ԿարևորՀասարակություն

Նոր ռելսեր՝ Երևանի մետրոպոլիտենին

Երևանի մետրոպոլիտենի համար վերջին անգամ ռելսեր ձեռք են բերվել 2014թ. մարտին, տեղակայվել են շահագործվող գծերում 2014-2018 թվականներին: 2020-21 թվականների ընթացքում դրանց ձեռք բերման համար հայտարարվել է 7 մրցույթ, որոնք տարբեր պատճառներով չեն կայացել։

Մեկ անձից գնման եղանակով կառավարությունը Երևանի մետրոպոլիտենի համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից ռելսեր կգնի։ Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։ 4300 մ ռելսերի ընդհանուր արժեքը կկազմի 141 միլիոն դրամ` ներառյալ տեղափոխման գինն ու ԱԱՀ-ն։

Վերջին անգամ ռելսեր ձեռք են բերել 2014թ. մարտին՝ 4400 մետր: Մետրոպոլիտենի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյան․

«Այս պահին ցանցում կան 56 կմ ընդհանուր երկարության ռելսեր։ Դրանք տեղավորվում են և շահագործվել են 2014-2018 թ–ին։  2018 թ–ից մինչ օրս  նոր ռելսեր ձեռք չեն բերվել, չնայած 2020-21 թ–ի ընթացքում  դրանց ձեռք բերման համար հայտարարվել է թվով 7 մրցույթ, որոնք տարբեր պատճառներով չեն կայացել։ Այս պահին կար մի ընկերության հետ պայմանագիր,  և ընդհանուր պայմանավորվածության շնորհիվ այդ պայմանագիրը չեղյալ է համարվում»։

Հիմնավորման մեջ նշվում է, որ մետրոպոլիտենի գնացքի ռելսերը ծայրահեղ մաշված վիճակում են, ինչը ողղակիորեն սպառնում է քաղաքացիների անվտանգ տեղափոխմանը և մետրոպոլիտենի անվտանգ աշխատանքի կազմակերպմանը։ 

«Ի շնորհիվ մեր մասնագետների կողմից իրականացվող  ամենօրյա զգոնություն ու տքնաջան աշխատանքի՝ գնացքների երթևեկությունը կարող  եմ համարել անվտանգ, բայց միևնույն ժամանակ կփաստեմ, որ հին ռելսերի փոխարինումը  իրոք նորերով այս պահին անհրաժեշտություն է» ,–ասում է Ավետիսյանը։   

Երևանյան մետրոյի ռելսերի 1 մետրի արժեքը սկսվում է 37 000 դրամից, իսկ «Հարավկովկասյան երկաթուղին» առաջարկել է 1 մետրի դիմաց 32 800 դրամ։ Բացի այդ, ընկերությունը պատրաստ է մատակարարումն իրականացնել անհամեմատ սեղմ ժամկետներում՝ 45 օրվա ընթացքում։ 

Ցուցադրել ավելի
Back to top button