ԿարևորՀասարակություն

Գործող համայնքապետը շարունակելու է Կապանը շենացնել, պատգամավորը ապագա է խոստանում

Նոյեմբերի 14-ին Կապանում կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցելու է ընդամենը երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր»–ը և «Շանթ դաշինք»–ը։ Քարոզարշավն սկսվել է հոկտեմբերի 20-ից, կավարտվի նոյեմբերի 12-ին։

«Շանթ դաշինք» կուսակցությունը Կապանի ավագանու ընտրություններին մասնակցում է «Շարունակենք կառուցել, շենացնել, հզորացնել» կարգախոսով։ Ցուցակում 70 թեկնածու կա, առաջինը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն է։ Ընտրողների հետ հանդիպումներին նա մասնակցում է թիմով, բայց հարցերը հիմնականում ուղղվում են նրան։ Գևորգ Փարսյանը Կապան համայնքի ընտրողներից վստահության քվեն է խնդրում՝ սկսած գործը կիսատ չթողնելու համար.

«Մենք բոլոր ոլորտներում գրեթե հաջողություններ ունենք՝ մշակույթի, սպորտի, կրթության, քաղաքաշինության, գյուղատնտեսության։ Այս ամենը մեր սրտացավ աշխատանքի շնորհիվ է։  Ակնառուն կոմունալ տնտեսության աշխատանքներն են, կա նաև քաղաքաշինության ոլորտում կատարված 5 մլրդի աշխատանք, դրանցից 4,5 մլրդը՝ սուբվենցիոն ծրագրերով»։ 

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Ցուցակում 61 անուն կա։ Թիմը՝ Դավիթ Դանիելյանի առաջնորդությամբ, քարոզարշավը սկսել է գյուղական բնակավայրերից՝ «Ապագա կա, Կապան» կարգախոսով։

«Բոլոր գյուղերում պիտի կենցաղային անհրաժեշտության խնդիրները լուծենք։ Այսինքն, խմելու ջուր, ինտերնետ, հոսանք, եթե գազ չկա, ուրեմն, արևային ջրատաքացուցիչներ կամ արևային պանելներ, որ մարդկանց բեռը թեթևանա,  կրթությունից օգտվելու իրավունք, բուժօգնություն, ճանապարհ։ Եթե այս հարցերը լուծվեն, ուրեմն, գյուղը կապրի»։

Պատգամավոր թեկնածուի դիտարկմամբ՝ համայնքային խնդիրները կառավարությանն ամբողջությամբ չեն ներկայացվում։ Որպեսզի գործադիրը ներկայացնի համապարփակ նախագծեր, պետք է տեղյակ լինի իրավիճակին՝ բոլոր մանրամասնություններով։ Դավիթ Դանիելյան․

«Համայնքային իշխանությունը և կենտրոնական իշխանությունը իրար հետ խնդիրներ ունեն։ Եվ ճիշտ համագործակցություն չկա, որը ինչքան էլ փորձեն՝ թաքցնել՝ անհնար  է։ Արդյունքում՝ տուժում է քաղաքացին։ Մենք ասում ենք՝ եկեք համատեղ աշխատենք՝ հաշվի առնելով քաղաքական իրականությունը։ Մենք աշխատանքային խմբով ուզում ենք մի տեղ գնալ, համայնքային իշխանությունը չի  գալիս։ Ես պատգամավոր եմ, բայց համայնքապետարանը ինձ ոչ մի միջոցառման չի հրավիրել։ Ստիպված ես եմ փորձում խնդիրները գտնել և լուծել»։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը չի կիսում մրցակցի մտահոգությունը։  Ընտրողներին պարզաբանում է ՝ պետություն–համայնք կապը կա։

«Փորձում են ներկայացնել, թե կապը կառավարության հետ չկա,  բա որ չկա համագործակցության կապ,  ո՞նց են արվում այս ծրագրերը։  Թե՝ պաշտոնական համագործակցությունը համայնքի ու կառավարության հետ պայմանավորված է անձնական կապերով։ Իհարկե, ոչ։ Պաշտոնական համագործակցությունը ու հարաբերությունները պետք չէ շփոթել անձնականի հետ։ Կապան համայնքը պետության մի մասն է, Հայաստանի Հանրապետության մի մասը, համագործակցությունն ու կապը եղել է, կա ու լինելու է կառավարության հետ, ով ուզում է լինի համայնքի ղեկավարը։ Դա տարբեր ձևաչափերով է արտահայտվում»։

Համայնքի ղեկավար, «Շանթ դաշինք»-ի ներկայացուցիչ Գևորգ Փարսյանին ընտրողները դիմում էին  գյուղական բնակավայրերում ավտոբուսի երթուղիները վերականգնելու հարցով, «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանին՝ գյուղտեխնիկայի, խմելու և ոռոգման ջրի հարցերով։ Երկու թեկնածուներն էլ խոստացան հարցերին անդրադառնալ նոյեմբերի 14-ից հետո՝ ընտրվելուց հետո։ Գևորգ Փարսյան․

«Վստահության քվեն տվեք  արժանավորին, որին ճիշտ եք համարում։ Իսկ մենք պարզապես պատրաստակամ ենք շարունակել»։

Ազգային ժողովի պատգամավորն էլ վստահեցնում է՝ սև–սպիտակի բաժանում, բևեռացում չի լիելու։ Որոշողը լինելու է Կապանցին․

«Աստված առաջ, որը բարին է, այն էլ թող լինի»։

Քարոզարշավի ավարտին մնացել է 9 օր։ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Դավիթ Դանիելյանը ժամանակավորապես դադարեցրել է քարոզարշավը կորոնավիրուսից մահացել է նրա հայրը։

Ցուցադրել ավելի
Back to top button