ԿարևորՀասարակություն

Անհետ կորած զինվորների ծնողներից գումարի շորթման 10 քրգործ կա․ հանցագործություն՝ մարդանց ամենազգայուն նյարդերի հաշվին

Բացահայտվել է անհետ կորածի ծնողից խոշոր չափի գումար հափշտակելու հերթական դեպքը։ Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի որակյալ հատկանիշներով։ Սա այս հանցակազմով հարուցված արդեն տասներորդ քրեական գործն է։  Մեղադրանքը պաշտպանելու հարցում դատախազները լինելու են հետևողական՝ «Ռադիոլուրին» ասել է գլխավոր դատախազի խորհրդականը և ընդգծել՝ խնդիրն այդ արարքներին ոչ միայն քրեաիրավական, այլև բարոյական գնահատական տալն է։

10 մեղադրյալ, 10 քրեական գործ՝ բոլորն էլ նույն հանցակազմով։ Սրանք պարզապես հափշտակություններ չեն, դեպքեր են, որոնք մեծ վրդովմունք ու ցասում են առաջացնում հանրության մոտ՝  գնահատվելով որպես պատվի ու բարոյականության գողություն, անարգանքի դրսևորում ոչ թե տուժածի, այլ հայրենիքի նկատմամբ։ Խոսքն այն քրեական գործերի մասին է, որոնց դեպքում անհետ կորած զինծառայողների ծնողներին և հարազատներին ինչ-որ անձինք հավաստիացրել են, թե Հայաստանի կամ այլ երկրների պաշտոնատար անձանց շրջանում կապերի ու ծանոթություննների լայն շրջանակ ունեն ու դրանք միջոցով կարող են ապահովել Ադրբեջանի այս կամ այն քրեակատարողական հիմնարկում պահվող  իրենց որդու բուժումը կամ  երրորդ երկրով Հայաստան տեղափոխվելը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում այս մեխանիզմով կատարված հանցագործությունների մանրամասները ներկայացնում է  գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․

«Առանձին դեպքերում խարդախությամբ հաջողվել է մաս–մաս ստանալ որոշակի գումարներ, որոշ դեպքերում փորձ է կատարվել, բայց չի հաջողվել, որովհետև այդ ընթացքում արդեն Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում այդ դեպքերը բացահայտվել են»։

Այս դեպքերը սկսել են գրանցվել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության ստորագրումից հետո։  Գոռ Աբրահամյանը դեպքերի  վիճակագրությունն է ներկայացնում։

«Այս ընթացքում հարուցվել է 10 քրեական գործ՝ ԱԱԾ վերջին հայտարարությունը ներառյալ։ 8 քրեական գործ՝ 8 մեղադրյալներով ուղարկվել է դատարան։ Այս պահին, նշված քրեական գործերով դատարաններում ընթանում է քննություն։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»։

Խնդիրը միայն մեղադրանք առաջադրելով և մեղավորին պատասխանատվության ենթարկելով չի սահմանափակվում, այն ունի նաև հոգեբանական լուրջ կողմ՝  ասում է քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը։ Նրա կարծիքով՝ պետությունը պարտավոր է հետևողական լինել պատերազմից ու նման դեպքերից տուժած անձանց իրավունքների պաշտպանության, նրանց հետ տարվող հոգեբանական աշխատանքների հարցում։

«Ինչ վերաբերում է խարդախության ձևով կատարված հանցագործություններին, ապա ինչպես այս, այնպես էլ բոլոր նմանատիպ հանցագործությունների համար կարևոր են դիրքորոշումները։ Այսինքն՝ պետությունը պետք է հասկանա, թե ինչու են հանցագործություններն աճում, ինչու կան այսպիսի կամ այնպիսի հանցատեսակներ, ամեն հանցատեսակը ինքնուրույն վերլուծի, հետո՝ ամբողջության մեջ։ Սա պետության գործառույթն է»։

Այս հանցագործության դրվագները հուզական ֆոն ունեն, քանի որ ուղիղ կապի մեջ են պատերազմի ու դրա հետևանքով առաջացած իրավիճակների հետ, բայց հանցագործի համար, զրուցակցիս դիտարկմամբ, դեպքը նույնն է, ինչ մեկի տնից հուշանվեր գողանալը։

«Սա շատ տարբեր է սպանություն գործող անձանց հոգեբանությունից , ավազակային հարձակում անելու հոգեբանությունից։ Խարդախների կարևոր առանձնահատկությունն է վերցնել մի բան, ինչը ուրիշինն է, և քանի որ նրանք չեն  ունենում ներքին ուժ՝ դա բռնությամբ վերցնելու, փորձում են գտնել թիրախ, որից կկարողանան շորթել այդ գումարը»։

Պատերազմի հետևանքով տուժածների հետ հոգեբանական աշխատանքներ տանելու հարցում պետությունն ունի անելիք և իրականացնում է՝ վստահեցնում է դատախազության ներկայացուցիչը։

«Հոգեբանական առումով  մենք լուրջ խնդիր ունենք ընդհանրապես  պատերազմի մասնակիցների մասով։ Մենք նաև հրապարակում ունեցանք այդ մասին։ Կոնկրետ դեպքեր էինք նշել  ողբերգական հետևանքներով, ինքնասպանություններով, որոնք վերաբերում էին պատերազմի մասնակիցներին և նրանց հետ տարվող աշխատանքներին, դրանց  իսկապես անհրաժեշտությանը։ Այս մասով ես կարող եմ ասել, որ պետության պոզիտիվ պարտականությունն է լիարժեքորեն ապահովել տուժողների իրավունքները և հասնել վերջնական, հստակ արդարադատության»։

Փորձագետ Արշակ Գասպարյանն էլ հակադարձում է՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում պետությունը , միևնույնն է, բախվելու է ռեսուրսների սղության խնդրին։ Կարևորը ոչ միայն ֆինանսական կոմպոնենտն է, այլև՝ մասնագիտականը։ Այդքան հոգեբան պարզապես չունենք՝  ասում է զրուցակիցս։

«Պետության գերխնդիրը հետտրավմաստրեսային խանգարումներով բնակչությանը հոգեբանական ծառայություններ մատուցելն է, հատկապես պատերազմի նման աղետից հետո։ Առնվազն պետք է հասցվի հոգեկան բարօրության․ միգուցե ոչ խորը թերապեվտիկ աշխատանք տարվի, բայց գոնե հոգեկան բարօրության պետք է հասցվի։ Այլ հարց է, որ պետությունը գլխադասային մի խնդիր էլ ունի․ պատրաստել այդքան հոգեբան»։

Այս 10 դեպքերը հիմնականում բացահայտվել են հենց հարազատների կողմից, այսպես ասենք, ծուղակում հայտնվելուց , խաբված լինելը զգալուց և իրավապահների միջնորդությամբ իրավիճակը սթափ գնահատելուց հետո՝  նշում է Աբրահամյանը։

«Խարդախությունների դեպքում հիմնական հարաբերություները տուժողի և, այսպես ասած, հանցանքը կատարողի հետ են կապված։ Եվ շատ կարևոր է, որ ծնողները, հարազատները չափազանց զգոն լինեն ու նման ծուղակների մեջ չհայտնվեն։ Իսկ նման առաջարկներն իրենց ներկայացվելու դեպքում կամ նման հարաբերությունների՝ արդեն ձևավորված լինելու դեպքում պարտադիր կերպով տեղեկացնեն իրավապահ մարմիններին՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով»։

Դատախազության ներկայացուցիչը զինծառայողների հարազատներին հորդորում է  անհայտ անձանց հետ նման հարաբերությունների մեջ չմտնել, իսկ մտնելու դեպքում՝ տեղեկացնել իրավապահ մարմիններին։ Իսկ հանցագործներին առաջադրված մեղադրանքը պաշտպանելու հարցում դատախազները լինելու են հետևողական՝ ասում է Աբրահամյանը և ընդգծում՝ խնդիրն այդ արարքներին ոչ միայն քրեաիրավական, այլև բարոյական գնահատական տալն է։

Ցուցադրել ավելի
Back to top button