ԿարևորՔաղաքական

Միջնորդի փոփոխություն և բանակցային նոր թեզեր․ փոխարտգործնախարարը՝ Աժ–ում

Հայաստանը հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցում և ջանքեր է գործադրելու՝ երաշխավորելու հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու նրանց իրավունքը, խորհրդարանում այսօր  հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանը: Նա խորհրդարանում է եղել հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների շրջանակում։ Պատգամավորներին, սակայն, հետաքրքրել են ոչ այնքան բյուջետային հատկացումները, որքան առաջիկա հնարավոր հանդիպումները, պատերազմի շրջանում և դրանից հետո  Հայաստանի դիվանագիտական աշխատանքի հաջողություններն ու անհաջողությունները։

ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների կազմում տեղի է ունեցել փոփոխություն։ 2016 թ. հոկտեմբերից ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին փոխարինելու է Բրիս Ռոքֆեյը։ Մինչև այս նշանակումը Ռոքֆեյը Ուզբեկստանում Ֆրանսիայի դեսպանն էր, դրանից առաջ գլխավորել է Պանամայում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը, զբաղեցրել է նաև Ռիո դե Ժանեյրոյի գլխավոր հյուպատոսի պաշտոնը: 2000-ականների սկզբին Ռոքֆեյլը քաղաքական խորհրդական է եղել Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատներում:

Միջնորդը Մինսկի խումբ է  մտնում մի փուլում, երբ փորձ է արվում վերագործարկել տևական ժամանակ չգործող ձևաչափը։ Դրա վերջին հաջողությունը համարում են սեպտեմբերին նյույորքյան քննարկումները, ինչից հետո հաջողվեց կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը չի բացառում նման ևս մեկ հանդիպման հնարավորությունն առաջիկայում ։

«Համանախագահները հանդիպումից հետո հանդես եկան հայտարարությամբ, որտեղ վերահաստատեցին, որ գործում են իրենց մանդատի շրջանակներում, որը ԼՂ հակամարտության կարգավորումն է։ Կարծում եմ՝ այս փուլում դա շատ կարևոր արձանագրում է։ Մենք շարունակելու ենք մեր ջանքերը այս ուղղությամբ և, կարծում եմ, որ մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման համար»։

Մինչդեռ ընդդիմությունն արդեն տևական  ժամանակ առաջիկա հնարավոր  հանդիպման հստակ ժամկետներ է շրջանառում և ահազանգում նոր վտանգավոր փաստաթղթերի սպասվող ստորագրման  մասին։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան․

«Այս նոյեմբերի 9–ին էլ նախատեսվում է, որ ինչ–որ մի բան ստորագրելու է երկու երկրների միջև։ Այդ փաստաթղթերը վերջնականապես ամրագրելու են այն կապիտուլյացիոն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանն ու Արցախը»։

Փաշինյան–Ալիև հանդիպման մասին տեղեկություններ չունեն նմանատիպ հանդիպումների միջնորդ Ռուսաստանում։ Այդ երկրի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ներկայացմամբ՝ դեռ այդպիսի տեղեկություն չունեն։ Նորություն ունենալու դեպքում, կողմերն անպայման կտեղեկացնեն ռուսական կողմին, համոզված է Զախարովան։ Նաև խոստացել է՝ մեկ տարի առաջ կնքնված փաստաթղթի մասին ավելի հանգամանալից խոսել հաջորդ շաբաթվա մեջ։

Ռուսաստանն, ի դեպ, աջակցում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առաջարկին՝ տարածաշրջանային «3+3» ձևաչափի ստեղծմանը։ Կարծում են, որ այն կնպաստի տարածաշրջանում վստահության բարձրացմանը։ Ռուսաստանում պնդում են, որ եկել է այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխելու ժամանակը: Այսպիսի հայտարարություններ արվում են չնայած հանգամանքին, որ Վրաստանը դեմ է արտահայտվել, իսկ Հայաստանը դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնել։ Վերջին թեզը հաստատում է նաև Հայաստանի փոխարտգործնախարարը։

«Կան տարածաշրջանային համագործակցության մի քանի առաջարկներ, «3+3»–ը ընդամենը մեկն է։ Մեզ անհրաժեշտ է միասնական դիրքորոշում որդեգրել բոլորի հանդեպ։ Առաջնայինը Հայաստանի շահերի պաշտպանությունն է, վտանգների և ռիսկերի հաշվարկումը։ Կարևոր ընդհանրական մոտեցումը, որ այս պահին մենք կարող ենք արձանագրել, այն է, որ տարածաշրջանային համագործակցային կազմակերպությունները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող ֆորմատները։ Այս տեսակետից մեզ համար առաջնային է, որ որևէ կրկնօրինակում չլինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հետ։ Այս բոլոր առաջարկները դիտարկվում են, և այժմ դեռևս որևէ որոշման մասին դեռ վաղ է խոսել»։

Հայաստանն այժմ սևեռված է բանակցային խաղաղ գործընթացը վերսկսելու ուղղությամբ։ Թե ինչ թեզերով է հանդես գալու հայկական կողմը բանակցային նոր փուլում, հետաքրքվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը․ «Ճանաչում հանուն փրկության․ կա այսպիսի գաղափար։ Ես հատուկ չեմ ասում՝ անջատում հանուն փրկության, որպեսզի դա չհակադրվի ինքնորոշման իրավունքի հետ։ Այս բանաձևը քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ»։

«Այն, ինչ տեղի ունեցավ թե արցախյան առաջին պատերազմի, թե երկրորդ պատերազմի ընթացքում, հստակ ցույց է տալիս, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող ապրել, քանի որ գնում է փաստացի բնաջնջման քաղաքականություն, և դրա լավագույն ապացույցը այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայերի ի սպառ բացակայությունն է։ Ձեր ասած սկզբունքը հստակ այս փաստով հիմնավորում է ստանում։ Մենք մեր աշխատանքներում այդ մոտեցումը, որ Արցախին, արցախահայությանը Ադրբեջանի վերահսկողության ներքո սպառնում է ոչնչացում, այդ ճշմարտացի, հուսալի և վստահելի թեզը մենք առաջ ենք մղում թե մեր դիսկուրսում և թե մեր բանակցությունների ընթացքում»,– ասում է Վահե Գևորգյանը

Փոխնախարարը դեռևս չի հստակեցում, թե  խորհրդային որ քարտեզներով է իրականացվելու սահմանագծումը։ Ասում է՝ դրանք կհրապարակվեն գործընթացը սկսելուց հետո, իսկ մինչև այդ, ըստ փոխարտգործնախարարի, ընդհանուր մոտեցումներ են ձևավորում ներքին քննարկումների ընթացքում։

Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացի արդյունավետ իրականացումը հնարավոր է բոլոր դերակատարների կառուցողական դիրքորոշման ցուցաբերման և գործնական քայլերի իրականացման դեպքում, նշում է փոխնախարարը՝  հստակեցնելով՝ գործընթացը չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին:

Ցուցադրել ավելի
Back to top button