ԿարևորՏնտեսական

Հնդկական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերով

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը։

Դեսպան Կիշան Դան Դևալը  նշել է, որ Հայաստանի և Հնդկաստանի քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և պետք է երկուստեք քայլեր ձեռնարկել տնտեսական համագործակցությունը քաղաքական մակարդակին հավասարեցնելու համար։

Նա տեղեկացրել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով Հնդկաստանը զարգացող երկրների շարքում ունի ամենաարագ զարգացող տնտեսությունը, և հնդկական կողմը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ իրականացնել փոխշահավետ նախագծեր։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն առանձնացրել են տնտեսության այն հիմնական ոլորտները, որոնց ուղղությամբ առավել նպատակահարմար է զարգացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը՝ մետաղագործություն, մեքենաշինություն, տեքստիլ արդյունաբերություն, ադամանդագործություն, ոսկերչություն, դեղագործություն և կրեատիվ ինդուստրիա։Դեսպանը տեղեկացրել է, որ հնդկական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերով և պատրաստ են մասնակցել պետական գնումների գործընթացին։

Վահան Քերոբյանը ողջունել է այդ գաղափարը և նշել, որ միջոցներ են ձեռնարկվելու գործընկեր պետություններին Հայաստանում իրականացվող պետական գնումների վերաբերյալ առավել մանրամասն և օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ։Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը` Վահան Քերոբյանը առաջարկել է դեսպանին դիտարկել դեպի ԵԱՏՄ մյուս շուկաներ դուրս գալու հնարավորությունը։ 

Երկկողմ գործարար կապերն ավելի ամրապնդելու նպատակով նախարարն առաջարկել է ակտիվորեն մասնակցել երկու երկրներում կազմակերպվող գործարար համաժողովներին, ցուցահանդեսներին և տոնավաճառներին, ինչը հնրավարություն կտա երկու երկրների գործարարներին ստեղծելու անմիջական կապեր և իրականացնելու համատեղ ծրագրեր։

Կիշան Դան Դևալը տեղեկացրել է, որ Հնդկաստանում առաջիկայում կկազմակերպվի “India Expo 2022” խոշոր ցուցահանդես և հրավիրել հայկական ընկերություններին առանձին տաղավարով մասնակցել այդ ցուցահանդեսին։

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցությանը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է Հնդկաստանում կազմակերպել Հայաստանի մասին տեղեկատվական արշավ՝ մեր երկրի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։ Այդ աշխատանքը կազմակերպելու համար, կողմերի պայմանավորվածությամբ, Հայաստանից ներկայացուցիչ կգործուղվի Հնդկաստան։

Ցուցադրել ավելի
Back to top button