Սփյուռքի ձայնը

Կանադայի ՏԻՄ ընտրությունները ցույց կտան, թե որքանով է մեծանում հայ համայնքի դերը․ «Սփյուռքի ձայնը»

Կանադահայ համայնքը ուժեղացնում է դիրքերը, վստահեցնում է Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:

Նա նկատում է, որ Հայաստանում վերջերս Կանադան դիվանագիտական ներկայացուցչություն հիմնեց, մի բան, որին տարիներ շարունակ փորձել էր հասնել Ադրբեջանը:

Հայկական «Հորիզոնի» շաբաթաթերթն այսօր Կանադայում ունի պետական կարգավիճակ: Մի բան, որ սփյուռքահայ որևէ պարբերական չունի որևէ երկրում։ Գլխավոր խմբագիրը համոզված է, որ նման կարգավիճակը թերթի անձնակազմին հնարավորություն է տալիս հանդիպումներ ունենալ պետական պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ:

Արցախյան վերջին պատերազմի օրերին Կանադայի հայ համայնքի և Հայ դատի գրասենյակի ճնշման հետևանքով Կանադայի կառավարությունն արգելեց կանադական տեխնոլոգիաների տրամադրումը Թուրքիային, որոնք այս երկիրն օգտագործում էր իր ռազմական տեխնոլոգիաներում։

Վահագն Գարագաշյանը պնդում է, որ այդ ոլորտում թուրք-կանադական գործարքը «դադարեցված է՝ շնորհիվ հայ համայնքի և Հայ դատի աշխատանքների»:

Կանադահայ համայնքը ամուր է և պետության ներսում ունի ազդեցիկ դիրք ասում է Վահագն Գարագաշյանը: «Մի քանի օրից Կանադայում անցկացվելու են քաղաքապետական ընտրություններ, որոնց մասնակցության հայտ են ներկայացրել նաև ազգությամբ հայ մի շարք թեկնածուներ: Նրանք, ի դեպ, համայնքի անդամներ են, ունեն ճանաչում և հուսով ենք, որ նրանցից քանիսը կստանան շատ թվով ձայներ: Այդ հանգամանքը մեծ հնարավորություն կտա թե կանադահայերին, թե ՀՀ հետ Կանադայի հարաբերություններին»,- ավելացնում է Վահագն Գարագաշյանը:

Կանադայում տեղական ինքնակառավարման մարմիններում հայ թեկնածուների ներկայացումը, ըստ Վահագն Գարագաշյանի, նշանակում է, որ հայ համայնքը ուժեղանում է, իսկ դրա արդյունքները կտեսնենք առաջիկայում։

Իսկ թե Հայաստանի համար այս դժվար իրավիճակում ի՞նչ պետք է նախաձեռնել, ինչի՞ց պետք է սկսել Հայաստանի և Սփյուռքի առկա, բայց թերի հարաբերությունները, լսեք հաղորդման մեջ։

Back to top button