ԿարևորՄշակույթ

Քնելուց առաջ միշտ կռվել եմ Ներոնի հետ, հանկարծ Ներոնը ինձ չհաղթի․ Կամերայինի բեմում դարձյալ «Կեսարի խրախճանք»–ն է

Պատմական պսիխոդրամա՝ հայտնի իրադարձությունների անսպասելի մեկնաբանությամբ։ «Մեծագույն բարոյախոսը դաստիարակեց մեծագույն մարդասպանին»։ Կամերային թատրոնի բեմում «Կեսարի խրախճանքը» ներկայացումն է, գլխավոր դերակատարը Ներոնի կերպարում թատրոնի առաջատար դերասան Սենիկ Բարսեղյանը։

Այս ողբերգությունը հանդիսականին տեղափոխում է անցյալ․ Հին Հռոմի կառավարիչը Ներոնն է՝ հայտնի իր նենգությամբ ու դաժանությամբ։ Բեմադրությունը բացահայտում է բռնապետության արմատները Հռոմեական Կայսրությունում, մարդկանց հիշեցնում պատասխանատվության զգացումի մասին։

Թատրոնում այս ներկայացումն առաջին անգամ բեմադրվել է 1984 թվականին՝ ռեժիսորը եղել է Արա Երնջակյանը։ Բեմադրության հիմքում Էդուարդ Ռադինսկիի «Ներոնի եւ Սենեկայի ժամանակների թատրոնը» ստեղծագործությունն է։ Երկար տարիներ Ներոնի դերում հանդես է եկել լուսահոգի Գեորգի Ամիրաղյանը։ Ներկայացումը վերաբեմադրել է ռեժիսոր Արշո Հարությունյանը։ Ընդամենը մեկ գործողությամբ  հանդիսատեսը  տեղափոխվում է Հռոմեական Կայսրություն ու ականատեսը դառնում  Կեսարի հոգեխանգարմունքին, ինչից տուժում է ժողովուրդը: Սենիկ Բարսեղյանն ասում է՝ մոտ 3 տարի այս կերպարը խմորվել է ներսում։ Խոստովանում է, որ բավականին դժվարությամբ է դերն իրեն տրվել։ Գեորգի Ամիրաղյանը դեռ ողջ էր ու Ներոն էր խաղում, երբ Սենիկը խոսել է այդ դերը ստանալու մասին․

«Չեմ թաքցնի մեղքս, կասեմ, որ քնելուց առաջ ես միշտ կռվել եմ Ներոնի հետ, որպեսզի հանկարծ Ներոնը ինձ չհաղթի։ Երկար փուլ է եղել։ Փորձերի ընթացքում անընդհատ հակասությունների մեջ եմ եղել կերպարի հետ։ Նույնիսկ, եթե ինչ որ բան ինձ հեշտ է տրվել, ես դրա տակ մի ուրիշ բան եմ հասկացել։ Եթե դա իր բնավորությունն է, ու ես իրեն առաձնացնում եմ, ուրեմն, դա իմ էության մեջ արդեն կա։ Յուրաքանչյուր կերպար խաղալիս, ինչ- որ մի բան դնում ես դրա մեջ, ինքն էլ քեզ է տալիս: Բայց, այնուամենայնիվ, դու ստեղծում ես կենսագրություն, նկարագիր։ Իհարկե, առանձնանալով հանդերձ՝ ինքը շարունակում է քեզ հետ ապրել, իմաստանալ, տարիք ձեռք բերել»։

Դերասանը խոստովանում է, որ եթե ներկայացմանը նայում է որպես հանդիսատես, ապա շատ բաներում համաձայն է Ներոնի հետ։ Ասում է՝ 3000 տարի հետո էլ ոչինչ չի փոխվել, մարդու ներսի գիշատիչն ու դահիճը մնացել են նույնը, պարզապես փոխվել են ձեւերն ու միջոցները։ Գիշատչին հնարավորություն է տրվում իշխանություն ունենալու, ու նա միանգամից դառնում է հրեշ։

«Սա մեր ժամանակների լավագույն ներկայացումն է։ Զուգահեռներ պետք է անցկացնեմ , նույն սենատում մարմարե մսուրներ կշարեմ։ Մի օր ես կհրդեհեմ այս քաղաքը և ձեզ կնետեմ իմ անեծքը։ Այս ներկայացումը սոսկ ներկայացում չէ, ընթացքում դու վերլուծություն ես անում, զուգահեռներ անցկացնում ու մի քանի եզրակացության հանգում»։

Ներկայացումը  հնարավորություն է տալիս   զուգահեռներ անցկացնել անցյալի ու ներկայի, հորինված ու կենդանի կերպարների միջև ու հասկանալ՝ կգա՞ ժամանակը, երբ մենք վերջապես դասեր կքաղենք անցյալից ու պատմությունից….

«Ես ամեն ներկայացումից հետո անալիզ եմ անում։ Ես ինձ մոտ բացահայտում եմ նոր զգացողություններ։ Նման խորացված կերպարի դեպքում ինքը շատ ավելի ծավալուն է։ Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր փորձից հետո ինչ որ մի էտապից հետո նստում ես հաշվի, բացահայտում ես նորովի»,–ասում է դերասանը։

Մեկ գործողությամբ այս ներկյացումը հանդիսատեսը դիտում էր շունչը պահած։  Ռեժիսորի լուծումների շնորհիվ հանդիսատեսը բեմում բացահայտեց բոլորովին այլ՝   խորը դրամատիկ ներուժ ունեցող դերասանի, որը մինչ սա՝ հայտնի էր որպես կատակերգու։

Ցուցադրել ավելի
Back to top button