ԿարևորՀասարակություն

Բացի գերիների թվից էլ ի՞նչ է կեղծում Բաքուն․ հայկական կողմը 1 ամսվա ընթացքում սպասում է գերիների վերադարձի վճռին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին, գնահատել նրանց վիճակն ու պահման պայմանները։ Կոմիտեն եզրահանգումները չի հրապարակում, փոխարենը դրանք ներկայացնում է ռազմագերիներին իր երկրում պահող իշխանություններին, նաեւ կապ է պահում ընտանիքների հետ։ Բաքուն միայն 40 անձի՝ իր կողմից պահման փաստն է ընդունում, մինչդեռ հայկական կողմի փաստերով պահվողների թիվն առնվազն կրկնապատիկ ավելին է։   

Վերջին շրջանում Բաքուն տարբեր ատյաններում հաստատում է իր կողմից ընդամենը 45 հայի պահման փաստը, որոնց այդ երկրի իշխանությունները հանցագործություններ են վերագրում՝ փորձելով հետաձգել նրանց՝ հայրենիք վերադառնալը:Մինչդեռ հայկական կողմը շեշտում է՝ թիվն առնվազն կրկնապատիկ բարձր է։ Փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որը ներկայացնում է հայ ռազմագերիների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), շեշտում է՝ հայկական կողմի տվյալներով  բացի նշված 45-ից Ադրբեջանում պահվում է եւս 80 հայ գերի: Սահակյանի խոսքով՝ սա ստույգ թիվ է: Կան անհերքելի ապացույցներ տեսագրությունների, լուսանկարների տեսքով, եւ կան ականատեսներ, որոնք անձամբ տեսել են գերիներին:

Իր հերթին ՄԻՊ Արման Թաթոյանն ավելի վաղ սահմռկեցուցիչ մանրամասներ էր ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների պահման պայմանների վերաբերյալ։ Ընդգծել՝  նրանք հաճախ  զրկված են կյանքի նվազագույն պայմաններից ու բժշկական օգնությունից։ 

Ի՞նչ վիճակում են Բաքվում գտնվող գերեվարված եւ պատանդառված հայերը, եւ ի՞նչ պայմաններում են նրանք պահվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մանրամասներ չի հաղորդում, թեեւ կարճ ժամանակ առաջ են կազմակերպության ներկայացուցիչներն այցելել նրանց։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Հայաստանում Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին հաստատում է՝  ծանոթացել են հայ ռազմագերիների պահման պայմաններին, օգնել կապ հաստատել իրենց ընտանիքների անդամների հետ։

«Ավելին ասել չեմ կարող։ Պարզապես կարող եմ փաստել, որ հերթական տեսակցությունը տեղի ունեցավ բոլոր այն անձանց հետ, որոնք գերեվարված են, եւ իրենց գերության փաստը պաշտոնապես հաստատված է»։    

Միջազգային ատյաններում հայ գերիների շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանն ուշադրություն է հրավիրում փաստի վրա, որ Ադրբեջանը կեղծ մարդասիրություն է խաղում՝ միջազգային կառույցին թույլ տալով այցելել հայ գերիներին։ Իհարկե, Կարմիր խաչը նախկինում էլ այցելել է Ադրբեջանում պահվող պատանդառուներին, բայց փաստաբանը նկատում է, որ այդ այցելությունները սկսվել են բավականին ուշ, մինչդեռ սկզբնական փուլում հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվել են խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։ Փաստաբանը հակված է կարծել, որ հենց այս թշնամական վերաբերմունքի հետքերը թաքցնելու համար է Բաքուն երկար ժամանակ արգելել միջազգային կառույցների մուտքը գերեվարված եւ պատանդառված հայերի պահման վայրեր։ Փաստաբանը պարզաբանում է Բաքվի կեղծ «կերպարանափոխության» դրդապատճառը.

«Բաքվի իշխանությունները հասկանում են, որ մի քանի պլանով ընթացող իրավական գործընթացների հետեւանքները պետության պատասխանատվության տեսանկյունից կարող են ծանր լինել։ Այս պահին Բաքուն իր վարքով ստեղծել է պատժական  տեղեկատվություն։ Այսինքն՝ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ մասշտաբային ձեւով ծրագրվել եւ իրականացվել են պատերազմական հանցագործություններ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելության հիմքով։ Եվ այս բնաջնջման քաղաքականությունը կարծես ապացուցելի է լինելու միջազգային մակարդակով»։

Միջազգային հանրության աչքում իր ռեյտինգը նկարելու եւ բեմադրելու համար Բաքուն ներգրավել է միջազգային փաստաբանների, եւ իր պաշտպանությունը փորձելու է հետագայում ճիշտ կազմակերպելու համար գեներացնել նաեւ դրական տեղեկատվություն, ուստի, ըստ Սիրանուշ Սահակյանի, Բաքվի իշխանություններն այժմ փորձում են հումանիտար երկրի դեր խաղալ։

«Փորձում են ցուցադրել, թե գործում են միջազգային ստանդարտներին համապատասխան, եւ թե իրականում խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի ռիսկեր գոյություն չունեն»։

Հայաստանում Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունու  փոխանցմամբ` հերթական այցի շրջանակում Բաքվում պահվող հայ գերեվարվածներին հնարավորություն է տրվել տեղեկություններ փոխանակել իրենց ընտանիքների հետ, բայց դրանք եղել են բացառապես ընտանեկան բնույթի։

«Այս առումով մենք այս տեսակցության ընթացքում փոխանցում ենք նամակներ, տեսաուղերձներ ընտանիքներից եւ հեռախոսազանգեր: Մենք չենք կարող հրապարակել այն մարդկանց թիվը, որոնց մենք տեսակցում ենք, բայց կարող եմ հաստատել, որ գերեվարման ողջ ընթացքում յուրաքանչյուր ընտանիքի հետ կապի մեջ ենք»։

Տեսակցությունների հիմնական նպատակներից մեկն էլ նրանց վիճակի եւ պահման պայմանների գնահատումն է, որի արդյունքները միայն պահող կողմի իշխանություններին են հայտնում, այսինքն՝ Հայաստանին էլ չեն փոխանցում եւ այս մադին չեն խոսում հանրային հարթակներում՝ հավելեց Զառա Ամատունին: Փոխարենը, նրա խոսքով, պարբերաբար կապի մեջ են ընտանիքների հետ եւ տեղեկություններ են փոխանցում նաեւ այն ընտանիքներին, որոնք ինչ-ինչ տեղեկություններ ունեն իրենց հարազատի՝ հնարավոր գերության մասին՝ վերջիններիս ճակատագրերը պարզելու համար անհրաժեշտ ու հետեւողական ջանքեր ներդնելով։ Նման փաստերը նույնպես կոմիտեի ներկայացուցիչները փոխանցում են կողմին՝ փորձելով պարզաբանումներ ստանալ։   

Ի՞նչ սպասել։ Փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ակնկալում են առաջիկա մեկ ամսում ունենալ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ կապված միջանկյալ միջոցների կիրառման հետ, «որի շրջանակներում դրված է նաեւ հայ գերիների վերադարձի խնդիրը։ Ուստի դա կլինի կարեւոր զարգացում իրավական ոլորտում։ Իհարկե, դրան զուգահեռ այլ քաղաքական գործընթացներ էլ ընթանում են»։

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում նկատեց՝ հայկական կողմն ունի փաստեր, որ Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվողների թիվը շատ ավելի մեծ է, քան հաստատում է Բաքուն։  Ղազարյանը նաեւ ներկայացրեց այս խնդրի լուծումը Միջազգային իրավունքի տեսանկյունից։

«Այդ մարդիկ համարվում են անհետ կորածներ, իսկ անհետ կորածն իրավաբանորեն համարժեք է կյանքից զրկելուն։ Այսինքն՝ մենք ունենք ապացույցներ, որ իրենց ենթակայության տակ են գտնվել, Բաքուն դա մերժում է, եւ դատարանը վերջում կհայտարարի, որ նրանք անհետ կորածներ են՝ պատասխանատվությունը դնելով Ադրբեջանի վրա»։

Այս պահին կյանքի իրավունքի պաշտպանության հարցերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 38 գանգատ է ներկայացված, ևս 30 գործ ուսումնասիրման փուլում է։ Փաստահավաք խումբն ունի ապացույցներ, որ որոշ գերիներ Ադրբեջանում սպանվել են պատերազմի ավարտից հետո․ նմանատիպ հանգամանքներով շուրջ 20 գանգատ է ներկայացվել՝ ասում է Սիրանուշ Սահակյանը։ Այստեղ է, որ հակադրվում են Բաքվի ներկայացված կեղծ թվերն ու հայկական կողմի ունեցած փաստերը։ Միջազգային իրավական հարթակներում հենց այս փաստերի հաստատմանն է հետամուտ հայկական կողմը՝ նպատակ ունենալով օր առաջ վերադարձնել հայ գերիներին։

Ցուցադրել ավելի
Back to top button