ԿարևորՀասարակություն

Քննարկվել են ԵՄ աջակցությամբ Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի իրականացման հարցերը

Նոյեմբերի 3-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ աջակցությամբ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։ Դիտարկվել են նաև ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ներդրումային փաթեթի շրջանակներում ՊԵԿ այլ ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված համանման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները։

Կողմերն ընդգծել են ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (Twinning, TAEIX) ակտիվ կիրառման անհրաժեշտությունը մաքսային և հարկային վարչարարության բարեփոխումների համատեքստում, ինչպես նաև ԵՄ հնարավոր աջակցության դիտարկումը մաքսային լաբորատորիաների ստեղծման գործընթացում: Կարևորվել են Միասնական տարանցման կոնվենցիայի աշխատանքային խմբում Հայաստանի Հանրապետության կողմից դիտորդի կարգավիճակի ստանձման և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման հետ կապված հարցերը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել ինչպես հետագա համագործակցության ընդլայնման, այնպես էլ դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button