ԿարևորՀասարակություն

1 դաշինք և 9 կուսակցություն. դեկտեմբերի 5-ին Վանաձորում կանցկացվեն ավագանու ընտրություններ

1 դաշինք և 9 կուսակցություն դեկտեմբերի 5-ին կմասնակցեն Վանաձոր համայնքի ավագանու ընտրություններին։ Թիվ 23 տարածքային հանձնաժողովը հաստատել է ընտրություններին մասնակից ուժերի գրանցումը։ Վիճակահանությամբ որոշվել է, թե 10 ուժերից  յուրաքանչյուրը որ համարի քվեաթերթիկով է մասնակցելու ընտրությանը։

Գյումրիում՝ «Բալասանյան դաշինք», Վանաձորում՝ «Մամիկոն Ասլանյան». Վանաձորի արդեն նախկին քաղաքապետը հետևում է գյումրեցի գործընկերոջը, բայց, ի տարբերություն նրա, մասնակցելու է առաջիկա ընտրություններին ու գլխավորելու «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, քվեաթերթիկը՝ 9-ը։

Վանաձորի թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովը վերջին նիստում հաստատեց դեկտեմբերի 5-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գրանցումն ու վիճակահանությամբ տրամադրեց յուրաքանչյուրի համարը։ 1 դաշինք և 9 կուսակցություն կմրցակցեն՝ Վանաձոր խոշորացվող համայնքը ղեկավարելու համար։ Այն ընդգրկելու է նաև Գուգարք, Դարպաս և Շահումյան բնակավայրերը։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանի խոսքով՝ քաղաքական ուժերի գրանցման հետ կապված  խնդիրներ չեն եղել:

«Ամեն ինչ ստուգվել է, և՛ տղամարդ-կին հարաբերակցությունը, և՛ կուսակցությունների ու անկուսակցականների թույլատրելի սահմանը: Բոլոր փաստաթղթերը մանրամասն ուսումնասիրված են, որևէ խնդիր չի եղել»։

Վիճակահանությամբ թիվ 1 քվեաթերթիկը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությանն» է։ Վանաձորի փոխքաղաքապետերն այս ցուցակի առաջին երկու հորիզոնականներում են՝ Արկադի Փելեշյան և Արման Բեռնեցյան։ 2–րդ քվեաթերթիկը «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությանը, 3-րդը՝ «Քաղաքացիական պայմանագրինը», 4-րդը «Հանրապետություն» կուսակցությանը, թիվ 5-ը՝ «Ապրելու երկրինը»։ «Լուսավոր Հայաստան»–ին Հայկազ Սիմիկյանի թեթև ձեռքով բաժին է հասել թիվը 6-ը, «Հայրենիք»–ինը՝ 7-րդն է,  «Բարգավաճ Հայաստան»-ին՝ 8-րդը։ Վերջին՝ թիվ 10 քվեաթերթիկը Հայկոմկուսինն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Ամենամեծ ցուցակը «Բարգավաճ  Հայաստան»–ինն է՝ 56 թեկնածու: Քաղաքապետի թեկնածուն՝ Էդգար Բոջուկյանը։

Վանաձորում համամասնական ընտրակարգով ընտրություններ երկրորդ անգամ են անցկացվում՝ որպես խոշորացվող համայնք։ Առաջինը 2016-ին էր: «70.000-ից ավել ընտրողների դեպքում անցկացվում է համամասնական ընտրակարգով ընտրություն՝ ԱԺ ընտրությունների նման՝ յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է իր քվեաթերթիկը, որտեղ նշված են լինելու իրենց համարը՝ վիճակահանությունով հանած, կուսակցության անվանումը և առաջին 3 թեկնածուների անունները: Վանաձոր խոշորացված համայնքում այս ընտրություններին 63 ընտրական տեղամաս է, որից  3-ը՝ Գուգարք բնակավայրում, 1-ը՝ Շահումյան բնակավայրում, 58-ը՝ Վանաձոր բնակավայրում և 1–ը՝ Դարպաս բնակավայրում»:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Վանաձոր համայնքի ընտրողների թիվը 93.836 է՝ ներառյալ Գուգարք, Դարպաս և Շահումյան բնակավայրերը։ Դեկտեմբերի 5-ի ընտրություններին մեծ ակտիվություն չի ակնկալվում՝ կանխատեսվում է ընտրողների 30- 35-%–ի մասնակցություն։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել էր ընտրողների ընդամենը 33, իսկ Գյումրիում՝ հազիվ 25 %-ը։ Վանաձորում նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի նոյեմբերի 10-ից:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button