ԿարևորՄշակույթ

Իրանական մշակույթի օրեր՝ Մատենադարանի նախաձեռնությամբ․ հայ մասնագետները կվերականգնեն Ղաջարական նախշազարդերը

Երևանի Մատենադարանում 450 իրանական ձեռագիր է պահվում։ Դրանց մեծ մասի կազմերը վերականգնման կարիք ունեն։ Մասնավորապես, Ղաջարական դարաշրջանի՝  1796-1925 թվականների ձեռագրական կազմերը վերականգնելու համար հատուկ տեխնիկա է պահանջվում․ հայ մասնագետները ձեռագրակազմերի վերականգնման այդ տեխնիկային չեն տիրապետում։ Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ՝ Մատենադարանի նախաձեռնությամբ անցկացվում են իրանական մշակույթի օրեր։ Հայաստան է այցելել Ղաջարական շրջանի ձեռագրերի մասնագետ, իրանցի Համեդ Մալեքյանը։ Մեկ շաբաթ Մալեքյանը տեսական և գործնական դասեր կանցկացնի հայ մասնագետների հետ, կվերականգնվեն Ղաջարական դարաշրջանի մի շարք ձեռագրակազմեր, մնացածն էլ հետագայում կվերականգնեն արդեն վերապատրաստված հայ մասնագետները։ Առաջին դասին Համեդ Մալեքյանը ներկայացնում է Ղաջարական շրջանի նախշերի առանձնահատկությունները․

«Ղաջարական արվեստում, օրինակ, կան զարդանախշեր, որոնք ոսկու կտորներից են պատրաստվում, հատուկ գործիքներով ոսկուց ստանում էին նախշեր։ Հետագայում պարզվեց, որ շատ ծախսատար է նման զարդանախշ ստանալը, ոսկին փոխարինվեց ավելի էժան մետաղներով, բայց զարդանախշը չկորցրեց իր փայլն ու ձևը»։

«Ռադիոլուր»-ը զրուցել է Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արամ Տեր-Ղևոնդյանի հետ։ Ասում է՝ առաջ իրանական ձեռագրերը ներկայացված էին ընդհանուր ցուցասրահում՝ օտարալեզու այլ ձեռագրերի հետ։ Մինչև նոյեմբերի վերջ՝ պատրաստ կլինի առանձին ցուցասրահ՝ հատուկ իրանական մշակույթը ներկայացնելու համար․

«Ցուցադրությունն իր մեջ ներառելու է արժեքավոր ձեռագրեր՝ պոեզիայի նմուշներ, հրամանագրեր և այլն։ Ցուցադրությունը հարուստ է նաև լուսանկարներով, որոնք մենք մի քանի տարի առաջ նվիրատվություն ստացանք իրանահայ մի ընտանիքից։ Այդ լուսանկարներն են 19-րդ դարի վերջում Իրանում ստեղծված գեղարվեստական լուսանկարչության հիմքում։ Կենցաղային արվեստի նմուշներ էլ ենք ցուցադրելու, ընդհուպ մինչև տարազներ»։

Մատենադարանում, ստեղծման օրվանից, ուսումանսիրվել են իրանական  ձեռագրերը։ Արամ Տեր-Ղևոնդյանը կարևորում է հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունները, որոնք ամրապնվում են մշակութային կամրջով․

«Մեր հարևան ժողովուրդների մասին պետք է շատ լավ տեղեկացված լինենք, մանավանդ Իրանի մասին, որը մեր 3 հազար տարվա հարևանն է։ Իրանի հետ մեր հարաբերությունները երկարաժամկետ կենսական շահերի են վերաբերում, և այնպես պիտի լինի, որ ոչ մի երկիր չկարողանա սեպ խրել հայ-իրանական հարաբերությունների մեջ, առավել ևս հիմա՝ մեր հարավային հարևանի հետ սերտ բարեկամական հարաբերությունները պետք է աչքի լույսի պես պահել»։

Հայ-իրանական օրերի կապակցությամբ Մատենադարանում բացվելու է Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցադրություն, կանցկացվեն գիտնականներ Քրիստինե Կոստիկյանի «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները», և Իվեթ Թաջարյանի «Ղաջարական արվեստի նմուշները Մատենադարանում»  գրքերի շնորհանդեսը։ Արամ Տեր–Ղևոնդյանի խոսքով՝ այդ գրքերը շատ արժեքավոր են։ Դրանք հրատարակվել են Գուրգեն Մելքյանի՝ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներ» և «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամների հովանավորությամբ։ Տնօրենն ասում է՝ իրանական մշակույթի օրեր Մատենադարանում առաջին անգամ են անցկացվում, բայց դրանք կլինեն շարունակական։

Ցուցադրել ավելի
Back to top button