ԿարևորՀասարակություն

Կնախանձենք դատապարտյալներին՝ ի թիվս այլ ծրագրերի խոստանում է նախարարը

Կոռուպցիոն բնույթի մոտ 2 000 հանցագործության քննություն է հաջորդ տարվա համար նախատեսել ընդամենը 10 օր առաջ ամբողջությամբ ձևավորված Հակակոռուպցիոն կոմիտեն։ Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն է մանրամասնում։

«Վիճակագրական ցուցանիշերը մոտավորապես այդ թվի մասին են խոսում: Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, ԱԱԾ քննչական դեպարտամենտը և ՊԵԿ քննչական ծառայությունը քննել են մոտ այդքան քրեական գործ»։

Կոմիտեն ծանրաբեռնվելու է ոչ միայն քրեական գործերով, այլ նաև կոռուպցիոն բնույթի դիմումների, բողոքների քննությամբ, նյութերի նախապատրաստմամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներով։ Նախատեսվում է հաջորդ տարի բացել նաև կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ: Կառույցը համարվում է դատաիրավական բարեփոխումների կարևորագույն օղակներից։

Չի մոռացվում նաև դատավորների վեթինգի մասին կառավարության խոստումը։ Փորձագիտական շրջանակներն այժմ փորձում են հասկանալ՝ այսօրվա Սահմանադրությամբ որպես առանձին գործիք հնարավո՞ր է այն կիրառել։ Արդարադատության նախարարությունը պատասխանը կստանա առաջիկա 1-2 օրում՝ ասում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Եթե հնարավոր է՝ մենք օրերի ընթացքում կսկսենք վեթինգի մասին առանձին օրենքի մշակումը, եթե հնարավոր չէ՝ կմտածենք հարցը սահմանադրական բարեփոխումների շրջանակում լուծել»։

Մինչ այս հարցը որևէ տարբերակով լուծում ստանա ՝ դատավորներին փորձում են «կարգի հրավիրել» ԲԴԽ–ում հարուցված կարգապահական վարույթներով։ Վերջին մեկ ամսվա ընթացքում 2 դատավորի լիազորություն է կասեցվել, ինչը այսօրվա դատաիրավական համակարգի համար նախարար Անդրեասյանը մեծ հաջողություն է համարում։  

Գործող կառավարությունը հաջողություն է համարում նաև այն ցուցանիշը, ըստ որի՝ Հայաստանում այսօր դատապարտյալների թվաքանակի պատմականորեն ամենացածր մակարդակն է։ Դա թույլ է տալիս փակել Կոշի և Հրազդանի քրեակատարողական հիմարկները և խոսել անմխիթար վիճակում գտնվող «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տեղափոխման մասին։ Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է կառուցել տարիներ առաջ փակված «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի տեղում։ Դատապարտյալների և քրեակատարողական հիմնարկներում աշխատողների համար պատրաստվող պայմանները նկարագրելու համար նախարարն ընտրում է պատկերավոր ձևակերպում․ «օրհնություն կլինի նոր ՔԿՀ–ում լինելը»՝ ասում է․

«Լավ է, որ կա դոնորական աջակցությունը և հետաքրքրությունը։ Մեր շատ միջազգային գործընկերներ անհանգստանում են մեր քրեակատարողական համակարգի համար, որովհետև շատ հաճախ լինում են մարդիկ Հայաստանում, որ ասում են՝ մենք մեր մասին մտածենք, թե՞ այն մարդկանց, ովքեր կասկածվում են հանցագործության մեջ կամ հանցագործություն են արել։ Մեր եվրոպական և միջազգային այլ գործընկերներ, հակառակը, մտածում են, որ եթե մենք ճիշտ վերաբերվենք այն մարդկանց, ովքեր հայտնվել են այս ծանր վիճակում, իրենք կառողջանան, և կառողջանա նաև մեր հասարակությունը։ Այսինքն՝ մենք ոչ թե 2 հազար մարդու համար ենք այս ամբողջն անում, այլ անում ենք մեր ամբողջ երկրի համար»։   

Նախարարի ներկայացրած ծրագրերի կողքին քրեակատարողական հիմնարկներում նոր մտահոգիչ միտում կա․ գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։  

Հրատապ միջոցներ են քննարկվում  գոնե ժամանակավոր սահմանափակել շարժը՝ ապահովելու ՔԿՀ-ներում գտնվող անձանց առողջությունը ծանր համաճարակային պայմաններում: Մինչև այսօր համարվում էր, որ փակ հաստատություններն ավելի պաշտպանված են, բայց այժմ նաև այնտեղ է իրավիճակը փոխվում։

«Կանխարգելման երկու սցենար է քննարկվում՝ առողջապահության նախարարի հրամանով այցերի, հանդիպումների, հանձնուքների որոշակի փոփոխություն, նաև կառավարության որոշման նախագիծ են մշակում։ Այդ ամեն ինչը ժամանակ է պահանջում, այսօրվա մահը մեզ ստիպեց արագացնել, չնայած մեկ շաբաթ է արդեն՝ քննարկումների մեջ ենք, որովհետև ամեն օր վարակն ահագնանում է»։

Ներկայում ՔԿՀ-ներից քովիդով 49 անձ Դատապարտյալների հիվանդանոցում է՝ բժիշկների հսկողության ներքո։ Արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկներում COVID-ի հայտնաբերման համար նմուշառում է իրականացվել։

Ցուցադրել ավելի
Back to top button