ԿարևորՀասարակություն

Համակարգային փոփոխություններ` հասարակական տրանսպորտում

Գործադիրն ու  քաղաքային իշխանությունը երևանցիներին հորդորում են համբերել ևս մի քանի ամիս, և վերջնականապես հրաժեշտ կտանք գազելներին։ Դրանց կփոխարինեն նոր ավտոբուսներ՝ վճարման քարտային համակարգով։

Տրանսպորտն ուշանում է, քիչ է, գերբեռնված է․ այս դժգոհությունները լսում ենք ամեն օր, հատկապես կանգառներում։ Դժգոհությունները լսելի են նաև քաղաքային իշխանությանը։ Թեև մի բան է լսելը, մեկ այլ բան՝   պատշաճ արձագանքելը, թեպետ Երևանում նոր ավտոբուսների առկայությունը հուսադրում է, որ ավելի քաղաքակիրթ երթևեկին, գուցե շատ դանդաղ քայլերով, բայց մոտենում ենք։ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հկ ղեկավար Կարեն Չիլինգարյան․

«Քաղաքին պետք են մեծ տարողությամբ ավտոբուսներ։  Մեկ միլիոնանոց քաղաքը միայն փոքր երթուղայիններով չի կարելի սպասարկել»։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ միայն 2020-ին Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 100 կոմպակտ դասի ավտոբուս, դրանք ներկայումս սպասարկում են: Եվս 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս, կրկին համայնքի միջոցներով, ձեռք է բերվել 2021-ին: Հանձնման-ընդունման, մաքսազերծմնան և փաստաթղթային մի քանի այլ գործընթացներից հետո ավտոբուսները կմտնեն երթուղի: Երևանի քաղաքապետարանում խոստանում են առաջիկայում վերանայել նաև տրանսպորտի վճարային համակարգը։  2-3 ամսից հասարակական տրանսպորտում վճարման քարտային համակարգի կներդրվի։ Գործընթացն արդեն սկսվել է,– հավաստիացնում է քաղաքապետ Հայկ Մարությանը․

«Նոր քարտային համակարգը ընդհանրապես անկանխիկ կլինի և կհեշտացնի վճարումը և կընդունի ամեն տեսակի քարտեր։ Այսինքն՝ շատ ավելի լավ համակարգ է ներդրվելու, քան որոշ եվրոպական քաղաքներում, քանի որ կլինի ամենաժամանակակից համակարգը: Ժամանակավոր կգործեն նաև կանխիկ վճարման համակարգը և էլեկտրոնային համակարգը, իսկ որոշ ժամանակ անց մենք ամբողջությամբ կանցնենք էլեկտրոնային համակարգի»։

Որ Երևանը պետք է ունենա պատշաճ տրանսպորտային համակարգ, նախընտրական ծրագրում խոստացել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր արդեն հավաստիացնում է՝ շուտով վերջնականապես հրաժեշտ կտանք գազելներին․

«Գազելների տրամաբանությանը վերադարձ չի լինելու։ Մենք դա դեռ 2017 թվականին ենք խոստացել, և Երևանը պետք է ունենա պատշաճ տրանսպորտային համակարգ։ Ավելին, մենք պետք է աստիճանաբար անցնենք էլեկտրաավտոբուսներին»։

Մինչ էլեկտրաավտոբուսներին անցնելը՝ նախ պետք է տրանսպորտի վճարման համակարգը վերանայել։  Ամիսների հարց է, – հավաստիացնում են քաղաքապետարանից։ Մինչ դա՝ բոլոր ավտոբուսներում ժամանակավորապես կտեղադրվեն մետաղադրամների հաշվիչներ, որոնք 100 դրամանոցներ կընդունեն։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է ձեռք բերել 405 հաշվիչ։

Ցուցադրել ավելի
Back to top button