաջ բոլոր քննարկումների ժամանակ առաջարկվել է, որ ապակենտրոնացում տեղի ունենա։ Կադաստր, զագս և նման գործառույթներ պետք է բերեն համայնքներ, որպեսզի յուրաքանչյուր խոշորացված համայնք ունենա այդ ծառայությունները»։

Կառավարությունում համայնքների խոշորացման քաղաքական որոշմանը զուգահեռ վերանայում եւ ավելանում են սուբվենցիոն ծրագրերը՝ մարզերի զարգացմանը նոր թափ հաղորդելու նպատակով։ Նախորդ տարիների փորձն աչքի առաջ ունենալով՝ արձանագրում են՝ շատ ծրագրեր չեն կատարվել հենց փոքր համայնքներում։ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը բացատրում է սուբվենցիոն ծրագրերի տրամաբանությունը, շեշտում՝ էներգախնայողության ծրագրերի դեպքում կառավարությունն իր վրա ավելի շատ բեռ է  վերցրել․

«Շատ էական է կառավարության ներդրումը, քանի որ մենք հանդիսանում ենք 75 տոկոս համաֆինանսավորող։ Կառավարությունն իր վրա է վերցրել զգալի բեռը։ Այստեղ կարևոր է նաև մեր միջազգային գործընկերների մասնակցությունը։ Համայնքը շատ փոքրիկ մասնակցություն է ունենում, սակայն զգալի արդյունք է ապահովում բնակիչների համար»։

Վարչապետն արձանագրում է՝ 2018-2020 թվականների ընթացքում սուբվենցիոն ծրագրերով բոլոր մարզերում իրականացվել է 1193 ծրագիր։ Ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 47 մլրդ դրամ։ Ծրագրերն ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները՝ ոռոգման համակարգերից մինչև  փողոցային լուսավորություն ու վերակառուցում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ սուբվենցիոն ծրագրերում  առավել ակտիվ են հենց խոշորացված համայնքները․

«Համոզված եմ, որ այս նոր փուլում ավելին են լինելու ծրագրերը։ Եթե 2018-2020 թվականներին իրականացրել ենք ավելի քան 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, ապա միայն այս տարի ընթացքի մեջ է 678 ծրագրեր՝ 48 մլրդ 400 մլն դրամ արժեքով»։

Սուբվենցիոն ծրագրերը կշարունակվեն 9 մարզերում՝ կառավարության հատկացրած  ավելի քան 500 մլն դրամով։ Ծրագրվածին զուգահեռ սակայն շատ ցցուն արտահայտվում է աշխատուժի պակասը։ Ամենաշատը հենց այս հարցով է բիզնեսն ահազանգում։ Սա արձանագրում է Փաշինյանն ու հայտարարում՝ պետք է զբաղվել խնդրի լուծմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button