ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ համազեկուցողների արձանագրումները՝ հիմք հետագա քայլերի համար․ քաղաքագետ

Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների կատարման ընթացքը դիտարկող ԵԽԽՎ համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը Հայաստանում են։ Նրանք հանդիպել են  խորհրդարանականների, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակների, դիվանագետների, դատական համակարգի աշխատակիցների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Օրակարգում է նաև Ղարաբաղի հակամարտության ու պատերազմի հետևանքների ազդեցությունն է Հայաստանի դեմոկրատական հաստատությունների գործունեության վրա: Ի՞նչ նշանակություն կարող են ԵԽԽՎ համազեկուցողների արձանագրումները։

«ԵԽԽՎ համազեկուցողներ Կիմմո Կիլյունեն և Բորիանա Աբերգը Հայաստան են ժամանել, ըստ էության, կարծիքներ շոշափելու նպատակով»,- «Ռադիոլուր»–ին ասում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։ Հայ խորհրդարանականները, հանդիպումներին խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝  նշել են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանը, սանձազերծելով պատերազմ, խախտել է այդ պարտավորությունը:

Պատգամավորները առաջնահերթ են համարել Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հայրենիք վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը արժեւորել է ԵԽ դիրքորոշումը թե՛ պատերազմի ընթացքում եւ թե՛ դրանից հետո՝ ընդգծելով, որ հայտարարությունները եղել են անաչառ եւ կառուցողական: Նա հույս է հայտնել,  որ օգտագործելով դիվանագիտական եւ քաղաքական գործիքները՝ կառույցի գործընկերները կստիպեն Ադրբեջանին՝ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Քաղաքագետի կարծիքով հանդիպումները տրամադրություններ ճշտելու նպատակ ունեն․

«Հայաստանում քննարկումները վկայում են, որ բանակցությունները վերսկսելու են եւ մտնելու են շատ կարեւոր մի փուլ, որտեղ առավել առարկայական քննարկվելու է Արցախի կարգավիճակի հարցը։ Դրա համար կարեւոր է հասկանալ, թե ինչ արձագանք կլինի Հայաստանում, քանի որ այդ բանակցությունները մեզ համար լինելու են ցավոտ։ ԵԽԽՎ այն կառույցն է, որը կարող է ազդել Ադրբեջանի վրա՝ ճնշումների միջոցով»։

«Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ խոսել է արցախյան խնդրի ժողովրդավարության վիճակի մասից․ «Ես իմ կողմից հարցադրումներ դրել եմ։ Ղարաբաղի հարցում առաջնահերթություն է Ադրբեջանի պահվածքը եւ պատերազմի հրահրումը։ Խոսել եմ նաեվ Ժողովրդավարությունից եւ ընտրություններից»։

Նույն խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւս անդրադարձել է 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին: Նրա  կարծիքով՝ միջազգային հարթակներում պետք է բարձրաձայնել, որ պատերազմը ոտնձգություն էր Արցախի ժողովրդի՝  իր պատմական հայրենիքում ապրելու եւ արարելու իրավունքի դեմ: Ընդգծվել է, որ ադրբեջանաթուրքական տանդեմը պատերազմի ընթացքում հանցագործություններ է կատարել արցախահայության նկատմամբ, օգտագործել  էարգելված զինամթերք, մինչ օրս շարունակում է պղծել պատմամշակութային արժեքները:

ԵԽԽՎ համազեկուցող Կիմո Կիլյունեն նկատել է, որ  երբ Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցում էին, հստակ էր, որ խնդրի լուծումը նախատեսվում էր միայն խաղաղ ճանապարհով: Համազեկուցողները մտահոգություն են հայտնել պատերազմական իրավիճակի եւ  մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ուշագրավ է, որ ԵԽԽՎ-ն  աշնանային նստաշրջանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների  վերաբերյալ  բանաձեւ  ընդունեց:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյան․ «Այո, ես չեմ կարծում, թե դա շատ կարեւոր նշանակություն ունեցավ Ադրբեջանի համար, բայց, ամեն դեպքում, դա իր նշանակությունն ունի, եւ մենք պետք է օգտագործենք ցանկացած հարթակ․․․»։

Քաղաքագետ Թեւան Պողոսյանի կարծիքով՝ կարեւորեց ցանկացած արձանագրում, որ արվում է։ Դա կարող է հիմք դառնալ հետագա աշխատանքի համար․ «Ցանկացած արձանագրում տալիս է հիմք, որ եթե դու ունես աշխատող պետություն եւ պետական ինստիտուտներ, օգտագործես դա ի շահ պետության։ Պատկերացնենք, որ արձանագրեցին, որ վատն է Ադրբեջանը, պահում է ռազմագերիներին եւ այլ ․․․ Իրականությունը կփոխվի, եթե, մենք կարողանանք այդ արձանագրումը բարձրացնել միջազգային այն իստիտուտներում, որոնց շնորհիվ հնարավոր կլինի սանկցիաների ենթարկել Ադրբեջանին»։  

ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստանում կհանդիպեն նաեւ քաղհասարակության ներկայացուցիչների ու հասարակական կազմակերպությունների հետ։ «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Թեւան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համազեկուցողների հետ հանդիպման մասին չի տեղեկացվել, մինչդեռ նա հաճախ է լինում Արցախում եւ կկարողանար հանգամանորեն ներկայացնել վիճակը։

Բացի արցախյան խնդրից ԵԽԽՎ համազեկուցողները քննարկել են նաեւ ժողովրդավարական բարեփոխումների հարցը։ Էդուարդ Աղաջանյանը արժեւորել է Վեհաժողովի բարձր գնահատականը՝ 2021թ. հունիսին մեր երկրում անցկացված ընտրություններին։ Նշվել է, որ Հայաստանի բնակչությունը մանդատ է տվել Կառավարությանը` շարունակելու բարեփոխումների օրակարգը:

Ցուցադրել ավելի
Back to top button