ԿարևորՄշակույթ

Կամերային երաժշտական թատրոնը փակ է, աշխատակիցները՝ անորոշության մեջ

Կառավարության՝ սեպտեմբերի 8-ին որոշում էր ընդունել Կամերային երաժշտական թատրոնի և Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի թատրոնի միավորման մասին: ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը հիմնավորել էր, թե թատրոնների միավորումը շատ ավելի լավ պայմաններ կստեղծի կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի համար, քանի որ թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ, պարային խումբ, իսկ միավորվելով՝ կկարողանա օգտագործել Երաժշտական կոմեդիայի թատրոնի պրոֆեսիոնալ խմբերի ռեսուրսը։ Պետական կամերային երաժշտական թատրոնի գործունեությունը այս պահին դադարեցված է, աշխատակիցների ճակատագիրն անորոծ է

«Ինձ ինչ հարց էլ հիմա տաք, հարցականով եմ պատասխանելու, որովհետև մեր դրությունն է հարցական։ Թատրոնի գործունեությունը դադարեցված է, ներկայացումներ էլ չենք խաղում, շենքը պիտի հանձնենք»,-ասում է Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյան։

Ասում է՝ վերջինը թատրոնում եղել է «Անկոչ հյուր» ներկայացումը, հետո փորձերը դադարեցվել են, թատրոնը փակվել է։ Կառավարության որոշմամբ՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն»  ՊՈԱԿ-ին պատկանող 403,4 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած  տարածքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրվել են «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին: ԿԳՄՍ-ից ավելի վաղ հայտնել էին, որ պետության ռեսուրսները բավարար չեն նոր համերգասրահ կառուցելու համար, ուստի  Սիմֆոնիկ նվագախմբի և պարային համույթների հարցը լուծելու համար թատրոնի շենքը տրամադրվել է նվագախմբին։ Կամերային երաժշտական թատրոնի դերասաններն այս պահին աշխատանք չունեն և չգիտեն՝ կունենա՞ն, թե՞ ոչ։ «Ռադիոլուր»–ի զրուցակիցը թատրոնի դերասան Արթուր Պետրոսյանն է․

«Պարոնյան թատրոնում դեռևս հանդիպում չենք ունեցել, զրույց չենք ունեցել, մեզ դեռ չեն ներկայացրել, թե ով որտեղ պիտի գնա աշախտելու»,-ասում է Արթուր Պետրոսյանը։

 «Ռադիոլուր»-ին ԿԳՄՍ-ից տեղեկացրին, որ միավորման գործընթացին և դրա ժամկետներին վերաբերող հարցերն ուղղենք հենց թատրոնի աշխատակիցներին։ Արթուր Պետրոսյանն ասաց՝ թատրոնը նախարարությունից ծանուցում է ստացել, ըստ որի՝ մինչև դեկտեմբերի 8-ը հաստիքները պիտի բաշխվեն, դերասաններն ու մյուս աշխատակիցներն էլ անցնեն գործի։ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն էլ վստահեցրեց, որ Կամերային թատրոնի 60 աշխատակիցներից և ոչ մեկը չի մնալու առանց աշխատանքի։ «Պարոնյան թատրոնն ունի գրեթե նույն հաստիքները, ինչ Կամերային թատրոնը, բոլորին մեզ մոտ աշխատանքի չենք կարող ընդունել, բայց հայտեր ենք ստացել այլ թատրոններից, որոնք ունեն աշխատակիցների կարիք»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց Կարո Շահբազյանը․

«Հիմնականում Համազգային թատրոնն է հաստիքների համար դիմել, Սիմֆոնիկ նվագախբին  է անցել Կամերային թատրոնի շենքը, և նրանց էլ հարկավոր են հավաքարարի, պահակի հաստիքներ, այսինքն, Կամերայինի այդ հաստիքում աշխատող մարդիկ կշարունակեն իրենց աշխատանքը։ Տիկնիկային թատրոնը, Ստանիսլավսկու թատրոնը և Գոյ թատրոնն էլ են դիմել աշխատակիցների համար, իսկ մարզերից միայն Արտաշատի թատրոնն է հայտ ներկայացրել, հաստատել ենք, որովհետև այն քաղաքին մոտ է, հարմար է աշխատանքի համար»,-ասում է Կարո Շահբազյանը։

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրենը վստահեցրեց, որ յուրաքանչյուր դերասանի անհատական մոտեցում են ցուցաբերելու։ Կամերային երաժշտական թատրոնի աշխատակիցներն էլ ընդունում են, որ աշխատավայրը կարող է փոխվել, և օգտակար է, որ դերասանը փորձի իրեն նոր ոճում, բայց թատրոնի փակմանը, մինևնույն է, դեմ են։

Ցուցադրել ավելի
Back to top button