ԿարևորՀասարակություն

Տունը՝ հայերի, գոմը՝ ադրբեջանցիների տարածքում․ ՄԻՊ-ը ապառազմականացված գոտի ստեղծելն օրախնդիր է համարում

136 էջ և հիմնավոր ապացույցներ այն մասին, որ հայկական բնակավայրերի մոտ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը Հայաստանի բնակչության իրավունքների հիմնարար խախտում է։ Մարդու իրավունքների պաշտպանը նոր արտահերթ զեկույց է հրապարակել, որում ներկայացնում է քաղաքացիական բնակչության իրավունքների շարունակվող խախտումները և հիմնավորում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հատվածներում անվտանգության գոտու անհրաժեշտությունը։

«Հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտի ստեղծել, որ ադրբեջանական զինվորականները, դրոշները, տարբեր սարքավորումներն ու տեսախցիկներ պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից ու մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից։ Առանց դրա չի կարող լինել իրավունքների և մարդկանց բնականոն կյանքի վերականգնում։ Ընդ որում, հաճախ հարց է հնչում՝ դա պետք է լինի մե՞ր հաշվին, թե ոչ․ իհարկե՝ ոչ, նանք պետք է հեռանան, քանի որ հենց զեկույցում էլ ցույց է տված որ նրանց տեղակայումները անօրինական են՝ առանց որևէ բացառության, նրանք հայտնվել են մեր գյուղերում և ճանապարհներին պատերազմի սպառնալիքի ներքո»,– ասում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

Սահմանագծումն ու սահմանազատումը չեն կարող օրինական համարվել, եթե դրա հետեւանքով խախտվում են մարդու իրավունքները և չի ապահովվել մարդկանց բնականոն կյանքը՝ ասում է Թաթոյանը։ ՄԻՊ–ը փաստահավաք ուսումնասիրությամբ պարզել է՝ ադրբեջանցիները տեղակայված են խորհրդային տարիների կադաստրային փաստաթղթերով հայերին պատկանող հողերի վրա։

«Խոզնավար գյուղում ադրբեջանցիները տեղակայված են անմիջապես գյուղի վերևում՝ մարդկանց «գլխի» վրա, ինչպե՞ս կարող է այստեղ բնականոն կյանքի մասին խոսք գնալ։ Հաճախ է խոսվում Շուռնուխի մասին․ այստեղ բնակիչներից մեկի տունը Հայաստանի տարածքում է, նույն այդ բնակչին պատկանող գոմը՝ Ադրբեջանի»,– ասում է Թաթոյանը։

Հրապարակված զեկույցում ինտերակտիվ քարտեզի միջոցով մարդու իրավունքների պաշտպանը ցույց է տալիս հայկական բնակավայրերի մոտ ադրբեջանական դիրքերի տեղակայումներն ու հնարավոր վտանգները։ Մասնավորապես, Թաթոյանը շեշտում է՝ Գեղարքունիքում որոշ գյուղեր ջրի խնդրի առաջ են կանգնել։ Վերին Շորժայում, Սև լճի տարածքում և Ներքին Խնձորեսկում գյուղատնտեսական նշանակության հողերի, արոտավայրերի խնդիրներ են ծագել։

«Այս սահմանային հարցերը մարդու իրավունքներից անջատ չի կարելի դիտարկել։ Պաշտոնյաներ կան, որոնք միայն քարտեզներից են խոսում, տպավորություն է, որ այս երկիրը կար ու ձևի դաշտ է, մտածում են՝ ա՞յս քարտեզով կտրեն, թե՞ այն։ Բայց այդ քարտեզների խնդիրների հետևում մարդիկ են՝ իրենց խնդիրներով, երեխաներ՝ իրենց անվտանգությամբ»,– պնդում է Մարդու իրավունքների պաշտպանը։

Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցնում է՝ Ներքին Հանդում ադրբեջանական դիրքերը գյուղի դպրոցից ընդամենը մի քանի մետր են հեռու․ սա արդեն երեխաների հիմնարար իրավունքի խախտում է։

«Մեզ համար նշանակություն չունի՝ տեղակայվածը սահմանապահ զորքի՞, ոստիկանությա՞ն, թե՞ զինված ուժերի ներկայացուցիչ է․ դա պարզապես զենքով մարդ է, ում գերագույն հրամանատարն ամեն օր սպառնում է Հայաստանի Հանրապետության բնակիչներին՝ Արցախում ու Հայաստանում»։

Խոսելով միջպետական նշանակության ճանապարհների վրա ադրբեջանցիների ներկայության մասին՝ Թաթոյանը սա բնորոշում է որպես ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակում ու խախտում։ Ադրբեջանը ճանապարհների վրա շարունակ ցուցանակներ է տեղադրում՝ դրանով ոչ միայն ահաբեկելով բնակիչներին, այլև այդ տեղանքում զինված ուժեր տեղակայելու  հիմք ստեղծում։ ՄԻՊ զեկույցում ներկայացված փաստերը վկայում են՝ շարունակ խախտվում են Հայաստանի խաղաղ բնակչության իրավունքները, ուստի օր առաջ պետք է բանակցություններ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու ուղղությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button