ԿարևորՀասարակություն

Քովիդի «մութ» թվերը. մահացության իրարամերժ տվյալներ եւ պատվաստման կեղծ սերտիֆիկատներ

Քովիդ-պատվաստումների կեղծ սերտիֆիկատների տրամադրման դեպքերով արդեն կան քրեական գործեր։ Հայաստանի գլխավոր դատախազությունից «Ռադիոլուրին» տեղեկացրել են՝ խոսքը մեկ տասնյակից ավելի դեպքերի մասին է, երբ չնչին գումարներով գնվել են  պատվաստման սերտիֆիկատները, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են։ Առողջապահության նախարարությունը նախաքննության շահերից ելնելով այս դեպքերի մասով դեռ լռում է։ Սակայն կորոնավիրուսի մասով աղմկահարույց փաստերը սրանով չեն ավարտվում։ Ընդդիմադիր թեւում «մութ» շարժեր են կասկածում քովիդից մահվան թվերի մասով՝ հարց բարձրացնելով՝ ինչո՞ւ են տարբերվում կորոնավիրուսից մահվան  թվերը Ազգային վիճակագրական ծառայության եւ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդած տվյալներում։

Կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատների տրամադրման գործերով այս պահին հարուցված  է 15 քրեական գործ, որից 13-ը հարուցել է ԱԱԾ-ն։ Այս գործերը ներկայում քննչական կոմիտեի վարույթում են՝ նախաքննության փուլում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Մեկ գործ էլ ոստիկանության կողմից նոր է հարուցվել Գեղարքունիքում, եւս մեկ գործ հարուցել է գլխավոր դատախազը»։

Ապօրինություններ արձանագրվել են, մասնավորապես, Գեղարքունիքում  եւ Շիրակում։ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկայի մի խումբ բուժաշխատողներ ապրիլից սկսած ինչպես Շիրակի,  այնպես էլ այլ բնակավայրերի ավելի քան 700 քաղաքացու փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, սակայն կազմել և հաստատել են ամբողջական պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ:

Ապօրինի գործողությունների համար ամեն քաղաքացուց բուժաշխատողները ստացել են 5-10 հազարական դրամի կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են: Առողջապահության նախարարությունից, նախաքննության շահերից ելնելով, չեն մեկնաբանում, թե ընդհանուր առմամբ քանի՞ մարդ է ստացել  պատվաստման կեղծ սերտիֆիկատ, և հիմնականում ո՞ր մարզերում են եղել խախտումները։

Քովիդին առնչվող «մութ» թվերը սրանով չեն ավարտվում։  Բազմաթիվ հարցեր են ծագում քովիդից մահացած մարդկանց թվերի տարբերությունների մասով։  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն օրեր առաջ ԱԺ–ում  հարց էր բարձրացրել․

«Ես ուզում եմ հստակ պատասխան ստանալ ընդհանրապես քովիդից մահվան տվյալների վերաբերյալ։ Քանի՞ մարդ է մահացել մինչ օրս քովիդից։ Ինչու՞, որովհետև ուսումնասիրել եմ պետական  մի շարք հաստատությունների հրապարակած տվյալները, և կան ակնհայտ հակասություններ»։

Պետական վիճակագրական կոմիտեի և Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալները քովիդից մահերի մասով խիստ տարբեր են։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2020-ին  կորոնավիրուսից 3545 մարդ է մահացել, մինչդեռ առողջապահության նախարարության  տվյալներով այդ թիվը պակաս է 717-ով։ Ներկայացված է 2828 մարդու մահվան տվյալ։  Պետական վիճակագրական կոմիտեի մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը « Ռադիոլուրին» բացատրում է՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մահերն արձանագրում է յուրաքանչյուր օր՝ հիմք ընդունելով հիվանդանոցներից ստացվող տվյալները։ Իսկ վիճակագրական կոմիտեի սկզբնաղբյուրը քաղաքացիական կացության գրանցումներն են։

«Այստեղ  բացառված չէ, որ լինեն հետաձգված գրանցումներ, և այդ տարբերությունները  հիմնականում  դրանով են պայմանավորված։ Լինում են դեպքեր, երբ երկու-երեք ամիս հետո նոր գրանցում են։ Այստեղ մարզերի պարագայում այլ է։ Գյուղերում գրանցումն արագացնելու խնդիր չկա։ Քաղաքներում մի քիչ այլ է։ Մենք ամեն ամսվա վերջին ստանում ենք այդ հաշվետվությունները  քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հիման վրա և ձևավորում մեր  նախնական արդյունքներն ամսական կտրվածքով։ Տարվա կտրվածքով դրանք ճշգրտվում են համապատասխան տարվա բոլոր գրանցումների հիման վրա»։ 

Կան դեպքեր, երբ արտերկրից տրված բժշկական տեղեկանքով հաստատված քովիդ-մահերն են ավելի ուշ գրանցվում քաղաքացիական կացության  մարմինների մոտ։ Սա եւս փոխում է վիճակագրությունը։

«Մենք միշտ կապի մեջ ենք ԱՆ–ի հետ, սկզբնաղբյուրների խնդիր կա։ Տնային մահվան դեպքերը արդյո՞ք համակարգում ներառվում են, թե՞ միայն հիվանդանոցային մահերն են հաշվում։ Սկզբնաղբյուրները տարբեր են,  եւ, բնականաբար, վերջնարդյունքի տարբերություններ կլինեն։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս մասով տեղեկացրել էր՝   ստեղծվել է հանձնաժողով՝ ուսումնասիրելու նախարարության էլեկտրոնային համակարգ մուտք արված  դեպքերի և ԶԱԳՍ-երի րձանագրած մահերի տվյալների  տարբերությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button