ԿարևորՀասարակություն

Գյումրիում նորընտիր քաղաքապետը երդվել է, Շիրակի մարզպետն էլ հրաժարական է տվել

Գյումրիում այսօր իրադարձությունները ծավալվել են երկու հասցեում՝ քաղաքապետարանում և մարզպետարանում։ Նորընտիր քաղաքապետը երդվել է, իսկ գործող մարզպետը հրաժարական է տվել։ Հովհաննես Հարությունյանն ասել է, որ իր հրաժարականը քաղաքական թիմի որոշումն է։ Թե ինչով է զբաղվելու նախկին մարզպետը, դեռ հայտնի չէ, բայց հայտնի է, թե ով է լինելու հաջորդը։ Նա, ի դեպ, իշխող ուժի արդեն 4-րդ առաջադրումն է վերջին  երեք տարում։

Հայաստանի ու Գյումրիի օրհներգերի հնչյունների ներքո  ստանալով քաղաքի խորհրդանշական բանալին ու լանջաշղթան,  ձեռքն Սստվածաշնչին ու Սահմանադրությանը՝ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը երդվեց։

«Ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը»։

Լրագրողների հետ ճեպազրույցում Սամսոնյանն այդպես էլ չբացահայտեց, թե ովքեր են զբաղեցնելու փոխքաղաքապետերի պաշտոնները։ Նրանք, քաղաքական պայմանավորվածության համաձայն, ներկայացնելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Բայց առիթն օգտագործելով՝ նորընտիր քաղաքապետը բոլոր ուժերին կոչ արեց մի կողմ դնել քաղաքական հավակնություններն ու  տարաձայնություններն  և համախմբվել՝ ի շահ քաղաքի։

«Բոլոր կարող ուժերի ներդրմամբ պետք է օր առաջ քաղաքի խնդիրները լուծենք»։

Օրվա երկրորդ կեսին իրադարձությունների հասցեն Գյումրու քաղաքապետարանից տեղափոխվեց Շիրակի մարզպետարան։ Այստեղ էլ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հրաժարական տվեց։ Լրագրողների հարցին, թե որն է պատճառը, Հարությունյանը պատասխանեց, որ նախապես էր որոշված։

«Այն պահից, երբ որոշվեց, որ ես պետք է գլխավորեմ ՔՊ ավագանու ցուցակը, այդ պահից պարզ էր, որ անկախ ընտրությունների ելքից, ես այլևս չեմ զբաղեցնելու Շիրակի մարզպետի պաշտոնը։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, այդ որոշման տրամաբանական շարունակությունն է»։

Եթե Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրն» ավելի շատ ձայն հավաքեր, ապա այսօր ՔՊ ցուցակը գլխավորող Հարությունյանը պետք է ստանձներ Գյումրու քաղաքապետի պաշտոնը։ Թե ինչ պաշտոն է զբաղեցնելու արդեն նախկին մարզպետը, դեռ պարզ չէ։ Հարությունյանն ասաց, որ քաղաքական ղեկավարությունը հարցը  քննարկում է։  Վերջին երեք տարում Շիրակի չորրորդ մարզպետը թվարկեց նաև իր պաշտոնավարման ժամանակահատվածում մարզում կատարված աշխատանքները՝ գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում,  նշեց Հյուսիս-հարավ մայրուղու  Գյումրի-Երևան հատվածի շինարարությունը։

«Շիրակի մարզում խնդիրները կարևորությամբ իրար չեն զիջում, առաջնահերթություն տալ այս կամ այն խնդրին անհնար է։ Կարծում եմ, որ Շիրակի նոր մարզպետն ի զորու կլինի լուծել այդ խնդիրները»։

Նոր մարզպետը պաշտոնապես դեռ նշանակված չէ, սակայն արդեն հայտնի է, որ Շիրակի հաջորդ մարզպետը ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է, որն արդեն հրաժարվել է մանդատից։ Հեղափոխությունից ի վեր՝ նա լինելու է 4-րդ մարզպետը ՝ առաջադրված իշխող կուսակցությունից։

Ցուցադրել ավելի
Back to top button