ԿարևորՀասարակություն

Լարիսա Ալավերդյանը «նախանձում է» Թաթոյանին․ ո՞րն է ՄԻՊ–ի հայտարարությունների քաղաքական սահմանը

Օմբուդսմենը մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարցով զբաղվելու մանդատ ունի՝ անկախ հանգամանքից՝ ինչ-որ մեկը դա քաղաքական կորակի, թե ոչ՝ ասում է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՄԻՊ-ի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և արդարադատության նախարարի միջև ծավալված հեռակա բանավեճին։

«Քաղաքական կարող ենք համարել միայն այն գործունեությունը, որի հիմքում դրված է քաղաքական շարժառիթ, եթե չկա քաղաքական շարժառիթ, ապա գործունեությունը քաղաքական համարվել չի կարող։ Նախորդ 6 տարիներին համոզվել ենք՝ Թաթոյանի շարժառիթը միայն իրավապաշտպան գործունեությունն է»,– ասում է Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հարցազրույցներից մեկում նշել էր, որ ՄԻՊ Արման Թաթոյանը անաչառ չէ և քաղաքական հայտարարություններ է անում։ Արմեն Գրիգորյանը նաև հիշեցրել էր, որ գործող օմբուդսմենի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին, և նշել, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն այս պաշտոնում իր թեկնածուն ունի։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ի պատասխան նշել էր՝ այս հայտարարության առնչությամբ դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Հեռական բանավեճին միացել էր արդարադատության նախարար, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։

«Ընդհանրապես իրեն ո՞վ է իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել, դա բացահայտ ոտնձգություն է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ` այն էլ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից»,– ասել է Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

«Գործադիրն իրավունք ունի կոռեկտ, հարգալից քննարկումների մեջ լինել ցանկացած թեմայով, ցանկացած ինստիտուտի հետ և մասին։ Ինքս էլ գիտեմ, որ հունվարին լրանում է ՄԻՊ–ի պաշտոնավարման ժամկետը և որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ՝ ԱԽՔ–ն կարող է ակնկալել, որ լինելու է այլ թեկնածու»,– ասել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Արման Թաթոյանը ՄԻՊ ընտրվել է 2016թ փետրվարին։ Վեց տարի անց՝ 2022-ի նույն օրը, նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվելու է։ Դրանից հետո Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ խորհրդարանը կընտրի նոր օմբուդսմեն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի քվեարկությամբ։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենք․ 4-րդ հոդված 3-րդ կետ

Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում Պաշտպանը պարտավոր է ցուցաբերել քաղաքական զսպվածություն։

«Ասում է՝ քաղաքական հայտարարություն եմ անում: Տո՞ ինչպես է համարձակվում ընդհանրապես վարկաբեկել ՄԻՊ աշխատանքը: Ինչքան ասեմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, հերի՞ք չի ձեր վախերը ցուցադրեք: Սահմանային հարցերը մարդու իրավունքներից կտրված չի կարելի դիտարկել: Պետք չէ տանել ռազմաքաղաքական տանիքի տակ մտցնել»,– ասել էր Մարդու իրավունքների պաշտպանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջամտելը, շահարկելը կամ դրանց քաղաքական երանգ տալը անընդունելի է նաև ազգային շահի տեսանկյունից՝ ասում է Ռուբեն Մելիքյանը։ Դրանք կարող են շահարկվել միջազգային ատյաններում։

«Մեր ազգային շահը, մեր քաղաքացիների իրավունքները, հատկապես միջազգային ատյաններում, առավել բարձրաձայն պաշտպանում է հենց ՄԻՊ–ը, և այս բոլոր հայտարարություններն ուղղակիորեն փաստարկ են դառնում մեր թշնամիների ձեռքում, արդյունքում՝ նրանք կարող են մեր ՄԻՊ–ի իրավապաշտպան բնույթի հայտարարությունները արժեզրկել»,– ասում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյան

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ծավալված բանավեճը հարձակում է համարում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և առհասարակ մարդու իրավունքների վրա։ Այն, ինչ տեղի է ունենում, աննախադեպ է՝ ասում է Ալավերդյանը։ «Նախանձում է», նույնիսկ իր հանդեպ նման քաղաքական հետապնդում չի եղել։

«Մարդու իրավունքների պաշտպանը բացարձակապես չի մտել քաղաքական դաշտ։ Նա շարունակում է պրոֆեսիոնալ կերպով իրականացնել իր աշխատանքը։ Այն ինչ վերաբերում է մարդու անվտանգությանը, կյանքի սոցիալական իրավունքին, տեղաշարժի ազատությանը այդ բոլորը խախտված է։ Եվ բոլոր նրանք ովքեր դա որակում են քաղաքական չարաչար սխալվում են»,– ասում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Քաղաքական» և «ոչ քաղաքական» հասկացությունները լայն են՝ շեշտում են նախկին իրավապաշտպանները և ընդգծում՝ դրանց հատման կետը միայն մարդու իրավունքներն են։

Ցուցադրել ավելի
Back to top button