ԿարևորՀասարակություն

Ուսուցիչնե՞րն են սխալվել, թե՞ թեստերն են սխալ․ քիմիայի մասնագետները պահանջում են չեղարկել ատեստավորման արդյունքները

Քիմիայի արմավիրցի ուսուցիչները պահանջում են չեղարկել ատեստավորման արդյունքները՝ պնդելով՝ իրենց մասնագիտական գիտելիքները ստուգելու նպատակով կազմված 70 առաջադրանքից 27-ն  անճշտություններով է կազմվել։  Ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին փուլն ավարտվել է։ Արդյունքներն ամփոփվել են, բայց տարբեր առարկաներից ցածր միավորներ ստացած  ուսուցիչների կրքերը դեռ չեն հանդարտվել: Ատեստավորման ամենացածր ցուցանիշը գրանցվել էր քիմիա առարկայից՝ 11 տոկոս: Քիմիայի մասնագետները բողոքում են՝ թեստային առաջադրանքները կազմված են եղել սխալներով, վատ թարգմանությամբ: Պահանջում են վերանայել թեստերն ու կրկնակի ատեստավորում անցնել ։ ԿԳՄՍ-ից փոխանցում են՝ դժգոհությունն ընդունվել է ի գիտություն, բայց դեռ չեն արձագանքում՝ որոնք կլինեն հետագա քայլերը։

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում քիմիա առարկայի  ցածր միավորները ոչ թե մասնագիտական գիտելիքների պակաս է, այլ՝ սխալ կազմած թեսթերի. այս կարծիքին են ատեստավորման մասնակից քիմիայի ուսուցիչները:  Իրենց մասնագիտական գիտելիքները ևս մեկ անգամ ստուգելու և կառավարության ընձեռած հավելավճարի հնարավորությունից օգտվելու նպատակով Արմավիրի մարզի բարձր դասարանների ուսուցիչները ևս հայտ էին ներկայացրել ու մասնակցել ատեստավորմանը: Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի ուսուցչուհի Լարետա Գևորգյան-Մաքրովան վստահ է իր մասնագիտական կարողություններին ու հմտություններին.

 «Քանի որ ես ինձ համարում եմ բավականին պատրաստված ուսուցիչ և աշխատում եմ արդեն 30 տարի, որից 11 տարին՝ ավագ դպրոցում, ես լիովին պատրաստ էի և ուզում էի: Ուզում էի կանգնել իմ կառավարության կողքին, որովհետև եթե չմասնակցեինք, ապա այդ փորձնական ատեստավորումն ու՞մ հետ պետք է անցկացնեին»:

Ուսուցչուհին մասնագիտական գիտելիքները հարստացնելու նպատակով տարբեր վերապատրաստումների է մասնակցել: Ուսուցիչների կամավոր ատեստավորմանը  համոզված էր, որ հարցերը կապված կլինեն դպրոցական ծրագրերի հետ, բայց թեստերի առաջադրանքները դժգոհության տեղիք են տվել.

«Ամեն մեկը նկատում էր, որ սխալ կա. կամ առաջադրանք, որն ունի 2 պատասխան, կամ գծագիրը լավ որակի չէր, լղոզված էր երևում, ու սկսվեց գժգոհության ալիք, որն աստիճանաբար բորբոքվեց, և մոտ մեկ ժամ հետո որոշեցինք ատեստավորումից հրաժարվել»:

Քիմիայի թեստերում 70 առաջադրանք էր, լուծման համար տրվել է 180 րոպե: Թեստերի անհասկանալի առաջադրանքները զայրացրել էր նաև Արմավիր քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի Արարատյան բակալավրիատի որակավորում ստացած ԱԲ հավաստագիր ունեցող ուսուցչուհի Կարինե Գևորգյանին: Նա ունի հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ  և  վերապատրատող ուսուցիչ է: Քիմիայի ուսուցչուհին դժգոհում է.

 «27-28 էջից բաղկացած այդ առաջադրանքների տրցակը երբ հանձնեցին՝ մենք յուրաքանչյուր հերթական  առաջադրանքում տեսանք, թե ինչքան անկատար, սխալներով լեցուն, ժամանակատար, անհարկի հաշվարկներով, խճճած առաջադրանքներ են ներկայացված՝  սկսեցինք նյարդայնանալ»:

Կարինե Գևորգյանն ասում է, որ 70 առաջադրանքից 40-ը  «Ա», 30-ը՝ «Բ» մակարդակի խնդիրներ էին, որոնք ոչ թե բարդ են եղել, ինչպես ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, այլ՝ սխալ: Ուսուցչուհու կարծիքով՝ այս թեստերով ուսուցիչների կարողությունը, գիտելիքն ու հմտությունները հնարավոր չէր ստուգել:

 «Հենց տեղում էլ մենք բարձրաձայնեցինք, որ տարբերակում կան վրիպակներ, թերություններ, մտքերի սխալներ, և՛ բաց խնդիրներ, և՛ սխալ խնդիրներ: Շատ դեպքերում արտասահմանյան աղբյուրներից վատ թարգմանված, քիմիական մտքին չբավարարող առաջադրանքների  ի կույտ էր, ոչ թե տարբերակ:  Ընդ որում՝ ԳԹԿ-ի աշխատակիցներից մեկն ասաց՝ եթե դուք չեք կարողանում գրել, չի նշանակում թեստը սխալ է, մյուսն էլ թե՝ ես խղճում եմ ձեր աշակերտներին: Հարգելի՛ս, մեր աշակերտներին խղճալ պետք չէ, մեզ ճիշտ  թեստ տվեք, մենք էլ գրենք»:

Ուսուցիչներն ասում էին, որ իրենց դպրոցի շրջանավարտներից շատերն են ընտրում այնպիսի մասնագիտություններ, որոնք կապված են քիմիա առարկայի հետ և ստանում ամենաբարձր միավորները: Քննասենյակում ուսուցիչների բողոքը լսել է Կրթության, գիտության մշակույթի ու սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Լարետա Գևորգյան-Մաքրովան է պատմում.

«Հրավիրեցին Ժաննա Անդրեասյանին, եկավ, շատ բարեհամբույր ասաց՝ դուք աշխատեք, մենք հետո անպայման կքննարկենք, կկազմակերպենք հանդիպում թեսթի հեղինակների հետ, խնդրում եմ՝ դուք ձեր աշխատանքը շարունակեք»:

Ատեստավորումից հետո ուսուցիչներին չի հաջողվել հանդիպել Գնահատման և թեստավորման կենտրոնի՝ քիմիայի թեստերի հեղինակների հետ և պարզաբանումներ ստանալ, բայց բողոքարկել են:  Թեստերի ճշտությունը ստուգելու նպատակով  ուսուցիչները դիմել էին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ստացել մեթոդխորհրդի կարծիքը՝ 70 հարցից 27-ը պարունակում է անճշտություններ

«Քիմիա առարկայից ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստը պարունակում է բազում անճշտություններ և չի կարող ծառայել իր նպատակին: Ատեստավորում իրականացնելիս նախ պետք է տրվեն կարողունակության ստուգման սահմանները՝ չափորոշիչն ու ձևաչափը: Առաջարկում ենք անվավեր ճանաչել քիմիա առարկայից ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքներն ու նոր ատեստավորում իրականացնել»:

Մասնակից 90 ուսուցչից 70-ը բողոքարկել են թեստերը և ցանկացել միանալ քննարկմանը, ապացուցել առաջադրանքների լուծման իրենց տարբերակը. «Ես խնդրում և պահանջում եմ կազմակերպել թեստի քննարկում հեղինակների և ուսուցիչների հետ»:

«Եւս մեկ անգամ գնահատական տրվի այդ թեստին, անվավեր համարեն։ Երբ էլ լինի այդ ատեստավորումը՝ ես անպայման մասնակցելու եմ»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից խնդրին արձագանքեցին շատ հակիրճ։ Նախարարության  հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության աշխատակից  Կարինե Մանուկյանը փոխանցեց՝  խնդիրը քննարկվում է, բողոքարկումն ընթացքի մեջ է.

«Երբ բողոքարկման փուլն ավարտվի, և վերջնական գնահատականներ տրվեն, նոր ճիշտ կլինի, որ այդ մասին խոսեն»:

Երբ կներկայացվեն բողոքարկման արդյունքները՝ դեռ հարց է։ Նախարարությունից դեռ չեն խոսում դրանց մասին։ Գնահատման և թեստավորման կենտրոնից  եւս չեն արձագանքում թեմային։ Մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյան.

«Կոնկրետ քիմիա առարկայի գծով ուսուցիչների կամավոր ատեստավորման, քիմիայի թեստերի վերաբերյալ մասնագիտական կարծիքը գնահատման և թեստավորման կենտրոնն ուղարկել  է ԿԳՄՍ նախարարություն»:

Կամավոր ատեստավորված ուսուցիչների ներկայացրած խճճված հարցերով քիմիայի թեստերի արդյունքները կփոփոխվեն, թե չէ՝ դեռ պարզ չէ, իսկ ուսուցիչների պահանջը մեկն է՝ չեղարկել նախկին ատեստավորման արդյունքներն ու նոր ատեստավորում անցկացնել՝ իրենց ձևակերպմամբ՝ խելամիտ առաջադրանքներով: 

Ցուցադրել ավելի
Back to top button