ԿարևորՀասարակություն

Փրկության կայանը փրկված է

Կորոնավիրուսային համավարակի պայմաններում Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կրիոգեն կայանն աշխատում է գերծանրաբեռնված՝ օրը 24 ժամ: Այստեղ են արտադրում անհրաժեշտ թթվածինը։  Նախորդ շաբաթ  թթվածնի պահանջարկը արտադրանքի ծավալին գերազանցել է 4 անգամ։ Հայաստանում  թթվածին արտադրող կայանները վերջին շրջանում  աշխատում են գերծանրաբեռնված։Համավարակի դեմ պայքարի այս փուլում առողջապահական հիմնարկներին օգնության է հասել նաև Մեծամորի ատոմակայանը։

Հայաստանում ամեն օր թթվածնի կարիք ունեցող քովիդով հիվանդների թիվն ավելանում է։

Մեկ տարուց ավելի` Ալիխանյանի անվան գիտական ազգային լաբորատորիայի կրիոգեն կայանն աշխատում է 24/7 ռեժիմով։ Հիվանդանոցներին կորոնավիրուսի համավարակի  շրջանում անհրաժեշտ թթվածնի գերակշիռ մասը հենց այս կայանն է  մատակարարում։ 1960–ականներից գործող կրիոգեն կայանին զուգահեռ այսօր արդեն աշխատում է  նաև նոր կայանը։  «Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանն ասում է՝   թթվածին արտադրելիս ավելի քիչ են հոսանք ծախսում․

«Այժմ շատ ավելի հեշտ ու քիչ էլեկտրաէներգիա ծախսելով ենք կարողանում թթվածին արտադրել, սակայն, արտադրական ծավալները մի քիչ պակաս են հին կենտրոնի ծավալներից։ Բայց հին կենտրոնը գրեթե ամեն օր ջարդվում է»։

Համավարակի լարված այս շրջանում 1960–ականներին ստեղծված   կրիոգեն կայանն է բավարարել թթվածնի պահանջը։ Անցյալ տարի թթվածնի մեկ լիտրի արժեքը մոտ  260 դրամ էր․ ինքնարժեքի մեծ մասը հոսանքի գինն է։ Օրական 2․5–3 տոննա հեղուկ թթվածին է արտադրվում կորոնավիրուսից հիվանդներին փրկելու համար։ Պիկը 2020-ի հոկտեմբերին էր՝ ասում է  Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գլխավոր ճարտարագետ Միխայիլ Մարտիրոսյանը․

«2020թ փետրվարից մենք աշխատում ենք օրական 24 ժամ։  Հոկտեմբերի պիկին, երբ նաև պատերազմ էր,  արտադրեցինք 70 տոննա հեղուկ թթվածին։ Կնագնած ենք լինում միայն պրոֆիլակտիկ նորոգումների ժամանակ, կամ, երբ ինչ որ բան է  փչանում»։

Կրիոգեն կայանի ղեկավար Ստեփան Ստեփանյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում անկեղծանում է՝  շատ հաճախ չեն կարողանում անհրաժշետ հարցերը լուծել․ «Մենք երբեմն անզոր ենք լինում, մետաղը չի դիմանում։ Մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, թե ինչ վիճակում են դետալները»։

Շուրջ 60 տարեկան կայանում ամեն ինչ հին է, սարք-սարքավորումները՝ կայանի չափ մաշված։ Շաբաթը գոնե մեկ անգամ ստիպված են դադարեցնել թթվածնի արտադրությունը, ավելի պատկերավոր՝ փրկության կայանն ինքը փրկության կարիք ուներ։

Համավարակի ու պատերազմի օրերին լաբորատորիան ոչ միայն փրկարար թթվածնի ու ազոտի պահանջարկն էր փորձում բավարարել, այլեւ գումար էր փնտրում նոր կայանի համար։ Փնտրված գումարը գտան Հայաստանից դուրս․Միացյալ Նահանգներում  բժիշկների մի խումբ հավաքեց անհրաժեշտ գումարն, ու նոր կայան գնեցին։     

Հայաստանում  թթվածին արտադրող կայաններն  աշխատում են գերծանրաբեռնված։Համավարակի դեմ պայքարի այս փուլում առողջապահական հիմնարկներին օգության է հասել նաև Մեծամորի ատոմակայանը։ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը «Ռադիոլուր»–ին  մանրամասնում է՝ թթվածնի արտադրությունը ՀԱԷԿ–ի հիմնական գործառույթը չէ, բայց այս փուլում նաև թթվածին են արտադրում․

«Ատոմակայանը քովիդի ավելի վաղ փուլում էլ  է արտադրել թթվածին, մատակարարել առողջապահության նախարարությանը։  Հստակ տվյալ չունեմ, բայց կարծում եմ, ամենամեծն է՝ իր ծավալով։ Երբ քովիդի վիճակը լավացել էր, դադարեցրել էր։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել։  ՀԱԷԿ–ն  ունի արտադրամաս, որը վճարովի ծառայություն չի մատուցում, բայց անհրաժեշտության դեպքում սկսում է թթվածին արտադրել»։

Ընդհանուր առմամբ,այս պահին թթվածին արտադրող կայաններ ավելի ծանրաբեռնված են։ Իսկ համավարակը չի նահանջում, միայն  վերջին երկու օրվա ընթացքում Հայաստանում քովիդից մահացել է 119 մարդ։

Ցուցադրել ավելի
Back to top button